Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՕԳՈՒՏ ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Փետրվար 10,2005 00:00

ՀՕԳՈՒՏ
ԹԵՐՈՒՍՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «Ընտրական օրենսգրքի»
փոփոխությունների նախագծում պահանջ կա, որ համայնքապետի պաշտոնի թեկնածուն պետք է
ունենա բարձրագույն կրթություն: Որքան էլ զարմանալի է՝ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի
եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետները քննադատել են այս նախաձեռնությունը՝ նշելով. «Քաղաքական
ճանապարհով ընտրվող պաշտոնյաների համար նման պահանջ սահմանելը խիստ արտասովոր է,
եւ հարկ է զգուշորեն վերանայել: Բարձրագույն կրթություն չստանալու պատճառները կարող
են տարբեր լինել, եւ մի քանի սերունդ շարունակ այդ տարբերակը ոչ ակնհայտ է եղել,
ոչ անհրաժեշտ: Այս դրույթի հետեւանքով հնարավոր է՝ առաջադրվելու իրավունքից զրկվեն
բազմաթիվ արժանավոր թեկնածուներ»: Ըստ փորձագիտական եզրակացության՝ բարձրագույն կրթություն
ունենալու պահանջը խնդրահարույց է նաեւ եվրոպական չափանիշների կապակցությամբ. «Ընդունված
սկզբունքն այն է, որ անարդար խտրականությունը ներառում է նաեւ անձի դեմ վերջինիս
սոցիալական կամ այլ կարգավիճակի հիմքով խտրականությունը»: Քննադատվել է նաեւ
օրենսգրքի նախագծի այն դրույթը, ըստ որի՝ համամասնական ընտրակարգով թեկնածուներ կարող
են առաջադրել միայն այն կուսակցությունները, որոնք գրանցվել են ընտրություններից
առնվազն 1 տարի առաջ: Պարզ է, որ կոալիցիան այս միջոցով փորձել է թույլ չտալ այն
նախադեպի կրկնությունը, որի ականատեսն ենք եղել բազմիցս՝ հանձինս անմիջապես ընտրություններից
առաջ ստեղծվող կուսակցությունների: Սակայն Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ-ն գտնում
են, թե այս դրույթը «կարող է լրջորեն սահմանափակել իսկապես ժողովրդավարական մրցակցությունն
ընտրություններում»: Նրանք այս պահանջը վտանգավոր են դիտում այն պատճառով, քանի որ
«կուսակցությունների գրանցման համար պատասխանատու պաշտոնատար անձինք կարող են անհիմն
կերպով ձգձգել գրանցումը՝ այդ կերպ կանխելով հնարավոր նոր մրցակցի մասնակցությունն
ընտրություններին»: Ու բացի այդ, ըստ եզրակացության՝ ընտրությունների օրը 1 տարի
առաջ հայտնի չէ, եւ այդ պատճառով հնարավոր են դառնում շահարկումներ քվեարկության
օրվա նշանակման հարցում: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել