Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չարենցավանում չգիտեն գրադարանի տեղը

Փետրվար 10,2005 00:00

Այն խարխլված մի շինություն է Դեռ
2002-ին Չարենցավանի քաղաքային գրադարանը կիսավեր շինություն էր. մի քանի ջարդված
սեղան-աթոռ, հատակին թափված, փոշու մեջ կորած գրքերի կույտ: Այսօր որոշ խնդիրներ
մասնակիորեն լուծվել են, բայց, միեւնույն է, գրադարանը անմխիթար վիճակում է: Չարենցավանցիներից
շատերն իրենց գրադարանի գոյության մասին նույնիսկ չգիտեն: Երբ գրադարանի անուն ես
տալիս՝ զարմանում են. «Յա՜, խի Չարենցավանում գրադարան էլ կա՞»: «Երբ առաջին
անգամ մտա գրադարան, ապշել էի: Նախ այնտեղ տանող ճանապարհը քարքարոտ էր, ցեխոտ, ծառերի
ճյուղերից բռնած էի քայլում, որ չսայթաքեմ: Զարմանքս ավելի կրկնապատկվեց, երբ տեղ
հասա. կիսաքանդ շինության ներսում, բետոնե հատակին դրված սեղանի մոտ նստած էին աշխատակիցները:
Գրքերը հատակին էին՝ գույք ու մանրահատակ ընդհանրապես չկար: Ապակիների փոխարեն մետաղյա
թիթեղներ էին, հոսանքի, ջրի ու հեռախոսի մասին խոսելն ավելորդ է»,- պատմեց գրադարանի
ներկայիս տնօրեն Դոնարա Աղաջանյանը: Ճիշտ է, քաղաքային գրադարանի տնօրենի
դիմում-նամակներից հետո քաղաքապետ Ռուդոլֆ Մնացականյանը շուրջ 300000 դրամ է հատկացրել
շինարարական աշխատանքների համար, գրադարանում նկարներ, գույք, նույնիսկ ծաղիկներ
են հայտնվել, բայց այն դեռ բազմաթիվ խնդիրներ ունի: Առայսօր ապահովված չէ ջրամատակարարմամբ,
օդափոխիչներով, հակահրդեհային սարքերով, առաստաղն ուր որ է՝ փուլ կգա: Ճիշտ է, գրադարանի
տնօրենը հայտնեց, որ շենքում բնական գազ կա ու դեռ աշնանից քաղաքապետը խոստացել էր
երկու վառարան հատկացնել, բայց դեռ խոստումը չի կատարել: Գրադարանում նույնիսկ ամենատարրական
խնդիրները լուծված չեն: Օրինակ, քարտարաններ պատրաստելու համար աշխատակիցները տետրի
թուղթ են օգտագործում: Անցյալ տարի Չարենցավանի քաղաքապետարանի մշակույթի
բաժնին հատկացվել է 80 մլն դրամ, որի չնչին մասն է տրվել գրադարանին: Խիստ ցածր աշխատավարձը
արդեն հինգ ամիս չի վճարվում: Գումարի սղության պատճառով մշակութային միջոցառումները
աշխատակիցները երբեմն իրենց հաշվին են կազմակերպում: Հույսները Բաց հասարակության
ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված համայնքային գրադարանների մրցույթն է, որտեղ
հաղթել է Չարենցավանի քաղաքային գրադարանը ու շահել $7000: Դ. Աղաջանյանի տեղեկություններով,
գումարը վաղուց փոխանցվել է քաղաքապետարան, որի ենթակայությամբ էլ գործում է գրադարանը:
Ներկայումս գրադարանում անհամբեր սպասում են իրենց հասանելիք գումարին, որպեսզի համակարգիչներ
գնեն: Ի դեպ, Չարենցավանի քաղաքային գրադարանը ստեղծվել է տարածաշրջանի 3 գրադարանների
հիմքի վրա: Սկզբում դրանք Հրազդանի քաղաքապետարանի կազմում էին, այնուհետեւ միավորվելով
անցան Չարենցավանի քաղաքապետարանի ենթակայության ներքո: Քաշքշուկների եւ շենքից շենք
տեղափոխվելու արդյունքում շատ գրքեր անհետացել են, մի մասն էլ՝ վարակվել «գրքային
բորբոս» հիվանդությամբ: Չարենցավանի քաղաքային գրադարանը առաջվա նման տասը
անուն պարբերական չի ստանում, այլ ընդամենը 3-ը՝ «Երկիր», «Հայոց աշխարհ» եւ «Հայաստանի
Հանրապետություն»: Քաղաքապետարանում պատճառ են բերում միջոցների սղությունը: Իսկ
թե ինչո՞ւ միայն իշխանամետ լրատվամիջոցներ: Այս հարցին քաղաքապետարանի մշակույթի
բաժնի պետ Սեւադա Անտոնյանը այսպես արձագանքեց. «Դա քաղաքական հարց է, չեմ ուզում
անդրադառնալ»: ՎԱՐԴՈՒՀԻ ՄԵԼՏՈՆՅԱՆԵՊՀ ժուռնալիստիկայի
ֆակուլտետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել