Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿՐԻՆ

Փետրվար 10,2005 00:00

ԵՐԿՐԻՆ ՀՐԱՇԱԳՈՐԾ ՍՐԻՆԳ Է ՊԵՏՔ Պատանի հանդիսատեսի թատրոնը բեմադրության է պատրաստում «Հրաշագործ սրինգը» հեքիաթը, որի հեղինակն ու բեմադրող ռեժիսորն է թատրոնի դերասան, հանրապետության ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը: Կյանքի 35 տարիները ՊՀԹ-ում անցկացրած ճանաչված դերասանը այսօր էլ մանկան միամտությամբ հավատում է, որ չարը վաղ թե ուշ պատժվելու է. «Ես վերեւից իջած չեմ, բայց հեքիաթը ինքնին կյանքի արտացոլումն է»: Զրույցի սկզբում տեղեկացանք, որ դերասանի համար պիեսներ գրելու շարժառիթ է հանդիսացել 90-ականների սկզբներին հանրապետությունում տիրող «մեռած» մշակութային կյանքը: Դեռ 2003-ին Երեւանի եւ Կապանի թատրոններում իր բեմադրությամբ բեմ է բարձրացել իր իսկ «Ճառ ասե՞նք, թե՞…» պիեսը: Հրատարակվել է նրա հինգ հեքիաթ-պիեսների ժողովածուն՝ ըստ հայկական առակների, պատրաստվում է նաեւ երկրորդը: Ա. Սանթրոսյանը համարելով, որ «նախկին տարիների համեմատ ինչ-որ շարժ կա այսօր», կենտրոնացավ «Հրաշագործ սրինգի» վրա: Փոքր-ինչ բացելով փակագծերը, նա հաստատեց դարերից եկած այն միտքը, որ ինչքան էլ չար ուժն իր գործն անի, միեւնույն է, բարին հաղթում է: «Հեքիաթում պապիկից ժառանգած հրաշքներ գործող սրինգը հետապնդվում է չար ուժի կողմից եւ, ինչպես կյանքում հաճախ է պատահում, հասնում է իր նպատակին՝ Չարը գողանում է սրինգը: Բայց հայտնվում է բարի փերին, նույնն է թե՝ Աստված, ում օգնությանը դիմում ենք դժվար պահերին, ու ասում երեխաներին, որ ցանկության դեպքում կհաղթեք չարին ու կվերադարձնեք սրինգը: Ինչը եւ կատարվում է հեքիաթի վերջում»,- պատմեց արվեստագետը: Մեր՝ «Ձեր հրաշագործ սրինգը կօգնի՞ երեխաներին, մեծահասակներին, նաեւ մշակույթի հարցեր լուծող պետական այրերին, հասկացնելով, որ պետք է բարի՛ գործեր անել» հարցին պարոն Սանթրոսյանը պատասխանեց. «Այսօր գերակշռող պարտադրաբար հրամցվող ցածրարժեք արվեստը, վստահ եմ, ժամանակավոր բնույթ է կրում: Ի վերջո, պետք է վերջ տրվի օտարամոլությանը: Կոնկրետ՝ թատրոնները պետք է չմտածեն, թե ինչպես գոյություն պահպանեն: Այնքան հարկեր են դրված այսօր թատրոնների վրա, որ մարդ պապանձվում է, նույնիսկ չի կարողանում արտահայտվել: Ամոթ չէ՞ Եվրախորհրդի անդամ Հայաստան պետության համար, որի ժողովրդական դերասանը վարձատրվում է 20000 դրամով, այն դեպքում, երբ, օրինակ, Մակեդոնիայում սկսնակ դերասանի աշխատավարձը 300-350 եվրո է: Մինչեւ ե՞րբ նոր ներկայացում բեմադրելիս պետք է օգտվենք նախորդների դեկորներից ու զգեստներից: Ախր դրանք վերաձեւելիս՝ թատրոնի պատմությունն է քանդվում»: Դերասանը նշեց, որ տարիների ընթացքում այս կամ այն պատճառով խաղացանկում չընդգրկված ներկայացումներից որպես հուշ մնացել են միայն հայտագրերը. «Այնինչ, հետագա սերունդների համար հետաքրքիր կլիներ ծանոթանալ արդեն անցյալ դարում բեմ բարձրացած անվանի դերասանների զգեստներին, թատրոնում նրանց օգտագործած իրերին եւ այլն: Մի խոսքով՝ լիներ փոքրիկ թանգարան, ինչը, համոզված եմ, թատրոնի տարբեր տարիների ղեկավարների երազանքն է եղել»: Ըստ մեր զրուցակցի, Պատանի հանդիսատեսի թատրոնը, ինչպես ընդունված է ասել՝ հայ արվեստի զարգացմանը նպաստող քաղաքականություն է վարում: «Մեր թատրոնի խաղացանկում եղել են, կան ու կլինեն դաստիարակչական բնույթի ներկայացումներ ոչ միայն մանուկների, այլեւ յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի՝ մեծահասակների համար: Միեւնույն է, մենք հավատում ենք բարու ուժեղ լինելուն, իսկ չարը, կրկնում եմ, ուշ թե շուտ պատժվել է ու կպատժվի»,- հանդիպման ավարտին ասաց Ա. Սանթրոսյանը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել