Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՂԿԱՁՈՐԸ

Փետրվար 08,2005 00:00

ԾԱՂԿԱՁՈՐԸ ՎԵՐԱԾՆՎՈՒՄ Է Այս օրերին Ծաղկաձորում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկա: Առողջարար ցրտի սիրահարները հեղեղել են բոլոր հյուրանոցներն ու հանգստյան տները: Իսկ օլիմպիական ավանը շուրջ երեք շաբաթ զբաղեցրել էին Ռուսաստանի դահուկավազքի եւ բիաթլոնի ազգային հավաքականները: Նրանք նախապատրաստվում էին մրցաշրջան-2005-ին եւ, իհարկե, քառամյակի գլխավոր մեկնարկին՝ եկող տարի Իտալիայի Թուրին քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին: Ինչպե՞ս եղավ, որ տարիների ընդմիջումից հետո նրանք որոշեցին վերադառնալ Ծաղկաձոր եւ նոր մրցաշրջանին նախապատրաստությունը, ինչպես խորհրդային տարիներին, սկսել հենց հենց այստեղ: Մեր զրուցակիցն է դահուկավազքի կանանց հավաքականի մարզիչ, ԽՍՀՄ եւ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Նիկոլայ Լոպուխովը: – Դուք 70-80-ական թվականներին էլ եք եղել Ծաղկաձորում, սակայն վերջին 10-15 տարիներին ուսումնամարզական հավաքների ցիկլն սկսելու համար նախապատվությունը տալիս էիք Բակուրիանիին: Ի՞նչ փոխվեց այս տարի: – Մեր մարզաձեւում տարվա գլխավոր մեկնարկներին հաջող մասնակցելու համար անհրաժեշտ է նախապատրաստությունն սկսել միջին եւ բարձր լեռնային գոտիներում: Բակուրիանին էլ գտնվում է այդ գոտում, թեեւ մի փոքր ցածր է Ծաղկաձորից: Անցած տարի տղամարդկանց հավաքականի մարզիչ Յուրի Բորոդավկայի հետ միասին մի խումբ մարզիկների համար երկշաբաթյա փորձնական բազային հավաք կազմակերպեցինք Ծաղկաձորում: Եվ պատկերացրեք, նրանք ավելի լավ հանդես եկան պատասխանատու մրցումներում: Դրա համար էլ հիմա այստեղ ենք: – Մարզումային պայմաններն այստեղ բավարա՞ր են: – Ընդհանուր առմամբ՝ այո: Բնակլիմայական պայմանները հիանալի են: Անչափ գոհ ենք օլիմպիական բազայի աշխատակազմից: Նրանք չեն թողնում, որ մենք որեւէ խնդիր ունենանք: Բոլոր հարցերը լուծվում են անմիջապես: Չնայած հանուն ճշմարտության պիտի ասել, որ անելիքներ դեռ շատ ունեք: Նախ եւ առաջ նկատի ունեմ անվավոր դահուկների համար վազքուղի կառուցելը, առանց որի դահուկորդները դժվար թե ամռանը գան այստեղ: Կապիտալ նորոգման եւ ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն են զգում նաեւ ավանի մարզադահլիճները, մյուս օժանդակ կառույցները: Եթե այդ խնդիրները լուծվեն, համոզված եմ, Ծաղկաձորից դուրս չեն գա նաեւ մյուս մարզաձեւերի ներկայացուցիչները: – Հավաքի ավարտին այստեղ մրցումներ կազմակերպվեցին, որոնց տրվեցին Ռուսաստանի բաց առաջնություն կամ Ծաղկաձորի գավաթի խաղարկություն անունները: -Դրանք մեզ համար ըստ էության ընտրական մրցումներ էին, որոնց արդյունքով որոշելու էինք Ռուսաստանի ազգային հավաքականների կազմերը, որոնք հանդես են գալու տարվա գլխավոր մեկնարկներում: – Եվ կողմնորոշվեցի՞ք: – Այո: Եվ քանի որ ես պատասխանատու եմ դահուկորդուհիների համար, կարող եմ տալ միայն կանանցից մի քանիսի անունները: Մեր երկրի մարզական դրոշի պատիվը պաշտպանել վստահեցինք համաշխարհային սպորտի այնպիսի գերաստղերի, ինչպիսիք են օլիմպիական կրկնակի չեմպիոն Յուլիա Չեպալովան, աշխարհի չեմպիոններ ու մրցանակակիրներ Օլգա Զավյալովան, Եվգենիա Մեդվեդեւան, Լարիսա Կուռկինան եւ որիշներ: – Իսկ որո՞նք են այս տարվա ամենագլխավոր մրցումները: – Հիմա մեզ համար ամենից ավելի կարեւորը փետրվարի 17-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մեկնարկող աշխարհի առաջնությունն է: Մենք փետրվարի 7-ին այստեղից մեկնում ենք Մոսկվա, իսկ հաջորդ օրը՝ մրցավայր: – Եվ ի՞նչ հույսեր ունեք: – Կարծում եմ, Ծաղկաձորում անցկացրած ուսումնամարզական հավաքը իր դրական արդյունքը կտա: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել