Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՐՋԱԳՈՒՅՆ

Փետրվար 09,2005 00:00

«ԼՐՋԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԼՈՒԾՎԱԾ ՉԵՆ» Այս եզրակացությանն են հանգել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետները «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Փետրվարի 1-ին կազմված 17 էջանոց նախնական եզրակացության մեջ հանգամանալից շարադրված են այն խնդիրները, որոնք չեն լուծվել կոալիցիայի այս նախաձեռնությամբ: Մեջբերենք դրանցից մի քանիսը միայն: Լուրջ բացթողում է համարվում այն, որ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների այս նախագծում փոխված չէ հանձնաժողովների անդամների նշանակման մեթոդը, ուստի՝ «Ընտրական հանձնաժողովի անդամները կարող են ունենալ (եւ նախկինում հենց ունեցել են) լուրջ կուսակցական շահագրգռվածություն»: Փորձագետները նշում են՝ եթե նպատակ կա ձեւավորել ընտրությունների անցկացման «անկախ, արհեստավարժ, արդյունավետ եւ անկուսակցական կառուցվածք», ապա անհրաժեշտ է փոփոխել առկա ընթացակարգերը: Այլապես հանձնաժողովները «չեն կարող համարվել բավականաչափ բազմակարծիք եւ հավասարակշիռ»: Եզրակացության մեջ ուշադրություն է հրավիրված, որ նախագծից հանվել է մի դրույթ, ըստ որի՝ ԿԸՀ-ն եւ տարածքային ընտրական հանձնաժողովներն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ. «Անհրաժեշտ է համոզվել, որ այդ փոփոխությունները չեն ազդի հանձնաժողովների՝ իրավական դաշտում գործողություններ կատարելու (որպես հայցվոր եւ պատասխանող հանդես գալու) իրավունքի կամ հանձնաժողովների դեմ իրավական բողոքներ/հայցեր ներկայացնելու իրավունքի վրա»: Այս նախագծով զգալիորեն բարձրացվում են ընտրական գրավների չափերը. «Խորհուրդ ենք տալիս չգնալ նման ավելացման, քանի որ վստահ չենք, թե նախկինում սահմանված ընտրական գրավների մեծությունները բավարար չէին անլուրջ թեկնածուներին հետ կանգնեցնելու տեսակետից»: Տվյալ խնդրին առաջարկվում է զգուշորեն վերաբերվել նաեւ այն պատճառով, որ «չբացառվի այնպիսի լուրջ թեկնածուների առաջադրումը, որոնք տնտեսապես այնքան էլ բարվոք վիճակում չեն»: Խնդրահարույց է դիտվում այն դրույթը, թե պետք է հայտարարագրվի թեկնածուի ընտանիքի անդամների սեփականությունը. «Ինչո՞ւ պետք է թեկնածուն իրավական պատասխանատվություն կրի, եթե չի վերահսկում ուրիշների սեփականությունը, եւ հնարավոր է, որ նա ազնվորեն սխալ թույլ տա մեկ այլ անձի սեփականության չափը գնահատելիս»: Չլուծված կարեւոր խնդիրներից է դիտվում նաեւ քարոզչությունը. փորձագետները խորհուրդ էին տվել, որ թեկնածուների միջեւ հավասար պայմաններ ստեղծելու մասին դրույթները տարածվեն նաեւ հանրային լրատվամիջոցներով նրանց ընտրարշավի ներկայացման նկատմամբ, սակայն հաշվի չի առնվել այս առաջարկությունը. «Հավասարության խնդիրներն ավելի ստույգորեն վերաբերում են մասնավոր լրատվամիջոցներին»: Նախագծում հաշվի չի առնվել նաեւ առաջարկությունը, որ դրույթներ նախատեսվեն այն ընտրողների համար, ովքեր անկարող են գնալ տեղամասային կենտրոն. «Թեպետ նման պարագայում կեղծիքների հնարավորությունը կարող է ավելի մեծ լինել, այնուամենայնիվ, քվեարկելու իրավունքը մարդու կարեւորագույն իրավունքներից է»: Ըստ համատեղ եզրակացության, թեեւ «Ընտրական օրենսգրքի» այս նախագծով պատիժներ են նախատեսվում ընտրացուցակներում սխալների համար, «այնուհանդերձ, հստակ չէ, թե ո՞ւմ դեմ կարող են կիրառվել պատժամիջոցները»: Նշվում է նաեւ, որ սահմանված չէ ընտրացուցակների ճշգրտությունը գնահատելու որեւէ մեթոդ կամ ժամկետային ցուցանիշ: Անդրադարձ կա նախագծի նորամուծությանը՝ ընտրողների մատների թանաքոտմանը. «Եթե իսկապես նախատեսվում է հատուկ թանաքի օգտագործմամբ պայքարել կրկնաքվեարկության դեմ, ապա օրենսգրքով պետք է պահանջել նաեւ յուրաքանչյուր ընտրողի մոտ հատուկ թանաքի առկայության ստուգում՝ նախքան նրան քվեաթերթիկ տրամադրելը»: Հաշվի չի առնվել Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ի համատեղ եզրակացության մեջ ներկայացված առաջարկությունը, որ քվեաթերթիկների վրա տպվեն հերթական համարներ. «Այդպես էլ չի նախատեսվել դրույթ, որն ուղղակիորեն կպահանջեր քվեաթերթիկի վրա նշել տպագրատան անվանումը»: Եվս մի հաշվի չառնված առաջարկություն՝ նախագծից չի հանվել բոլոր թեկնածուներին դեմ քվեարկելու տարբերակը. «Կայացած ժողովրդավարական պետություններում այդ տարբերակը, որպես կանոն, նախատեսված չէ: Այդ տարբերակի առկայությունը կարող է խորացնել բնակչության շրջանում առկա քաղաքական ապատիան»: Փորձագետները նշում են, թե նախագիծն առանձին-առանձին չի անդրադառնում վստահված անձանց, դիտորդների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքներին ու պարտավորություններին: Ցավալի է համարվում, որ թեեւ փոփոխությունների նախորդ տարբերակներում դրույթ կար, ըստ որի՝ ԿԸՀ-ն պիտի պարբերաբար հրապարակեր տեղեկություններ ըստ ընտրական տեղամասերի նախնական արդյունքների վերաբերյալ՝ այժմ այն անհետացել է այս նախագծից: Չլուծված կարեւոր խնդիրների շարքում է դասվում ընտրությունների հետ կապված դիմումների եւ բողոքների ներկայացման կարգը. «Նախագծում տեղ գտած նոր դրույթները պարունակում են բազմաթիվ ներքին հակասություններ եւ ոչ հստակ նորմեր, ու դիմումների եւ բողոքների քննության արդյունավետ միջավայր չեն ապահովում»: Ասենք՝ անհիմն է գնահատվում պահանջը, թե վստահված անձն իրավասու է տեղամասի ընտրության արդյունքների դեմ բողոքարկել միայն այն դեպքում, երբ ինքը ներկա է եղել քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ: Հայ իրականությանը թերեւս քաջածանոթ փորձագետները նշում են. «Խախտումներ ավելի հաճախ տեղի են ունենում հենց այն ժամանակ, երբ վստահված անձը ներկա չի գտնվում»: Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ի համատեղ եզրակացության մեջ «լրջորեն խորհուրդ է տրվում» պարտավորեցնել ԿԸՀ-ին՝ համապետական ընտրությունների դեպքում ներկայացնել «ԸՕ»-ի խախտումների վերլուծություն՝ «մատնանշելով խախտումներ կատարողների դեմ ձեռնարկված միջոցառումները, բողոքներ ներկայացնողներին ընձեռված իրավական պաշտպանության միջոցները»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀ. Գ. Փորձագետները քննադատել են նաեւ այնպիսի նորամուծություններ, որոնք կարող էին գնահատվել դրականորեն: Այդ մասին՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել