Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅԵՐԻԴ ՍԱՐՈՅԱՆՈՎ ԵՄ ՃԱՆԱՉԵԼ»

Փետրվար 09,2005 00:00

«ՀԱՅԵՐԻԴ ՍԱՐՈՅԱՆՈՎ ԵՄ ՃԱՆԱՉԵԼ» Առաջին անգամ Հայաստան է ժամանել ամերիկացի ճանաչված դիրիժոր Ռոբերտ Քոուլը, որը կղեկավարի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի փետրվարի 10-ի համերգը: Ռոբերտ Քոուլը ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի դիրիժորական բաժինը՝ Ռիչարդ Լըրթի դասարանը, այնուհետեւ կատարելագործվել աշխարհահռչակ Լեոնարդ Բերնսթայնի, Լեւոն Բարզինի եւ Հանս Սվարովսկու մոտ: 1996-ից եղել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի ղեկավարը, 1999-ին իր կողմից հիմնադրած վաղ դասական երաժշտության Բերկլիի միջազգային փառատոնի եւ ցուցահանդեսի գլխավոր տնօրենն է: Այս պաշտոնին նշանակվելուց առաջ ղեկավարել է Նյու Յորքի կատարողական արվեստի մի քանի կենտրոնները, ինչպես նաեւ Լոս Անջելեսի Ballet Society գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր տնօրենն է: Մեր դիտարկմանը՝ չի՞ խանգարել տնօրենի վարչական պաշտոնը ձեր՝ դիրիժորի գործունեությանը, պարոն Քոուլն ասաց. «Երբեք: Կատարում եմ, ձեռնարկում այնպիսի աշխատանքներ, ինչն իմ ուժերի սահմանում է: Չարհամարհելով իմպրեսարիոյի դերը արվեստագետի կյանքում, այնուամենայնիվ, աշխատել ու գործել եմ միայնակ՝ հույսս դնելով միայն ինձ վրա: Թող անհամեստ չհնչի, 1995-ին ֆրանսիական կառավարությունն ինձ ամերիկա-ֆրանսիական մեծակտավ նախագծի համար պարգեւատրեց Արվեստների շքանշանով, որը, բնականաբար, հենց այնպես չի շնորհվում: Մի խոսքով, ինձ՝ դիրիժորիս երբեք չեն խանգարել ոչ մասնագիտական աշխատանքները»: «Ապրելով Լոս Անջելեսում, հնարավոր չէ, որ շփված չլինեք հայ արվեստագետի կամ ընդհանրապես հայի հետ» դիտարկմանն ի պատասխան, դիրիժորը տեղեկացրեց, որ դեռ 60-ականներին բախտ է ունեցել լինել Վիլյամ Սարոյանի մտերիմը. «Այն տարիներին դեռ այսքան հայ չկար Լոս Անջելեսում: Փաստորեն, առաջին անգամ հայ ժողովրդի հետ ծանոթացա մեծ գրողի շնորհիվ»: Մեր զրուցակիցը նշեց, որ այսօր իր ամենամոտ բարեկամն ու ընկերն է, իր խոսքերով՝ մեծ արվեստագետ, կոմպոզիտոր Չարլզ Ամիրխանյանը, որը հանդիսանում է ԱՄՆ-ում ժամանակակից երաժշտության տարբեր փառատոների կազմակերպիչն ու գեղարվեստական ղեկավարը. «Նա Սան Ֆրանցիսկոյում ամենամյա «Ուրիշ մտածելակերպ» փառատոնին հավաքում է աշխարհի տարբեր ծայրերից երիտասարդ կոմպոզիտորների՝ հնչեցնելով նրանց գործերը: Միշտ զարմանում եմ նրա եռանդի վրա»: Հաջորդ՝ «Այսօր՝ շոուի դարում աշխահում պահպանվո՞ւմ է դասական եւ ժամանակակից երաժշտության հաշվեկշիռը» հարցին Ռ. Քոուլը պատասխանեց. «Դժվար է միանշանակ պատասխանել: Երբ ես երիտասարդ էի, այդ տարիներին Լոս Անջելեսում ապրում ու ստեղծագործում էին այն տարիներին ժամանակակից, այսօր արդեն դասական դարձած աշխարհահռչակ կոմպոզիտորներ Ստրավինսկին ու Շյոնբերգը: Այնպես որ, այսօրվա ժամանակակից, բարձրարվեստ գործը վաղը անկասկած կդիտվի ու կընկալվի որպես դասական»: «Դուք տարիներ շարունակ որպես հրավիրյալ գլխավոր դիրիժոր ղեկավարում եք Պերմի օպերայի եւ բալետի թատրոնի նվագախումբը: Գաղտնիք չէ, որ դասական գործիքների հայկական դպրոցը ստեղծվել է ռուսականի հենքի վրա: Դուք տեսնո՞ւմ եք ընդհանրություն մեր եւ ռուս երաժիշտների միջեւ» հարցի առնչությամբ դիրիժորը նկատեց, որ այնուամենայնիվ նմանություն կա: Այն է՝ գեղեցիկ հնչեցնել յուրաքանչյուր նոտա: «Սա լավ օրկեստր է (նկատի ունի Հայաստանի ֆիլհարմոնիկը- Ս. Դ.): Ես տեսաերիզների միջոցով ծանոթացել եմ եւ տեղեկացվել, որ տարիներ առաջ Հայաստանի ֆիլհարմոնիկը ղեկավարել է աշխարհահռչակ Վալերի Գերգիեւը»,- կանխելով մեր «ծանո՞թ էիք Հայաստանի ֆիլհարմոնիկին, թե պարզապես չմերժեցիք հրավերը» հարցը, ասաց Ռ. Քոուլը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել