Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀ-Ն ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԻՏԻ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ԿՆՔԵՆ»

Փետրվար 09,2005 00:00

Գտնում
է Աշոտ Բլեյանը Պատասխանելով «Առավոտի»՝ «Արցախի հարցի շուրջ հերթական սրացումների
արդյունքում հնարավոր եւ ճիշտ համարո՞ւմ եք Հայաստանում իշխանափոխությունը» հարցին՝
հայտնի քաղաքական գործիչ Աշոտ Բլեյանն ասաց. «Ես վերջին շրջանում լռում էի, որովհետեւ
խոսելը մի տեսակ չարախոսել կլիներ, քանի որ եղել է այն, ինչը չէր կարող չլինել: Ես
գոնե 1991 թվականից ասում եմ այդ մասին, այսինքն՝ դեպքերը գնում են այդ տրամաբանությամբ.
դա դեռ 1991-ին էր տեսանելի: Ցավոք, մենք, որպես իշխանություն՝ նկատի ունեմ բոլոր
իշխանություններին, ցույց չտվեցինք մեր ընդունակությունը, պատասխանը՝ պատմական իրադարձություններին
արձագանքելու՝ առաջադեմ հայացքը, հարեւանների հետ հարցերն ինքնուրույն լուծելու կարողությունը,
ուժը, թուրքից չվախենալը, այս ամենը դրա արդյունք է, թույլը կարող է ի հաշիվ իր կյանքի
վրեժ լուծել: Մենք մանդատ չունենք մեր երեխաների կյանքի հաշվին դա անել: Ազգայինի
տակ, փրփուրի մեջ կորցրինք կարեւոր բաներ: Եթե, օրինակ, 1992 թվականը լիներ, մենք
կարձանագրեինք այն, ինչն այդ ժամանակ ես խորհրդարանում արձանագրում էի. Զանգելանի
գրավումով՝ սկսած ազատագրական պայքարը արկածախնդրություն է դառնում, ավազակություն,
թալան, որը մեզ շեղեց Ղարաբաղի խնդրի կարգավորման հնարավորությունից: Եվ հիմա զարմանում
ենք, որ փաստահավաք խումբը կամ մյուսները մտել են այդ թալանված տարածքը եւ արձանագրում
են այն՝ ինչ կա: Խոսելու, ասելու բան, սկզբունքորեն, չունենք: Այդ թալանն ու ավազակությունը
եղել են եւ դա ոչ մի կապ չուներ Ղարաբաղի խնդրի, Ղարաբաղի ժողովրդի պայքարի հետ:
Էդ թալանն էլ Ղարաբաղի ժողովուրդը չի արել, թալանչիներն են արել: Ես ուղղակի ցավում
եմ, որ հազարավոր երիտասարդներ զոհվեցին»: Շարունակելով զարգացումների տրամաբանությունը՝
Աշոտ Բլեյանն ասում է. «1995-ին եւ 1996-ին՝ խորհրդարանական, նախագահական, ապա տեղական
ինքնակառավարման մարմինների ընտրություններից (ի դեպ, վերջինս ամենակարեւորն էր,
որովհետեւ նախագահականից հետո մենք այդպես էլ չտեսանք, թե ինչպես հրացանավոր մարդը
եկավ իշխանության) հետո ՀՀՇ քաղաքական ուժը, 1994 թվականի մայիսի հրադադարի համաձայնությունից
հետո, պետք է շատ արագ հավաքվեր, շունչ առներ եւ վերոնշյալ ընտրություններին գար
ոչ թե «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց», այլ՝ «Անվտանգ Հայաստան ու պաշտպանված
քաղաքացի» կարգախոսով: Այն, ինչը որ հիմա նախկին իշխանավորները խելոք-խելոք, երբեմն
հիշաչար խոսում են, պիտի անեին որպես իշխանություն: 1995-ին կամ կբացատրեինք, կհասկացնեինք
ժողովրդին եւ կստանայինք նրա քվեն, կամ՝ ընտրության միջոցով իշխանությունը կհանձնեին
այն քաղաքական ուժին, որն այսօր պատասխան կտար: Այսինքն՝ դրանով կկանխվեր կամ չէր
լինի 1998-ի իշխանափոխությունը»: Որ նման իշխանափոխություն թույլ տալ չէր կարելի՝
Բլեյանը կասկած չունի: Եվ միայն հիմա խոսել ԼՂՀ-ն բանակցային կողմ դարձնելու մասին,
նա չափազանց ուշացած է համարում: 2005-ին Աշոտ Բլեյանը հորդորում է՝ «Լսեցեք,
խնդրում եմ լսեցեք, որ Ադրբեջանն ու Հայաստանը պիտի հաշտություն կնքեն: Միջազգային
իրավունքի սկզբունքների հիման վրա պիտի գան փոխհամաձայնության՝ հանուն ՀՀ-ի եւ Ադրբեջանի
ինքնիշխանության, ժողովուրդների, ԼՂՀ-ի՝ իր հողում ազատ ապրելու իրավունքի»: Եվ այս
համատեքստում նա գտնում է, որ հրաշք կլիներ, եթե «այս ցաքուցրիվ ուժերը (նկատի ունի
ընդդիմությանը- Ն.Գ.), խելքի եկածները համախմբվեին, կոնսոլիդացիա լիներ եւ կայանար
հաշտություն՝ այդ դեպքում իշխանափոխություն կլիներ»: Սակայն կասկածում է, որ համախմբելու
գործում ինքը կարող է դերակատարում ունենալ: Իսկ ԵԽԽՎ՝ իր որակմամբ «վերջին
թղթերի» առիթով, Ա. Բլեյանը ապավինում է Աստծուն, որպեսզի «Արեւմուտքին հաջողվի ՀՀ-ին
եւ Ադրբեջանին պարտադրել խաղաղություն, միասին, ինտեգրված ապրել. դժվար է, բայց սրա
այլընտրանքը վտանգավոր մի բան է: Ես կուզենամ, որ այս իշխանությունը, թեկուզ ինքնապաշտպանության
մղումով, գնա քիչ դիմադրության ճանապարհով եւ հաշտությունը կայանա: Որ ասում են այդ
թղթերը հայանպաստ չի՝ ես չեմ հասկանում: Մենք չենք կարող հարցը լուծել, մարդիկ էլ
չլուծե՞ն: Սա պետք է դիտել՝ խաղաղությանը միտված քա՞յլ է, թե՞ ոչ»: «Առավոտի» դիտարկմանը՝
«Դեպքերի ոչ հաճելի զարգացումների դեպքում պատրա՞ստ է Ա. Բլեյանը կրկին Բաքու գնալ,
ինչպես արեց 1992-ին՝ «արյունահեղությունը կանխելու նպատակով» ձեւակերպմամբ», նա
պատասխանեց. «Ինչ խոսք… որ ասում ենք արյուն՝ այսպես ապրելը կամ չապրելը ինչո՞վ
արյուն չի, արյուն տալ չի»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել