Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ՝ ՀԻՄԱ ԷԼ ՆԱՏՕ-Ո՞ՒՄ

Փետրվար 10,2005 00:00

ԱԳ
նախարար Վարդան Օսկանյանն առաջարկում է հատկապես խորհրդարանական ատյաններում հնարավորինս
խուսափել հարց բարձրացնելուց: Իսկ Ադրբեջանը չի թաքցնում մտադրությունը՝ Ղարաբաղի
խնդիրը քննարկման նյութ դարձնել նաեւ ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովներում:
Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում
ադրբեջանական պատվիրակության ղեկավար Զիյաֆետ Ասկերովը հայտարարել էր, թե ԵԽԽՎ ընդունած
բանաձեւը Լեռնային Ղարաբաղի մասին ուժեղացնում է Ադրբեջանի դիրքերը ՆԱՏՕ-ի խորհրդարանական
վեհաժողովում. «Այդ փաստաթուղթը խթան կլինի ՆԱՏՕ-ի ԽՎ-ում այդ հարցով որոշում ընդունելու
համար: Մեր ձեռքում է ԵԽԽՎ-ի բանաձեւը, եւ, կարծում եմ, ՆԱՏՕ-ի ԽՎ-ն նույնպես շուտով
իր վերաբերմունքը պետք է արտահայտի այս փաստաթղթի վերաբերյալ»: ՆԱՏՕ-ի խորհրդարանական
վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի
հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանից փորձեցինք պարզել՝ արդյոք ադրբեջանցիներն
արդեն միջոցներ ձեռնարկե՞լ են իրականացնելու իրենց մտադրությունը: «Եթե Ասկերովն
ասում է, ուրեմն նրանք ունեն նման որոշակի ցանկություն: Բայց մենք դեռեւս տվյալներ
չունենք, թե կա նման նախաձեռնություն: Եվ եթե նման նախաձեռնություն ցուցաբերվի էլ՝
այն ենթադրում է բավականաչափ երկար ընթացակարգ,- ասաց պրն Շահգելդյանը:- ՆԱՏՕ-ի ԽՎ-ն
արդեն իսկ անցյալ նիստում անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի 3 հանրապետությունների
հակամարտություններին: Եվ չեմ կարծում, թե այդ զեկույցից հետո մոտակա ժամանակներս
անդրադարձ կատարվի ղարաբաղյան հիմնախնդրին»: ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության
ղեկավարը փաստարկեց, թե ինչ հիմքեր ունի իր համոզումը. «ՆԱՏՕ-ն հայտարարել է, թե
ինքը չի ներգրավվելու հակամարտությունների կարգավորման գործընթացին, եւ այդ թվում՝
նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը: Այս մասին հայտարարվեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի
տարածաշրջան կատարած այցի ընթացքում: Եվ այդ մասին խոսել է նաեւ Հարավային Կովկասում
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը: ՆԱՏՕ-ի ԽՎ-ի փորձագիտական խումբ կա, որը
զբաղվում է տարածաշրջանային հիմնահարցերով, սակայն մեծ չափով խուսափում է հակամարտությունների
խնդիրներով զբաղվելուց: Այս տեսանկյունից՝ չեմ կարծում, թե անդրադարձ կկատարվի»:
ՆԱՏՕ-ի ԽՎ-ում մեր դիրքը որոշակի տարբերություններ ունի միջազգային այլ կառույցներից
եւ հատկապես խորհրդարանական վեհաժողովներից: «Հայաստանն այսօր ընթանում է ՆԱՏՕ-ի
հետ համագործակցությունն անվտանգության ոլորտում ընդլայնելու ճանապարհով, ներկայացրել
ենք անհատական գործընկերության նախագիծ, եւ անձամբ գտնում եմ, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների
ամրապնդումը եւ այդ կառույցին Հայաստանի ինտեգրացիան խիստ կարեւոր են: Սակայն մեր
երկրի պաշտոնական տեսակետն է՝ Հայաստանն այսօր չի հայտնում իր ցանկությունը ինտեգրվելու
ՆԱՏՕ-ի ռազմական կառույցներին, ինչը որ անում են Ադրբեջանն ու Վրաստանը: Այստեղ մեր
դիրքորոշումների միջեւ տարբերություն կա»,- ասաց Մհեր Շահգելդյանը: Եվ մեր հարցին
էլ՝ արդյոք հենց այս դիրքորոշումների տարբերությունն առիթ չի՞ դառնա, որ խոստացված
նախաձեռնության ներկայացման դեպքում ադրբեջանցիներին ընդառաջ կգան եւ Հայաստանի համար
դժվար կլինի հակակշռելը՝ պատասխանեց. «Չեմ ուզում խոսել դժվարությունների մասին:
Պետք է աշխատել՝ անելով առավելագույնը: Մենք Ասկերովի այս հայտարարությունը պիտի
դիտարկենք որպես ազդակ՝ ծրագրելու համար մեր գործողությունները»: ՆԱՏՕ-ի ԽՎ-ում
Հայաստանի պատվիրակության ղեկավարը մի հանգամանք էլ, սակայն, մատնանշեց, թե այս կառույցում
Ադրբեջանն ունի այնպիսի դաշնակից՝ ինչպիսին Թուրքիան է: Նկատեցինք՝ «ինչպես եւ Եվրախորհրդում»,
եւ պրն Շահգելդյանն ասաց. «Այստեղ եւս տարբերություն կա: ԵԽԽՎ-ում Թուրքիան ունի
նույն կարգավիճակը, ինչ Եվրախորհրդի անդամ այլ երկրները: Իսկ ՆԱՏՕ-ում Թուրքիան համարվում
է հարավ-արեւելյան թատերաբեմի կարեւորագույն ռազմական գործընկերը եւ հնագույն անդամներից
մեկն է»: ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ղարաբաղի խնդրի արծարծումը հնարավոր միակ հեռանկարը
չէ: Ադրբեջանցի խորհրդարանականները մտադիր են բարձրացնել Հայաստանի «օկուպացիոն քաղաքականության»
հարցը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում, որը փետրվարի 23-24-ը
գումարվելու է Վիեննայում: Այդ մտադրության մասին հայտնել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի
պատվիրակության ղեկավար Սատտար Սաֆարովը: Ըստ նրա՝ ադրբեջանցի պատգամավորները մտադիր
են հանդես գալ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար կոմիտեների նիստերում «Հայաստանի
կողմից ադրբեջանական հողերի գրավման կապակցությամբ, որի արդյունքում շուրջ 1 մլն
փախստականներ հայտնվել են ցավալի կացության մեջ»: Սաֆարովը նաեւ նշել է. «Ի տարբերություն
Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ-ում որոշումները ընդունվում են կոնսենսուսի հիման վրա, սակայն
չնայած դրան՝ ադրբեջանցի խորհրդարանականները կանեն հնարավորը աշխարհի տերություններին
Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը հասցնելու համար»: Թե ինչ միջոցներ
է մտադիր ձեռնարկել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունն
այս նախաձեռնությանը հակակշռելու համար՝ կփորձենք պարզել առաջիկայում: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել