Խոստանում
է է Արամ Կարապետյանը «Ղարաբաղի խնդրի հետ կապված հարցերն են դառնում բավականաչափ
տհաճ ու լուրջ, կամաց-կամաց խորհրդարանական բոյկոտախտը հասել է բոլորին, կառավարությունը
սկսել է գործել յուրաքանչյուրն իր պատկերացմամբ, իսկ Երեւանը սկսում է վերածվել 20
թվականի Չիկագոյի»,- սրանք այն փաստարկներն են, որ բերում է «Նոր ժամանակներ» կուսակցության
նախագահ Արամ Կարապետյանը՝ հիմնավորելով Հայաստանում ներքեւից հեղափոխության անհրաժեշտությունը:
Իսկ բուն հեղափոխական գործընթացը կսկսվի ապրիլին: Համենայնդեպս, երեկ հրավիրած մամուլի
ասուլիսում այդպես ավետեց «ՆԺ» ղեկավարը: Այդ գործընթացներին, հասարակությունից
բացի, մասնակցություն են ունենալու նաեւ ներկա քաղաքական ուժերը: Որոշների հետ բանակցություններ
կան, բայց անուններն առայժմ չի բարձրաձայնվում: «Միանգամից զգուշացնեմ, որ ամեն ինչ
լինելու է խաղաղ, հանգիստ, երեկ ես նույնիսկ շատ կարճատեւ հանդիպում եմ ունեցել ոստիկանության
որոշակի ղեկավարների հետ՝ ՌԴ դեսպանատանն ընդունելության ժամանակ, իրենք տեղյակ էին
հեղափոխության մասին եւ ներկայացնելուց ես իրենց կատակով ասել եմ, որ էլ ավելի շատ
փշալար առնել պետք չի, բյուջետային փողը ծախսել պետք չի, որովհետեւ ամեն ինչ գնալու
է շատ հանգիստ, առանց որեւէ բախումների: Լինելու է ոչ թե միայն այսօրվա իշխանության
վերացումը, այլեւ համակարգի փոփոխությունը»,- ասում է Արամ Կարապետյանը: Հայաստանյան
հեղափոխությունը, ըստ նախաձեռնողի, արտաքին քաղաքական կողմնորոշում չի ունենալու,
հետեւաբար եւ՝ գույներ: Ի՞նչ կանի Արամ Կարապետյանը, եթե հեղափոխությունը
տապալվի. «Եթե հեղափոխությունը տապալվի, կարծում եմ մենք կհայտնվենք բանտում»: Սակայն
նա չի կասկածում իր հաջողությանը. «Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»: «Ըստ
ձեզ ի՞նչ պետք է այժմ անի իշխանական վերնախավը» «Առավոտի» հարցին նա պատասխանեց.
«Ինչ կանեն՝ իրենց գործն է: Ես չգիտեմ վերնախավն ինչ է մտածում, ոչ շփվում եմ, ոչ
շփվելու եմ, ոչ էլ հասկանում եմ՝ փախնելու են, մնալու են»: Պարոն Կարապետյանը
նաեւ բաց տեքստով խոսելու խնդիր չունի. «Իմ գազի վառարանը իտալական է, գազն էլ ռուսական
է: Ես ոչնչից չեմ վախենում՝ ոչ թերթից, ոչ գազից, ոչ էլ մահակից»: «Իսկ ի՞նչ արժե
Հայաստանում հեղափոխություն անելը» հարցի առիթով «ՆԺ» ղեկավարը հիշեց հանրահայտ մի
հումոր. «Մեկին խնդրում են բացատրել, թե ինչպես կարող են գնալ այսինչ տեղը: Ճանապարհը
երկար-բարակ նկարագրելուց հետո, նա ասում է՝ դե ինձ էլ ինչ տաք՝ տաք»: ԵԽԽՎ
վերջին բանաձեւի առիթով էլ Ա. Կարապետյանն ասում է. «Միանգամայն հասկանալի էր, որ
ղարաբաղյան խնդիրը, ցավոք, մտնում է շատ վատ հանգրվան: Այն բոլոր կարծիքները, հաղթական
բաները…ես մի առիթով ասել եմ, նորից կրկնեմ՝ եթե պարզվի, որ Ղարաբաղը պիտի մնա
Ադրբեջանի անքակտելի մաս, մեր արտգործնախարարը կասի՝ մենք հաղթել ենք: Սա մեր դիվանագիտական
պարտությունների շարքը համալրեց: Եվ սա այն պատճառով, որ Հայաստանը գնալով դառնում
է թույլ, գեոքաղաքական կենտրոնների համար անհետաքրքիր, որովհետեւ որեւէ փոփոխություն
չի կատարվում եւ երկրում միշտ խոսվում է, որ մենք շատ մեծ տնտեսական աճ ունենք, որեւէ
պրոբլեմ չունենք: Ցավոք, սկսում է զարգանալ հարավսլավական սցենարին մոտ սցենար,
երբ իրենց կարծիքով գրավված տարածքներում կատարվում են տարբեր կարգի անցանկալի երեւույթներ…
Այդպես սկսվեց հարավսլավական պրոցեսը՝ շատ հանգիստ բանաձեւեր էին, շատ, այսպես կոչված,
ոչ լուրջ պատվիրակություններ էին: Եթե Հայաստանում փոփոխությունների չգնանք՝ դիվանագիտական
դաշտում ցավագին պարտություններ ենք կրելու»: Իսկ Վրաստանի վարչապետ Զուրաբ
Ժվանիայի մահվան կապակցությամբ պարոն Կարապետյանը հակված է կարծել, որ «Զ. Ժվանիան
կյանքից հեռացել է ոչ իր կամքով: Ես դեռ մեկ տարի առաջ հայտարարել եմ, որ հորթի հրճվանքով
պետք չէ մոտենալ այն ամենին, ինչ եղավ Վրաստանում: Դա կամաց-կամաց սկսում է առերեւույթ
երեւալ»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ