Հյուսիսային Կորեան առաջին անգամ հրապարակավ խոստովանեց, որ ստեղծել է միջուկային զենք եւ դա արել է ԱՄՆ-ից պաշտպանվելու նպատակով:
«Հաշվի առնելով ԿԺԴՀ-ն ոչնչացնելուն միտված Բուշի վարչակազմի քաղաքականության ուժգնացումը՝ մենք վճռականորեն դուրս եկանք միջուկային զենքի չտարածման պայմանագրից եւ ինքնապաշտպանության նպատակով միջուկային զենք ստեղծեցինք»,- նշվում է ԿԺԴՀ-ի ԱԳՆ հատուկ ներկայացուցչի՝ երեկ տարածած հաղորդագրության մեջ:
Այսպիսով, Փխենյանը զգալի չափով խառնեց Վաշինգթոնի մարտավարական խաղաթղթերը, որոնք ընդհանուր գծերով կանխորոշելու էին ԱՄՆ-ի, այսպես ասած՝ «կարճաժամկետ ասիական» ծրագրերը: Իսկ դրանցում, ինչպես հայտնի է, մեծ տեղ էր հատկացված Իրանի «հնազանդեցմանն» ուղղված քաղաքականությանը: Փխենյանի այս թեեւ ոչ այնքան անսպասելի, բայց խիստ վտանգավոր դեմարշը Բուշի վարչակազմին թերեւս կստիպի վերանայել արտաքին քաղաքական որոշ առաջնահերթություններ:
Մինչ այժմ հյուսիսկորեական խնդրով ընթանում էին վեցակողմ բանակցություններ, որոնց, Փխենյանից բացի, մասնակցում էին նաեւ ԱՄՆ-ն, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Չինաստանը եւ Ճապոնիան: Բանակցությունների ընթացքը բավականաչափ ծանր էր ու մերթ ընդ մերթ ընդմիջվում էր ամերիկյան կամ հյուսիսկորեական կողմերից որեւէ մեկի վերջնագրային բնույթի հայտարարություններով, ինչից հետո միջնորդ երկրներից հսկայական ջանքեր էին պահանջվում՝ շփումները վերականգնելու համար: Այս անգամ, ինչպես երեւում է, վեցակողմ բանակցությունները վերջնականապես տապալվեցին, թեեւ իրեն այլեւս միջուկային տերություն հռչակած Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը չի բացառել երբեւէ դրանց վերադառնալու հնարավորությունը: «Մենք կողմ ենք բանակցելուն, սակայն հարկադրված ենք չմասնակցել դրանց այնքան ժամանակ, քանի դեռ չենք համոզվել, որ բանակցությունների համար անհրաժեշտ մթնոլորտ է ստեղծված»,- նշել է ԿԺԴՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչը: «Անհրաժեշտ մթնոլորտ» արտահայտության տակ հյուսիսկորեացի դիվանագետը նկատի ունի այն իրադրությունը, երբ «ԱՄՆ-ն մեզ, այսինքն՝ իր բանակցային գործընկերոջն անընդհատ չի սպառնա միջուկային մահակով, ինչն էլ մեզ ստիպել է միջոցներ ձեռք առնել մեր երկիրն ու մեր ժողովրդի ընտրած սոցիալիստական գաղափարախոսությունը պաշտպանելու համար»:
ԱՄՆ արձագանքը, ի դեպ, շատ չի ուշացել: «Դա միայն կխորացնի Հյուսիսային Կորեայի միջազգային մեկուսացումը, քանի որ բանակցող բոլոր կողմերն էլ նրան պարզորոշ հասկացրել են. Կորեական թերակղզում միջուկային զենք չպետք է լինի»,- RTL հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ներկայումս այցով Լյուքսեմբուրգում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ռայսը: Տագնապալից արձագանքներ են եղել նաեւ «վեցյակի» մյուս անդամ երկրների կողմից: Այսպիսով, աշխարհն ավելի վտանգավոր է դառնում, եւ այդ վտանգը հատկապես խորանում է Փխենյանի անկանխատեսելիության հանգամանքով:
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ