Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր

Փետրվար 09,2005 00:00

Մեր «ոսկե ձեռքը» Մոսկվայում Զարդագործ Օլգա Հակոբյանը դեկտեմբերի վերջին մասնակցել է Մոսկվայում կայացած «Վարպետների ոսկե ձեռքեր» երրորդ միջազգային մրցույթ-ցուցահանդեսին: Բացի մի քանի դիպլոմներից՝ նա Հայաստան է բերել նաեւ գլխավոր մրցանակը: Մրցույթին մասնակցում էին ներկայացուցիչներ աշխարհի շատ երկրներից, այդ թվում՝ Մերձբալթիկայից, Սերբիայից, Գերմանիայից, որոնք բերել էին փայտագործական, ուլունքագործական, մանրանկարչական, բատիկ արվեստի, արծաթագործության եւ այլ նմուշներ: «Վարպետների ոսկե ձեռքերին» Ադրբեջանն ու Վրաստանը ներկայացված չէին: Տիկին Օլգան Ռուսաստանում նաեւ վարպետության դասընթացներ է անցկացրել ուլունքագործության գծով: Նա Մոսկվա էր տարել 60-70 աշխատանք՝ զարդեր ուլունքներով եւ բացառապես թելերով հյուսված: «Հինգերորդ տաղավարում, որտեղ իմ աշխատանքներն էին, այցելուների մեծ հերթ էր առաջացել. մարդիկ ուզում էին ինչ-որ բան գնել ինձնից: Ես բոլորին ասում էի, որ, ի տարբերություն մյուս տաղավարների, այստեղ ոչինչ չի վաճառվում, նույնիսկ չիմանալով մերժեցի Պուտինի աշխատակազմի ներկայացուցչին: Խնդրում էին գոնե պատվերներ ընդունել, որը նույնպես մերժեցի: Ես չեմ կարող նույն աշխատանքը երկրորդ անգամ անել՝ թեկուզ ամենամեծ գումարի դեպքում, որովհետեւ չեմ սիրում կրկնվել»,- պատմեց տիկին Օլգան: Ըստ նրա, թելով հյուսվածքները պահանջում են մանրակրկիտ աշխատանք, ուժերի գերլարում եւ երկար ժամանակ՝ ընդհուպ մի քանի ամիս, ուլունքագործ հյուսվածքները՝ ավելի մեծ ուշադրություն եւ ավելի կարճ ժամկետ: Օ. Հակոբյանի զարդերում օգտագործված են բոլոր բնական քարերը եւ «Swarowski»-ի բյուրեղապակին: Զարդագործի աշխատանքները ցուցադրվել են Բելգիայում, Ռուսաստանում, Հայաստանում: Մոսկովյան ցուցահանդեսից հետո էլ նա բազմաթիվ հրավերներ է ստացել: Նրա հավաքածուները բազմանուն ու բազմաժանր են՝ մասնավորապես, նվիրված տարվա եղանակներին: Վերջին հավաքածուում գերիշխում են մարգարիտն ու մարգարտանման ուլունքները, «Գարուն» հավաքածուն ստեղծված է մալախիտի ու բաց վարդագույն կորալի հիմքի վրա, «Ամառում» վառվռուն-գունեղ քարերով ծաղիկներ են, իսկ «Աշունում» նախապատվությունը տրված է սաթին, որը հեղինակի համոզմամբ խորհրդանշում է տերեւաթափը: Ըստ տիկին Օլգայի, մոսկովյան ցուցահանդեսի մասնակիցներին ու այցելուներին հատկապես դուր էին եկել հայաստանյան ագաթով եւ օբսիդիանով զարդերը: Ուշադրության են արժանացել մասնավորապես «Շեր» (ի պատիվ հոլիվուդյան աստղի), «Իշխանուհի Օլգա», «Աստղիկ», «Թագուհի», «Ռուսական գեղեցկուհի», «Շարլոտա» զարդերը: Առանձնահատուկ շուքով աչքի է ընկել ցուցահանդեսի փակման արարողությունը: Սրահում դրված էր շամպայնով լի մեծ փայտյա աքաղաղ: Յուրաքանչյուր մասնակից, ով դիպլոմ էր ստանում, պարտադիր մոտենում ու շամպայն էր ըմբոշխնում: Ներկայումս տիկին Օլգան զբաղված է նոր մտահղացումները իրականացնելով, մանավանդ, ինչպես ինքն է ասում. «Մի աշխատանքը չավարտած՝ ուղեղումս մի ուրիշ բան է ծնվում: Երբեմն այնքան եմ տարվում, որ գիշերներ եմ լուսացնում, արանքներում էլ հանգստանում եմ խաչբառ լուծելով»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել