Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փետրվար 09,2005 00:00

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Արմեն Ռուստամյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում Մեծարգո պարոն նախագահ,հարգելի գործընկերներ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մինչ այսօր ընդունված բոլոր միջազգային փաստաթղթերը ունեցել են որեւէ կոնկրետ եւ կարեւոր նպատակ: Սույն բանաձեւը չպետք է բացառություն լիներ: Այն պետք է հետապնդեր մի կարեւոր նպատակ, որն է՝ հակամարտության կարգավորման ընթացքում բացառել զինված միջամտությունը եւ նոր լիցք հաղորդել խաղաղ կարգավորման գործընթացին: Արդյո՞ք բանաձեւն իր ներկա վիճակով համապատասխանում է այս առաքելությանը: Ցավում եմ, սակայն՝ ոչ: Այս փաստաթուղթը չի արագացնի բանակցությունների գործընթացը, այլ հակառակը՝ կառաջանան նոր դժվարություններ, որոնք կդանդաղեցնեն գործընթացը, եւ ավելի կհեռացնեն հակամարտության լուծումը: Նախ պետք է արձանագրեմ, որ լիարժեքորեն չի ուսումնասիրվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության փորձը: Ավելին. միտում է նկատվում կասկածի տակ առնել այդ առաքելության գնահատումները: Հաջորդը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եղել եւ մնում է հակամարտության գլխավոր հարցը: Խաղաղության գործընթացի արդյունավետությունը ուղղակիորեն կախված է այն բանից, թե ինչպիսի պատասխան կգտնվի այս հարցին: Լեռնային Ղարաբաղին լայն ինքնավարության կարգավիճակ տալու Ադրբեջանի առաջարկությունը կունենա բոլորովին հակառակ հետեւանքը, քանի որ այն չի կարգավորի?խնդիրը, այլ կթարմացնի հակամարտությունը: Հենց սա է վտանգավորը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը քաջ ծանոթ է Նախիջեւանի հայերի ճակատագրին: Հայերը Նախիջեւանի Հանրապետությունում, ի դեպ՝ շատ բարձր ինքնավարության կարգավիճակ ունեցող, կազմում էին բնակչության 40%-ը: Այսօր էթնիկական զտման հետեւանքով Նախիջեւանում չի մնացել եւ ոչ մի հայ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, աչքի առջեւ ունենալով նաեւ այս իրողությունը, իրավացիորեն չի ընդունում այդպիսի կարգավիճակ: Մեկ այլ կարեւոր նկատառում. զեկույցում վերանայվում է ԼՂ հակամարտության կոնֆիգուրացիան. առաջին անգամ է, որ այդ կոնֆիգուրացիայից իսպառ բացակայում է հակամարտության հիմնական կողմը՝ Լեռնային Ղարաբաղը իր օրինական ներկայացուցիչներով: Հայաստանը միջազգային ատյաններում կարող է միայն ընդհանուր գծերով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի մոտեցումները, այլ ոչ թե ամբողջովին փոխարինել?նրան: Ավելին. Հայաստանը չի կարող լուծել ԼՂ խնդիրը առանց նրա համաձայնության: Ուստի անօգուտ է եւ անհեռանկար Հայաստանից պահանջել այն, ինչը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անքակտելի իրավունքն է եւ պատասխանատվությունը: Հայաստանի դերը եղել եւ մնում է ապահովել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իր օրինական իրավունքի իրականացումը եւ հանդիսանալ դրա երաշխավորը: Սա է հիմնական պատճառը, հարգելի գործընկերներ, որ ոչ մի միջազգային փաստաթղթում Հայաստանը չի մեղադրվում Ադրբեջանի տարածքները գրավելու մեջ: Այսօր Ադրբեջանում սպասում են այս փաստաթղթին, որպեսզի ներկայացնեն վաղուց արդեն նախապատրաստվող վերջնագիրը՝ կամ կարգավորման Ադրբեջանի համար ընդունելի տարբերակ, կամ պատերազմ: Ադրբեջանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչ պարոն Նովրուզ Մամեդովը չի էլ թաքցնում այս մտադրությունը: Մեջբերում եմ.?«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեր արտաքին քաղաքականության նպատակն է աշխարհում հաստատել այնպիսի կարծիք, ոըը արդարացի կհամարի մեր կողմից ռազմական գործողությունների վերսկսումը խաղաղ բանակցությունների անարդյունավետության դեպքում»: Ահա թե ինչ է սպասում Ադրբեջանը մեր վեհաժողովից: Սակայն ստիպված եմ հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը սկսվեց հենց այդպիսի վերջնագրից հետո: Հենց այդ նպատակն է հետապնդում նաեւ բանակցությունները զրոյից սկսելու պարոն Իլհամ Ալիեւի առաջարկությունը: Պարոն Աթկինսոն, 1992 թվականի փաստաթղթերում Դուք մեծ անհանգստությամբ ահազանգում էիք տնտեսական շրջափակման եւ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պատճառով ԼՂ ժողովրդին պատուհասած հումանիտար աղետի մասին: 1992 թվականին Դուք իրավացիորեն նկատել էիք, որ 4 տարվա տառապանքներից հետո ԼՂ բնակչությունը այլեւս երբեք չի համաձայնի ենթակա լինել Ադրբեջանին: Ես ցավում եմ, որ Դուք այսօր այլ տեսակետ եք հայտնում իրավիճակի վերաբերյալ: Բայց ես Ձեզ վստահեցնում եմ, որ Ղարաբաղի ժողովուրդը չի մոռացել եւ չի կարող մոռանալ իր տառապանքները: Ուստի, եզրափակելով խոսքս՝ առաջարկում եմ Ձեզ, պարոն Աթկինսոն, որպես պատգամավորի, եւ ոչ որպես զեկուցողի, նախաձեռնությամբ հանդես եկեք հետաձգելու այս փաստաթղթի ընդունումը այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները չեն մասնակցել իրենց իսկ վերաբերող հարցի քննարկմանը: Այլապես՝ դա չի լինի ո՛չ արդար եւ ո՛չ էլ հավասարակշռված: Շնորհակալություն ուշադրության համար: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել