Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օրենսդրական աշխատանքը մեզ մոտ չի կաղում

Փետրվար 10,2005 00:00

Այսպիսի «իրատեսական» գնահատական է տալիս Գալուստ Սահակյանը

Գարնանային նստաշրջանի առաջին եռօրյայից պարզ դարձավ, որ պատգամավորները ցանկություն չունեն օրենսդիր աշխատանքով զբաղվելու, իսկ նրանք, ովքեր ունեն այդ ցանկությունը, հնարավորություն չունեն։ Պատգամավորներից շատերին այս իրավիճակը դուր չի գալիս: Մասնավորապես «Ժողպատգամավոր» խումբը բավականին զայրացած է կոալիցիոն մեծամասնության վրա եւ ասում է, որ եթե պատասխանատվություն են ստանձնել, թող բարի լինեն կատարել իրենց պարտականությունները: ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը նույնպես բավականին կոշտ է տրամադրված կոալիցիոն մեծամասնության նկատմամբ:

Որքան էլ զարմանալի է, իրավիճակից դժգոհ է նաեւ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը։ Սակայն նա հարցը ավելի շատ փիլիսոփայական հարթություն տեղափոխեց եւ հայտարարեց, որ մեր երկրում «քաղաքական գործիչ» մասնագիտությունը չի ձեւավորվել. «Մարդիկ ձեռի հետ կարող են քաղաքական գործիչ աշխատել: Բայց քաղաքական գործիչը գերպրոֆեսիոնալ գործ է, կարծում եմ՝ աշխարհի ամենածանր, հոգեկան եւ ֆիզիկական ուժեր խլող աշխատանքը քաղաքական գործչի աշխատանքն է: Հնարավոր չի մարդ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ լինի եւ նրա հնարավորությունները հերիքեն այլ աշխատանքի համար»: Թերեւս պարոն Հարությունյանը նկատի ունի նույն ՀՀԿ խմբակցությունում ծվարած այն բազմաթիվ գործարարներին, որոնք բացարձակապես «բեխաբար» են օրենսդրական պրոցեսից:

«Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին երեկ հարցրինք, թե ինչո՞ւ ամենամեծ խմբակցության ղեկավարը չի ապահովում պատգամավորների մասնակցությունը նիստերին, մանավանդ՝ իրենց հասցեին ե՛ւ ՄԱԿ-ը, ե՛ւ «Ժողպատգամավորը» մեղադրանք են հնչեցնում, որ պատասխանատվություն ստանձնածները բավարար չեն աշխատում: Գալուստ Սահակյանը իր բացառիկ կարծիքն ունի խնդրո առարկայի մասին. «Ես ուրախ եմ, որ վերջապես նիրհից արթնանում են բոլոր խումբ-խմբակցությունները: Իսկ ինչ վերաբերում է այս եռօրյայի գործառույթներին, պիտի ասեմ, որ նախկին ու ներկա կանոնադրության խնդիր կա, առավել եւս, որ պատգամավորների մի մասը Հայաստանում չէ: Կարծեմ 12-15 պատգամավոր գործուղման մեջ են, որը ազդում է խորհրդարանի աշխատանքների վրա: Վատ է, որ չենք կարողանում ավելի մարդաշատ դարձնել խորհրդարանը, միեւնույն ժամանակ՝ չեմ կարծում, որ դա շատ մեծ, վտանգավոր իրողություն է: Խորհրդարանում միջադեպեր միշտ պիտի լինեն, բախում պիտի լինի, որովհետեւ գաղափարական, սկզբունքային բախումներն ուղղակի անհրաժեշտ են խորհրդարանին»:

Պատգամավորների շրջանում այս օրերին քննարկվում է նաեւ այն, թե Ռ. Քոչարյանը կլուծարի խորհրդարանը:

Գալուստ Սահակյանը այս խորհրդարանի լուծարումը իրատեսական չի համարում, թեպետ նաեւ չի բացառում. «Նման խնդիր այսօր չկա: Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, բայց քաղաքական տեսակետից այդ խնդիրը չկա»: Իսկ «Հանրապետականին» ձեռնտո՞ւ է այս խորհրդարանի լուծարումը: Մեր այս հետաքրքրասիրությանը տրված պատասխանը եւս ինքնատիպ էր. «Նույնիսկ եթե ձեռնտու լիներ, ընդհանուր, պետական շահերից ելնելով՝ ձեռնտու չի: Դա հետագայում բավականին բացասական երեւույթների կհանգեցնի: Մանավանդ դեռեւս տվյալներ չկան, որ օրենսդրական աշխատանքը մեզանում կաղում է»: Մեր զրուցակցի վերջին մտքի լավագույն «ապացույցն» այն է, որ խորհրդարանում արդեն երրորդ օրն է՝ օրինագիծ գրեթե չի քննարկվում, հիմնականում միջազգային պայմանագրեր եւ արձանագրություններ են, որոնց քննարկումը մի կերպ ընթանում է։ Արդեն երրորդ օրն է՝ խորհրդարանում քվեարկություն տեղի չի ունենում: Կիսադատարկ դահլիճում ինչպե՞ս քվեարկություն կազմակերպել: Նույնիսկ ուրիշի կոճակը սեղմելու համար բավականաչափ ձեռքեր չկան:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել