Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի հայտ են եկել նոր պայքարողներ

Փետրվար 09,2005 00:00

«Վերեւների»
կոռուպցիայի դիտարկումներից «Մարդու իրավունքներ-ժողովրդավարություն» կուսակցության
ղեկավար Ռուբեն Թորոսյանը երեկ լրատվամիջոցներով փորձեց պատասխանել մոտ 10 օր առաջ
տեղի ունեցած հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի
նիստում հնչած կարծիքներին ու հայտարարություններին: Պրն Թորոսյանն այդ հանձնաժողովի
աշխատանքային խմբերից մեկի՝ «Դատական համակարգի» անդամ է եւ կարծում է, որ հանձնաժողովն
իր գոյության 6 ամիսների ընթացքում ոչինչ չի արել եւ որ «աշխատանքային խմբերը զբաղված
են աչքակապությամբ, բացակայում են ամենատարրական աշխատանքային սկզբունքները եւ մոնիտորինգը
վերածվել է ինչ-որ օրենքների նախագծերի մշակումների գործընթացի»: Ըստ նրա, հանձնաժողովը
ձեռնպահ է մնում ռազմավարության ծրագրով նախատեսված «վերեւների» կոռուպցիայի դիտարկումներից,
իսկ քաղաքական կոռուպցիային առնչվող աշխատանքային խումբ ընդհանրապես չի ստեղծվել:
Եվ այս պայմաններում, ըստ նրա, մոռացության են մատնվել վերջին ընտրություններում
տեղի ունեցած կոռուպցիոն դրսեւորումները եւ դրանց հետեւանքները: «Պատահական չէ, որ
1995-ից սկսած, իսկ 1998-ից հետո` իշխանությունների ձեւավորման գործում համատարած
կիրառում ստացած քաղաքական կոռուպցիան, խեղկատակության վերածեց 2003թ. ընտրությունները:
Իսկ վերջիններիս արդյունքում ձեւավորված եւ նախարարություններ նվեր ստացած «քաղաքական
կոալիցիա» կոչվող հակասահմանադրական մարմինը բացահայտորեն հասկացրեց, որ որեւէ ցանկություն
չունի պայքարել կոռուպցիայի իրական դրսեւորումների դեմ»: Պրն Թորոսյանը չմոռացավ
նշել այս բնագավառում նաեւ մարդու իրավունքների պաշտպանի անգործության մասին, եւ
եկավ եզրակացության, որ կոռուպցիայի եւ նրա հիմնաքարի՝ քաղաքական կոռուպցիայի դեմ
պետք է պայքարեն մեր երկրի քաղաքացիական հասարակության սուբյեկտները միայն: Այդ
կապակցությամբ կուսակցությունը հայտարարեց քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական-քաղաքական
խորհուրդ ստեղծելու իրենց նախաձեռնության մասին եւ կոչ է անում սույն խնդրով մտահոգ
բոլոր քաղաքական ու հասարակական կազմակերպություններին՝ մասնակցել խորհրդի ձեւավորման
աշխատանքներին: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել