Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԾԱՂԿԱՁՈՐԸ

Փետրվար 10,2005 00:00

ԾԱՂԿԱՁՈՐԸ ՄԵԾ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՈՒՆԻ Ռուսաստանի դահուկավազորդների հետ զուգահեռ, երեք շաբաթ Ծաղկաձորում մարզվում էին նաեւ այդ երկրի հինգ հանրահայտ բիաթլոնիստներ, որոնց մեջ էր նաեւ աշխարհի եռակի չեմպիոն Պավել Ռոստովցեւը: Նրանք նույնպես նախապատրաստվում էին տարվա գլխավոր մեկնարկներին: Սակայն Ռոստովցեւի հետ զրույցից պարզվեց, որ իրենք նաեւ ուրիշ առաքելություն ունեին Հայաստանում: – Պավել, բիաթլոնը յուրօրինակ մարզաձեւ է, որը մարզումային հատուկ պայմաններ է պահանջում: Այդ առումով փոքր-ինչ տարօրինակ է թվում այս պատասխանատու ժամանակահատվածում ձեր եւ ձեր թիմակիցների Ծաղկաձորում գտնվելը, թեեւ փաստը ինձ, որպես հայաստանցու, ուրախացնում է: – Հաշվի առնելով, որ մեր գերխնդիրը ձմեռային օլիմպիական խաղերն են, որի մեկնարկը տրվելու է մեկ տարի հետո, ու քանի դեռ ժամանակ կա, ամենակարեւորը նախապատրաստությունը ճիշտ պլանավորելն է, մարզումների վայրը, ժամկետները ճիշտ ընտրելը: Դրա համար էլ մեր մարզիչները նպատակահարմար գտան հունվար ամսին աշխարհի գավաթի փուլին չմասնակցելը եւ մեզ գործուղեցին այստեղ: Նրանք ցանկանում են հավաքի ավարտին տեսնել մեր ընդհանուր պատրաստվածության վիճակը, մարզումների արդյունավետության աստիճանը ստուգել առաջիկա ստուգատեսներում: – Որո՞նք են այդ ստուգատեսները: – Առաջինը փետրվարի 9-13-ը Թուրինում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլն է, որում փորձարկվելու են նաեւ ապագա օլիմպիական մրցուղիները: Դրան անմիջապես կհաջորդի Եվրոպայի առաջնությունը` Նովոսիբիրսկում, իսկ մրցաշրջանը կեզրափակվի մարտի 4-ին՝ Ավստրիայում մեկնարկող աշխարհի առաջնությունով: – Այստեղի բնակլիմայական պայմանները, աշխարհագրական դիրքը, անշուշտ, բավարարում են ձեր մարզաձեւի պահանջները: Բայց Ծաղկաձորում հրաձգարան չկա: – Այդ բացը լրացրինք մարզաբազայի ղեկավարության օգնությամբ: Հյուրանոցից ոչ շատ հեռու, որտեղ մեր դահուկուղիներն են, հինգ թիրախանոց հրաձգարան պատրաստեցինք` իհարկե, ապահովելով անվտանգության բոլոր պահանջները: Դրա համար շնորհակալ ենք օլիմպիական բազայի տնօրինությունից: – Այսինքն, ուզում եք ասել, որ նախապատրաստությունը լիովին ծառայե՞լ է նպատակին: – Կարծում եմ` այո: Սակայն պիտի ասեմ, որ այս հավաքը մի տեսակ փորձնական էր: Հիմա Ռուսաստանի մարզական ղեկավարությունը շատ է խոսում Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն ստեղծելու հեռանկարի մասին: Ու մենք այստեղ ենք նաեւ դրա համար: Ղեկավարությանը հետաքրքրում է նաեւ մարզիկների անձնական կարծիքը: – Դուք անձամբ ի՞նչ եք զեկուցելու: – Իմ կարծիքը դրական է: Այստեղ կան լիարժեք մարզվելու բոլոր բնական պայմանները: Ես հազվադեպ եմ այսքան բարձր աշխարհագրական դիրքում, թթվածնի այսպիսի սակավության պայմաններում մարզվելու հնարավորություն ունենում: Մի բան, որ անչափ կարեւոր է: Առաջին անգամ եմ տեսնում, որ մոտ երկու հազար մետր բարձրության վրա այսքան հարուստ բնություն լինի, անտառ աճի: Ինչ վերաբերում է մարզումների շենքային եւ օժանդակ մյուս պայմաններին` մարզադահլիճներ, վարժասարքեր եւ այլն, ճիշտ է, դրանք կան դեռեւս խորհրդային տարիներից ու մենք ինչ-որ չափով օգտվում էինք, սակայն դրանք իրենց դարն արդեն ապրել են: Իսկ եթե մտադրություն ունեք Ծաղկաձորն իրոք մարզական խոշոր կենտրոնի վերածել, շատ բան անհրաժեշտ է փոխել, համապատասխանեցնել ժամանակակից միջազգային չափանիշներին: Նկատի ունեմ նաեւ մշտական ջեռուցումը, բարձրակարգ հյուրանոցների խիտ ցանցը, ակտիվ հանգստի ապահովումը: Հասկանում եմ, իհարկե, որ դա միանգամից չի լինի եւ հսկայական ներդրումներ է պահանջվելու: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. «Առավոտի» տեղեկություններով, մոտ երկու շաբաթից Հայաստան է ժամանելու ՌԴ սպորտի դեպարտամենտի ղեկավար Վյաչեսլավ Ֆետիսովը: Նա Հայաստանի սպորտի պետական կառույցի ղեկավարության հետ քննարկելու է Ծաղկաձորի օլիմպիական բազայի համատեղ շահագործման հեռանկարները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել