Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՆԱԽԱՃԱՇԻՆ՝ ԿԱՐՏՈՖԻԼ, ՃԱՇԻՆ՝ ԿԱՐՏՈԼ, ԸՆԹՐԻՔԻՆ՝ ԿԱՐՏՈՇԿԱ»

Փետրվար 09,2005 00:00

«ՆԱԽԱՃԱՇԻՆ՝ ԿԱՐՏՈՖԻԼ, ՃԱՇԻՆ՝ ԿԱՐՏՈԼ, ԸՆԹՐԻՔԻՆ՝ ԿԱՐՏՈՇԿԱ» Իր տասներկու հոգանոց ընտանիքի օրվա «մենյուն» «Առավոտին» այսպես ներկայացրեց 10 երեխաների հայր, հրազդանցի Վանիկ Մկրտչյանը: «Պետության համար միեւնույն է՝ ընտանիքում մեկ երեխա է մեծանում, թե՝ տասը: Պետության պարտականությունները սահմանափակվում են անչափահասներին աղքատության ընտանեկան նպաստ տալով կամ աղքատ ապրող ընտանիքներին աջակցող ծրագրերում ընդգրկելով: Վերջին հաշվով, ծնողներն իրենք պետք է մտածեն իրենց երեխաներին պահելու, նրանց ճակատագրի մասին: Պետության հնարավորությունները սահմանափակ են, եւ նա չի կարող իր վրա վերցնել երեխաների աճի, նրանց պահելու բոլոր հոգսերը»,- բազմազավակ երեխաներ ունեցող ընտանիքների արտոնությունների մասին «Առավոտի» տված հարցն այսպես մեկնաբանեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը: Ավելին, նրա կարծիքով, ծախսերի առումով բոլորովին միեւնույն է՝ մի երեխա ես պահում, թե՝ ավելին, որովհետեւ «մեկը մյուսի շորերը հագնելով մեծանում է»: Երեւի վարչության պետի պատկերացմամբ՝ նաեւ մի երեխան ուտում է, իսկ մյուսները՝ կշտանում, իսկ շոր ու կոշիկն էլ նման ընտանիքներում մաշվելու հատկություն չունեն: Եթե այսպես մտածում է երեխաների եւ ընտանիքների ապահովության քաղաքականությունը մշակող պետական պաշտոնյան, ապա բոլորովին զարմանալի չէ, որ բազմազավակ ընտանիքները 15 տարի առաջ անկախացած Հայաստանում դեռեւս չունեն իրենց պաշտպանության մասին օրենք: Ըստ տիկին Ղազարյանի՝ այն մշակման փուլում է, ու դեռ աղոտ պատկերացում չունեն, թե քանի՞ երեխա ունեցող ընտանիքը կարող է համարվել բազմազավակ: Ոչ վաղ անցյալում այդպիսին համարվում էր 5 եւ ավելի երեխա ունեցողը, իսկ 3-ից շատ ունեցող ընտանիքներն օգտվում էին որոշ արտոնություններից: Անդրադառնանք հրազդանցի Վանիկ Մկրտչյանի եւ Հռիփսիկ Իսրայելյանի 10 երեխաներին ու նրանց խնդիրներին: 1987-ին, երբ ծնվեց տասներորդ զավակը, խորհրդային պետությունը նրանց նվիրեց 2 երեքսենյականոց բնակարան՝ Հրազդանում, իսկ 1991-ին՝ ԳԱԶ 2410 ավտոմեքենա: «Հետո սկսվեցին դժվար տարիները, ես էլեկտրաեռակցող էի աշխատում՝ դարձա գործազուրկ: Երեխաներին պահել էր պետք ու այս տարիներին ստիպված վաճառեցի տները: Իսկ մեքենան ստացած ժամանակ եմ վաճառել ու փողը գցել խնայբանկ, որ դրա տոկոսներով հետագայում երեխաներիս ապագան ապահովեմ: Բայց փողերը փոխվեցին ու հաջորդ տարի այդ գումարով հազիվ հասցրի ամուսնացնել երկու զավակիս»,- պատմեց Վ. Մկրտչյանը: Երեխաների կեսը միջնակարգ կրթություն ունի, 3-ը՝ թերի, 2-ը՝ միջնակարգ մասնագիտական կրթություն է ստացել: Աշխատելու ընդունակներից գործ գտել է միայն մեկը, այն էլ «հազիվ ալյուրին է հերիքում»: Ամսական 4 պարկ ալյուրը հացին է հերիքում, հողամասում կարտոֆիլ են ցանում եւ խոտ՝ ուրիշ ոչինչ չի աճում: Կարտոֆիլն ուտում են, խոտն էլ փոխանակում փայտի հետ: Վանիկի հայրական տունը, որտեղ ապրում են 12 հոգով, երկու սենյակ ունի, առաստաղի գերանները ծածկված չեն, հեռուստացույցն էլ «անտիկ» ժամանակների է՝ սեւ-սպիտակ: Պետությունից ստանում են ամսական 17 հազար դրամ նպաստ: Տարին մի անգամ էլ նյութական օգնություն են ստանում քաղաքապետարանից: Գործազրկության նպաստ չեն ստանում, որովհետեւ հողամաս ունեն: Վանիկի ասելով՝ «ես էլի չէի բողոքի, բայց կինս դիմել էր սոցապ՝ թոշակ ստանալու համար, մերժել են, ասում են՝ տարիքը չի, դեռ 60-ը չի լրացել, բա 10 երեխա ունենալը հե՞չ կապ չունի»: Ինչպես պարզեցինք, իրոք կապ չունի, նույնիսկ կենսաթոշակի հարցում որեւէ արտոնություն բազմազավակ մորը սահմանված չէ: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել