Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տղամարդիկ

Փետրվար 09,2005 00:00

Տղամարդիկ եւ կանայք մեզ մոտ հավասար են Բայց «ամենահավասարը» գողական եւ անգրագետ տղամարդիկ են «Մեր որոշ քաղաքական գործիչներ անընդհատ զարգացնում են այն թեզը, թե կնոջ տեղն ընտանիքում է, խոհանոցում, երեխաների կողքը: Սակայն մեր կանայք ոչ թե վայելում են տանտիկնոջ համար նախատեսված լավ դերը, այլ ամբողջ օրը վազվզում են՝ Ֆիրդուսուց Փեթակ, Փեթակից Կասյան, Կասյանից՝ շուկա, որպեսզի կարողանան ընտանիքի հոգսերը հոգալ: Շատ հաճախ անազնիվ, անկիրթ, անշնորհք տղամարդն ավելի դյուրին է գրավում պատգամավորի, գյուղապետի, թաղապետի աթոռը, քան շատ ավելի բարձր ու դրական հատկանիշներով օժտված վառ անհատականություն հանդիսացող կինը: Ես չեմ կարծում, որ Լյուդմիլա Հարությունյանի, Կարինե Դանիելյանի եւ այլ վառ կանանց փոխարեն պիտի ԱԺ-ում հայտնվեին չորրորդ դասարանի կրթությամբ, քրեական անցյալով, գողական «տղերքը»: Սակայն հայաստանյան իրականությունը սա է»,- երեկ գենդերային հարցերին նվիրված հերթական կլոր սեղանի ժամանակ հայաստանյան իրականությանը այսպիսի անդրադարձ կատարեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը: Սեռական իրավահավասարությանը վերաբերող այս մի քննարկումը, որ կազմակերպել էին Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, վերնագրված էր «Գենդերային հավասարությունը աշխատանքի ոլորտում. ԶԼՄ-ների դերը»: ԱՄԿ-ի երկու ներկայացուցիչները, որ ժամանել էին հայ գործընկերներին իրենց գենդերային փորձը փոխանցելու համար, նշեցին, որ ԱՄԿ-ն վաղուց է հասկացել ԶԼՄ-ների դերը՝ հասարակությանը սեռերի իրավահավասարությանը ծանոթացնելու գործում։ Անդրադառնալով հայաստանյան իրականությանը՝ գենդերային տեսանկյունից, տիկին Աստղիկ Գեւորգյանը նշեց, որ ԶԼՄ-ներում կանանց անդրադառնում են հիմնականում թրաֆիքինգի, մարմնավաճառության եւ այլ թեմաներով գրելիս, բայց չեն քննարկում, չեն վերլուծում անցումային ծանր շրջանում հայ կանանց հերոսական կերպարը։ Այդ թեման զարգացրեց Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Նորա Հակոբյանը՝ հիշելով, որ 90-ականների սկզբին հայ կանայք, կորցնելով իրենց հեղինակավոր աշխատանքները՝ գիտնական, բժիշկ, մանկավարժ, ինժեներ, բայց չկորցրեցին իրենց եւ կանգնելով վաճառասեղանի հետեւում կամ ձեռքը վերցնելով ավելը՝ շարունակեցին գոյատեւել եւ պահպանել իրենց ընտանիքը, երբ տղամարդիկ խուճապի մատնվեցին։ Կլոր սեղանի թեման աշխատանքում կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունն էր, բայց բուն քննարկումն ընթացավ հավասարության մասին ընդհանրապես՝ տանը եւ այլուր: Քննարկումը կազմակերպված էր ԶԼՄ-ների ուշադրությունը գենդերական խնդրի նկատմամբ բարձրացնելու նպատակով: Սակայն «Առավոտի» հարցումներով պարզվեց, որ խնդիրը մեզ մոտ ազգային արմատներ ունի, եւ հարցը նման ծրագրերով միանգամից չի լուծվի: Շատերն էլ գտնում էին, որ ճիշտ չէ դրսից օրենքներ բերել ու փորձել «ձեւել մեր վրայով»: Ըստ էության, տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության խնդիրը մեզ մոտ լուծվել է դեռեւս խորհրդային տարիներին: Իսկ որ ընտրություններն անարդար են ընթանում եւ պատգամավոր են առաջադրվում անգրագետ տղամարդիկ՝ դրա պատճառները ամենեւին էլ «գենդերային» չեն: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել