Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չարենցավանում

Փետրվար 10,2005 00:00

Չարենցավանում չգիտեն գրադարանի տեղը Այն խարխլված մի շինություն է Դեռ 2002-ին Չարենցավանի քաղաքային գրադարանը կիսավեր շինություն էր. մի քանի ջարդված սեղան-աթոռ, հատակին թափված, փոշու մեջ կորած գրքերի կույտ: Այսօր որոշ խնդիրներ մասնակիորեն լուծվել են, բայց, միեւնույն է, գրադարանը անմխիթար վիճակում է: Չարենցավանցիներից շատերն իրենց գրադարանի գոյության մասին նույնիսկ չգիտեն: Երբ գրադարանի անուն ես տալիս՝ զարմանում են. «Յա՜, խի Չարենցավանում գրադարան էլ կա՞»: «Երբ առաջին անգամ մտա գրադարան, ապշել էի: Նախ այնտեղ տանող ճանապարհը քարքարոտ էր, ցեխոտ, ծառերի ճյուղերից բռնած էի քայլում, որ չսայթաքեմ: Զարմանքս ավելի կրկնապատկվեց, երբ տեղ հասա. կիսաքանդ շինության ներսում, բետոնե հատակին դրված սեղանի մոտ նստած էին աշխատակիցները: Գրքերը հատակին էին՝ գույք ու մանրահատակ ընդհանրապես չկար: Ապակիների փոխարեն մետաղյա թիթեղներ էին, հոսանքի, ջրի ու հեռախոսի մասին խոսելն ավելորդ է»,- պատմեց գրադարանի ներկայիս տնօրեն Դոնարա Աղաջանյանը: Ճիշտ է, քաղաքային գրադարանի տնօրենի դիմում-նամակներից հետո քաղաքապետ Ռուդոլֆ Մնացականյանը շուրջ 300000 դրամ է հատկացրել շինարարական աշխատանքների համար, գրադարանում նկարներ, գույք, նույնիսկ ծաղիկներ են հայտնվել, բայց այն դեռ բազմաթիվ խնդիրներ ունի: Առայսօր ապահովված չէ ջրամատակարարմամբ, օդափոխիչներով, հակահրդեհային սարքերով, առաստաղն ուր որ է՝ փուլ կգա: Ճիշտ է, գրադարանի տնօրենը հայտնեց, որ շենքում բնական գազ կա ու դեռ աշնանից քաղաքապետը խոստացել էր երկու վառարան հատկացնել, բայց դեռ խոստումը չի կատարել: Գրադարանում նույնիսկ ամենատարրական խնդիրները լուծված չեն: Օրինակ, քարտարաններ պատրաստելու համար աշխատակիցները տետրի թուղթ են օգտագործում: Անցյալ տարի Չարենցավանի քաղաքապետարանի մշակույթի բաժնին հատկացվել է 80 մլն դրամ, որի չնչին մասն է տրվել գրադարանին: Խիստ ցածր աշխատավարձը արդեն հինգ ամիս չի վճարվում: Գումարի սղության պատճառով մշակութային միջոցառումները աշխատակիցները երբեմն իրենց հաշվին են կազմակերպում: Հույսները Բաց հասարակության ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված համայնքային գրադարանների մրցույթն է, որտեղ հաղթել է Չարենցավանի քաղաքային գրադարանը ու շահել $7000: Դ. Աղաջանյանի տեղեկություններով, գումարը վաղուց փոխանցվել է քաղաքապետարան, որի ենթակայությամբ էլ գործում է գրադարանը: Ներկայումս գրադարանում անհամբեր սպասում են իրենց հասանելիք գումարին, որպեսզի համակարգիչներ գնեն: Ի դեպ, Չարենցավանի քաղաքային գրադարանը ստեղծվել է տարածաշրջանի 3 գրադարանների հիմքի վրա: Սկզբում դրանք Հրազդանի քաղաքապետարանի կազմում էին, այնուհետեւ միավորվելով անցան Չարենցավանի քաղաքապետարանի ենթակայության ներքո: Քաշքշուկների եւ շենքից շենք տեղափոխվելու արդյունքում շատ գրքեր անհետացել են, մի մասն էլ՝ վարակվել «գրքային բորբոս» հիվանդությամբ: Չարենցավանի քաղաքային գրադարանը առաջվա նման տասը անուն պարբերական չի ստանում, այլ ընդամենը 3-ը՝ «Երկիր», «Հայոց աշխարհ» եւ «Հայաստանի Հանրապետություն»: Քաղաքապետարանում պատճառ են բերում միջոցների սղությունը: Իսկ թե ինչո՞ւ միայն իշխանամետ լրատվամիջոցներ: Այս հարցին քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Սեւադա Անտոնյանը այսպես արձագանքեց. «Դա քաղաքական հարց է, չեմ ուզում անդրադառնալ»: ՎԱՐԴՈՒՀԻ ՄԵԼՏՈՆՅԱՆԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել