Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԾԱՂԿԱՁՈՐԸ ՄԵԾ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՈՒՆԻ

Փետրվար 10,2005 00:00

Ռուսաստանի
դահուկավազորդների հետ զուգահեռ, երեք շաբաթ Ծաղկաձորում մարզվում էին նաեւ այդ երկրի
հինգ հանրահայտ բիաթլոնիստներ, որոնց մեջ էր նաեւ աշխարհի եռակի չեմպիոն Պավել Ռոստովցեւը:
Նրանք նույնպես նախապատրաստվում էին տարվա գլխավոր մեկնարկներին: Սակայն Ռոստովցեւի
հետ զրույցից պարզվեց, որ իրենք նաեւ ուրիշ առաքելություն ունեին Հայաստանում: –
Պավել, բիաթլոնը յուրօրինակ մարզաձեւ է, որը մարզումային հատուկ պայմաններ է պահանջում:
Այդ առումով փոքր-ինչ տարօրինակ է թվում այս պատասխանատու ժամանակահատվածում ձեր
եւ ձեր թիմակիցների Ծաղկաձորում գտնվելը, թեեւ փաստը ինձ, որպես հայաստանցու, ուրախացնում
է: – Հաշվի առնելով, որ մեր գերխնդիրը ձմեռային օլիմպիական խաղերն են, որի
մեկնարկը տրվելու է մեկ տարի հետո, ու քանի դեռ ժամանակ կա, ամենակարեւորը նախապատրաստությունը
ճիշտ պլանավորելն է, մարզումների վայրը, ժամկետները ճիշտ ընտրելը: Դրա համար էլ մեր
մարզիչները նպատակահարմար գտան հունվար ամսին աշխարհի գավաթի փուլին չմասնակցելը
եւ մեզ գործուղեցին այստեղ: Նրանք ցանկանում են հավաքի ավարտին տեսնել մեր ընդհանուր
պատրաստվածության վիճակը, մարզումների արդյունավետության աստիճանը ստուգել առաջիկա
ստուգատեսներում: – Որո՞նք են այդ ստուգատեսները: – Առաջինը փետրվարի
9-13-ը Թուրինում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլն է, որում
փորձարկվելու են նաեւ ապագա օլիմպիական մրցուղիները: Դրան անմիջապես կհաջորդի Եվրոպայի
առաջնությունը` Նովոսիբիրսկում, իսկ մրցաշրջանը կեզրափակվի մարտի 4-ին՝ Ավստրիայում
մեկնարկող աշխարհի առաջնությունով: – Այստեղի բնակլիմայական պայմանները, աշխարհագրական
դիրքը, անշուշտ, բավարարում են ձեր մարզաձեւի պահանջները: Բայց Ծաղկաձորում հրաձգարան
չկա: – Այդ բացը լրացրինք մարզաբազայի ղեկավարության օգնությամբ: Հյուրանոցից
ոչ շատ հեռու, որտեղ մեր դահուկուղիներն են, հինգ թիրախանոց հրաձգարան պատրաստեցինք`
իհարկե, ապահովելով անվտանգության բոլոր պահանջները: Դրա համար շնորհակալ ենք օլիմպիական
բազայի տնօրինությունից: – Այսինքն, ուզում եք ասել, որ նախապատրաստությունը
լիովին ծառայե՞լ է նպատակին: – Կարծում եմ` այո: Սակայն պիտի ասեմ, որ այս
հավաքը մի տեսակ փորձնական էր: Հիմա Ռուսաստանի մարզական ղեկավարությունը շատ է խոսում
Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն ստեղծելու
հեռանկարի մասին: Ու մենք այստեղ ենք նաեւ դրա համար: Ղեկավարությանը հետաքրքրում
է նաեւ մարզիկների անձնական կարծիքը: – Դուք անձամբ ի՞նչ եք զեկուցելու: –
Իմ կարծիքը դրական է: Այստեղ կան լիարժեք մարզվելու բոլոր բնական պայմանները: Ես
հազվադեպ եմ այսքան բարձր աշխարհագրական դիրքում, թթվածնի այսպիսի սակավության պայմաններում
մարզվելու հնարավորություն ունենում: Մի բան, որ անչափ կարեւոր է: Առաջին անգամ եմ
տեսնում, որ մոտ երկու հազար մետր բարձրության վրա այսքան հարուստ բնություն լինի,
անտառ աճի: Ինչ վերաբերում է մարզումների շենքային եւ օժանդակ մյուս պայմաններին`
մարզադահլիճներ, վարժասարքեր եւ այլն, ճիշտ է, դրանք կան դեռեւս խորհրդային տարիներից
ու մենք ինչ-որ չափով օգտվում էինք, սակայն դրանք իրենց դարն արդեն ապրել են: Իսկ
եթե մտադրություն ունեք Ծաղկաձորն իրոք մարզական խոշոր կենտրոնի վերածել, շատ բան
անհրաժեշտ է փոխել, համապատասխանեցնել ժամանակակից միջազգային չափանիշներին: Նկատի
ունեմ նաեւ մշտական ջեռուցումը, բարձրակարգ հյուրանոցների խիտ ցանցը, ակտիվ հանգստի
ապահովումը: Հասկանում եմ, իհարկե, որ դա միանգամից չի լինի եւ հսկայական ներդրումներ
է պահանջվելու: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ.
«Առավոտի» տեղեկություններով, մոտ երկու շաբաթից Հայաստան է ժամանելու ՌԴ սպորտի
դեպարտամենտի ղեկավար Վյաչեսլավ Ֆետիսովը: Նա Հայաստանի սպորտի պետական կառույցի
ղեկավարության հետ քննարկելու է Ծաղկաձորի օլիմպիական բազայի համատեղ շահագործման
հեռանկարները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել