Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր «ոսկե ձեռքը» Մոսկվայում

Փետրվար 09,2005 00:00

Զարդագործ
Օլգա Հակոբյանը դեկտեմբերի վերջին մասնակցել է Մոսկվայում կայացած «Վարպետների ոսկե
ձեռքեր» երրորդ միջազգային մրցույթ-ցուցահանդեսին: Բացի մի քանի դիպլոմներից՝
նա Հայաստան է բերել նաեւ գլխավոր մրցանակը: Մրցույթին մասնակցում էին ներկայացուցիչներ
աշխարհի շատ երկրներից, այդ թվում՝ Մերձբալթիկայից, Սերբիայից, Գերմանիայից, որոնք
բերել էին փայտագործական, ուլունքագործական, մանրանկարչական, բատիկ արվեստի, արծաթագործության
եւ այլ նմուշներ: «Վարպետների ոսկե ձեռքերին» Ադրբեջանն ու Վրաստանը ներկայացված
չէին: Տիկին Օլգան Ռուսաստանում նաեւ վարպետության դասընթացներ է անցկացրել ուլունքագործության
գծով: Նա Մոսկվա էր տարել 60-70 աշխատանք՝ զարդեր ուլունքներով եւ բացառապես
թելերով հյուսված: «Հինգերորդ տաղավարում, որտեղ իմ աշխատանքներն էին, այցելուների
մեծ հերթ էր առաջացել. մարդիկ ուզում էին ինչ-որ բան գնել ինձնից: Ես բոլորին ասում
էի, որ, ի տարբերություն մյուս տաղավարների, այստեղ ոչինչ չի վաճառվում, նույնիսկ
չիմանալով մերժեցի Պուտինի աշխատակազմի ներկայացուցչին: Խնդրում էին գոնե պատվերներ
ընդունել, որը նույնպես մերժեցի: Ես չեմ կարող նույն աշխատանքը երկրորդ անգամ անել՝
թեկուզ ամենամեծ գումարի դեպքում, որովհետեւ չեմ սիրում կրկնվել»,- պատմեց տիկին
Օլգան: Ըստ նրա, թելով հյուսվածքները պահանջում են մանրակրկիտ աշխատանք, ուժերի
գերլարում եւ երկար ժամանակ՝ ընդհուպ մի քանի ամիս, ուլունքագործ հյուսվածքները՝
ավելի մեծ ուշադրություն եւ ավելի կարճ ժամկետ: Օ. Հակոբյանի զարդերում օգտագործված
են բոլոր բնական քարերը եւ «Swarowski»-ի բյուրեղապակին: Զարդագործի աշխատանքները
ցուցադրվել են Բելգիայում, Ռուսաստանում, Հայաստանում: Մոսկովյան ցուցահանդեսից հետո
էլ նա բազմաթիվ հրավերներ է ստացել: Նրա հավաքածուները բազմանուն ու բազմաժանր են՝
մասնավորապես, նվիրված տարվա եղանակներին: Վերջին հավաքածուում գերիշխում են մարգարիտն
ու մարգարտանման ուլունքները, «Գարուն» հավաքածուն ստեղծված է մալախիտի ու բաց վարդագույն
կորալի հիմքի վրա, «Ամառում» վառվռուն-գունեղ քարերով ծաղիկներ են, իսկ «Աշունում»
նախապատվությունը տրված է սաթին, որը հեղինակի համոզմամբ խորհրդանշում է տերեւաթափը:
Ըստ տիկին Օլգայի, մոսկովյան ցուցահանդեսի մասնակիցներին ու այցելուներին հատկապես
դուր էին եկել հայաստանյան ագաթով եւ օբսիդիանով զարդերը: Ուշադրության են արժանացել
մասնավորապես «Շեր» (ի պատիվ հոլիվուդյան աստղի), «Իշխանուհի Օլգա», «Աստղիկ», «Թագուհի»,
«Ռուսական գեղեցկուհի», «Շարլոտա» զարդերը: Առանձնահատուկ շուքով աչքի է ընկել ցուցահանդեսի
փակման արարողությունը: Սրահում դրված էր շամպայնով լի մեծ փայտյա աքաղաղ: Յուրաքանչյուր
մասնակից, ով դիպլոմ էր ստանում, պարտադիր մոտենում ու շամպայն էր ըմբոշխնում: Ներկայումս
տիկին Օլգան զբաղված է նոր մտահղացումները իրականացնելով, մանավանդ, ինչպես ինքն
է ասում. «Մի աշխատանքը չավարտած՝ ուղեղումս մի ուրիշ բան է ծնվում: Երբեմն այնքան
եմ տարվում, որ գիշերներ եմ լուսացնում, արանքներում էլ հանգստանում եմ խաչբառ լուծելով»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել