Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ

Փետրվար 11,2005 00:00

Եթե
ԼՂՀ իշխանություններն իրենք են «մանդատ տվել» Ռոբերտ Քոչարյանին Ղարաբաղի շուրջ բանակցություններ
վարելու, ապա ինչո՞ւ են բողոքում, որ դուրս են մնացել այդ պրոցեսից: Անցյալ
շաբաթ «Առավոտը» հրապարակել էր Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի Հայաստանի պարտավորությունների
դիտարկման հանձնախմբի զեկույցը, որը պատրաստվել էր դեսպան Ռոլանդ Վեգեների գլխավորությամբ:
Զեկույցը տեղեկացնում է, որ Ադրբեջանի նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի
օրակարգում գրավյալ տարածքների հարցը ներառելու վերաբերյալ, ըստ Ռ. Քոչարյանի, մշակված
էր բանակցային գործընթացը փակուղի մտցնելու համար: Ապա զեկույցում մեջբերված է Ռ.
Քոչարյանի հայտարարությունը այն մասին, թե՝ «Ադրբեջանի հիշյալ նախաձեռնությունը վտանգեց
այն մանդատը, որն ինքը ստացել էր ԼՂ իշխանություններից՝ բանակցություններ վարելու
համար»: Մենք երեկ փորձեցինք նման մանդատ ունենալու մասին տեղեկությունը նախ
ճշտել ԼՂՀ պաշտոնական աղբյուրներից: Մեր փորձերը՝ կապվել ԼՂՀ ԱԳՆ նախարարի հետ, որն,
ի դեպ, երեկ Երեւանում էր, ապարդյուն էին: ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունից մեզ
ասացին, որ նա խիստ զբաղված է: Փոխարենը այդ հարցով դիմեցինք ԼՂՀ նախագահի խորհրդական
Գեորգի Պետրոսյանին: «Ես ծանոթ չեմ այդ զեկույցին եւ այդ հարցերին չեմ ուզում անդրադառնալ,
որովհետեւ մեկնաբանություններ անելն իմ իրավասությունների մեջ չի մտնում: Այդ հարցի
պաշտոնական պատասխանը կարող եք ստանալ պաշտոնական ճանապարհներով»,- պատասխանեց պարոն
Պետրոսյանը՝ հավելելով, թե ԼՂՀ մի այլ խորհրդական էլ կա Հայաստանում (Մանվել Սարգսյանին
նկատի ուներ- Ն. Մ.) եւ նման հարցերով պետք է նրան դիմել: Պարոն Սարգսյանն էլ իր
հերթին ասաց, թե նման հարցերի պատասխանելու համար նա պետք է նախ խոսի ԼՂՀ նախագահի
հետ: Իսկ մինչ այդ խնդրո առարկայի շուրջ իր տեսակետը հայտնեց Արամ Գ. Սարգսյանը,
որը 1998-99 թվականներին (երբ այդ «մանդատը», ենթադրաբար, տրվել է) ՀՀ նախագահ Ռոբերտ
Քոչարյանի խորհրդականն էր արտաքին քաղաքականության հարցերով. – Մանդատ ասելն
այս դեպքում շատ բարձր է հնչում, իհարկե: Բայց այն ժամանակ Ռ. Քոչարյանի սկսած քաղաքական
գիծը ԼՂ հարցում բավարարում էր ԼՂՀ իշխանություններին, եւ բանակցություններին մասնակցության
իմաստով որեւէ խնդիր չէր առաջանում: Փաստն այն է, որ ԼՂ մասնակցության հարցը բանակցություններին
հայկական կողմերը չեն բարձրացրել: – Այդ դեպքում ինչո՞ւ են հիմա ԼՂ իշխանությունները
դժգոհում, թե իրենք անմասն են բանակցություններից, եթե ժամանակին նման իրավունք իրենք
են տվել Ռ. Քոչարյանին: – Կարծում եմ՝ իրադարձությունների զարգացումները հանգեցրին
նրան, որ ԼՂ-ում արդեն հասկանում են, որ առանց իրենց մասնակցության հիմնախնդիրը չի
լուծվի: 1998-ին էլ էին, իհարկե, նման հայտարարություններ լինում, բայց որովհետեւ
այն ժամանակ դեռ բուն բանակցությունները չէին սկսվել, ուստի համարում էին, որ ԼՂՀ
մասնակցության մասին խոսելը ժամանակավրեպ է: Բայց երբ սկսվեցին Քոչարյան-Ալիեւ հանդիպումները,
պարզվեց, որ դրանք ընդամենը հանդիպումներ էին եւ այդպես էլ բանակցություններ չդարձան,
ու այդ փուլին մասնակցելու հնարավորությունը ԼՂ-ն կորցրեց: Ժամանակին ԼՂ իշխանությունների
ներկայացուցիչները պետք է մասնակցեին բոլոր գործընթացներին եւ բոլոր ատյաններում,
բայց չարեցին: Հիմա հասկանում են, որ այսպես տանուլ են տալիս եւ ուզում են իրենց
ճակատագիրն իրենք տնօրինել: – ԵԽԽՎ-ում Աթկինսոնի ներկայացրած զեկույցն ընդունվեց
բանաձեւի տեսքով. Հայաստանում օրենսդիր եւ գործադիր իշխանությունները իրար էին մեղադրում՝
անհաջողության պատասխանատվությունը բարդելով մեկը մյուսի վրա, մինչդեռ ԼՂ իշխանությունների,
դիվանագիտական կորպուսի մասին ընդհանրապես խոսք չկար: ԼՂ-ի մասնակցությունն այդ գործընթացներին
չկար: Չե՞ք կարծում, որ ԼՂ իշխանություններն իրենք են մեղավոր բանակցություններից
դուրս մնալու, նաեւ՝ նման անբարենպաստ բանաձեւերի ընդունման համար: – Այդ
հարցում միանշանակ մեղքը ՀՀ արտգործնախարարությանն էր, իհարկե, ինչ-որ չափով նաեւ
ԵԽԽՎ-ում ներկայացված մեր պատվիրակությանը: Բայց հիմնականում դա գործադիրի չկատարած
աշխատանքի հետեւանքն էր: Այն ներկայացուցիչների, ովքեր ներկայացված են հենց ԵԽ-ում:
Ինչ վերաբերում է ԼՂ իշխանություններին, ապա նրանք դրա հնարավորությունն անգամ չունեին:
– Բայց նրանք չեն էլ փորձել ունենալ: – Նրանք, իհարկե, որոշակի ինքնուրույնություն
պետք է ցուցաբերեին եւ համապատասխանաբար նաեւ քարոզչություն ծավալեին: Այդ իմաստով
լրիվ համամիտ եմ: Բայց դրա պատճառն այն է, որ շատ է ամուր ԼՂ իշխանությունների ենթակայութունը
Հայաստանի իշխանություններից, ուստի նրանք առայսօր զերծ են մնում ինքնուրույն քայլից:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել