Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայերի

Փետրվար 10,2005 00:00

Հայերի կենսակերպը Գլադունչիկի սրտովը չէ Այդ պատճառով էլ նա մեղադրում է ոչ թե իր ընկերությանը, այլ՝ բաժանորդներին Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկեց եւ հաստատեց «ՀայՌուսգազարդ» եւ «Հայէլցանցեր» ՓԲԸ-ների 2005-2007թթ. ներդրումային ծրագրերը: Մոտակա երկու տարիներին «ՀայՌուսգազարդը» կատարելու է մոտ 21.5 մլրդ դրամի ներդրումներ, որից 6.6 միլիարդը՝ նախատեսված է 2005-ի համար: Հանձնաժողովը հաստատեց նաեւ որոշման մի նախագիծ, ըստ որի «ՀայՌուսգազարդը» պարտավորվում է գազիֆիկացման աշխատանքների կատարումը թույլատրել միայն իր կողմից մրցութային կարգով ընտրված կամ լիցենզավորված կազմակերպություններին, որոնց վերահսկման պարտականությունը դարձյալ ընկերությանն է: Այսպիսով, քաղաքաշինության նախարարությունը զրկվեց լիցենզավորելու իրավունքից, իսկ գազ «քաշողներն» ունեցան վերահսկող կոնկրետ կազմակերպություն: Թեպետ ընդունված սկզբունք է, որ գործն անողին պետք է ուրիշը վերահսկի: «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը չժխտեց այն փաստը, որ անցյալ տարի որոշ թերացումներ են եղել: Մասնավորապես խոսքը վերաբերում է նախատեսված ժամկետներում գազիֆիկացման աշխատանքները չավարտելուն եւ անվտանգության ապահովմանն ու գազի ճնշման տատանումներին. «Այդ հարցերով ամենաշատը մենք ենք անհանգստացած եղել, դրա համար էլ վերահսկողություն էինք պահանջում»,- ասաց Կ. Կարապետյանը: Նա նաեւ չբացառեց, որ հնարավոր է սակագները բարձրանան. «Մենք այնքան մեծ բեռ ենք վերցրել մեզ վրա, որ եթե անգամ սակագները բարձրանան, բաժանորդները չեն կարող մեզ մեղադրել, թե վատ ենք աշխատում կամ պասիվ ենք գործում»: Իսկ «Հայէլցանցեր» ՓԲԸ-ից այսօր դժգոհ են ոչ միայն բաժանորդները, այլեւ ՀԾԿՀ անդամները, քանի որ 2004-ի ներդրումային ծրագրում նախատեսված աշխատանքների միայն 35 տոկոսն է կատարվել: Ընկերության ներկայացուցիչ Լուսինե Դավթյանի խոսքերով, առաջիկա 2 տարում նախատեսվում են 7.8 մլրդ ծավալով ներդրումներ, որից 4 միլիարդը՝ սեփական, մնացածը՝ փոխառու միջոցների հաշվին, եւ եթե վարկատու ընկերություններ կարողանան ներգրավել, նախատեսված ներդրումն իրատեսական կլինի: «Մեր քննարկման ժամանակ ընկերությունը բացառել է այդ եթե-ները: Միայն եթե-ներով ծրագրին համաձայնություն չենք տա»,- ասաց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: «Հայէլցանցերի» գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը սկսեց համոզել, որ բոլոր ներդրումները կկատարեն եւ ծառայության որակը կբարձրացնեն: Միաժամանակ իրենց ներդրումային ծրագրի մեջ մեղադրեց անբարեխիղճ սպառողներին, որ ժամանակին չեն վճարում, իրենց պարտականություները չեն կատարում եւ այլն: Պրն Նազարյանն ասաց, որ Գլադունչիկին չհավատալ չի կարող, բայց եթե այս տարի էլ անցյալ տարվա պես լինի, մենք կկիրառենք համապատասխան պատժամիջոցներ, մանավանդ որ այդ մասին պայմանագրում կետ ենք ավելացրել: Անդրադառնալով Արմավիրի գյուղերում էլեկտրաէներգիայի մասսայական անջատումներին, որի արդյունքում պարտաճանաչ վճարող բաժանորդը շատ հաճախ զրկվում է հոսանքից, պրն Գլադունչիկն ասաց. «Նման դեպքեր գրեթե չեն լինում: Դա եղել է, երբ 969 բաժանորդից վճարել են ընդամենը 3-ը, եւ մենք ստիպված ենք եղել անջատել, բայց մի՞թե դա սխալ է»: Ռ. Նազարյանն առարկեց. «Դուք իրավունք չունեք այդ վճարողի հոսանքն անջատել, եթե անգամ տեխնիկապես դա հնարավոր չէ՝ մի լուծում գտեք»: Ինչ վերաբերում է հոսանքի տատանումներից բնակիչների կրած վնասներին, պրն Գլադունչիկն ասաց. «Ես այնքան էլ չեն հավատում, որ միեւնույն բնակարանում տեսամագնիտոֆոնը, հեռուստացույցը, ֆենը եւ մյուս ապարատները մի տատանումից փչանում են, այդ ի՞նչ կենսակերպ է, որ բոլոր էլեկտրասարքերը միաժամանակ միացված են»: Ի դեպ, մանավանդ երեկոյան ժամերին նման «կենսակերպ» ունեն մեզանից շատերը, ինչը միանգամայն նորմալ է: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել