Հաստ վիզն ու սափրած գլուխը պարտադիր չեն Թիկնապահների ասոցիացիան այլ որակներ է կարեւորում Հայաստանի թիկնապահների ազգային ասոցիացիայի (ՀԹԱԱ) նախագահ Ռոբերտ Նազարյանը փետրվարի 1-4-ը միջազգային «Անվտանգության տեխնոլոգիայի ֆորմ» գործնական ծրագրի շրջանակներում մեկնել էր Ռուսաստան՝ մասնակցելու թիկնապահների հատուկ կոնֆերանսին: Այնտեղ քննարկվել են անձնական անվտանգության խնդիրներ: Երեկ այս մասին մամուլի ասուլիս էին հրավիրել ասոցիացիայի անդամները: Ռ. Նազարյանի կարծիքով, ՀՀ-ում թիկնապահների մասին սխալ պատկերացում ունեն. «Փորձը ցույց է տալիս, որ մեր գործարարների կամ պաշտոնյաների թիկնապահները հիմնականում սպորտսմեններ են: Նրանք ընդամենը լավ արտաքին ունեն, մկանուտ թեւեր, հաստ վիզ, բայց բոլորովին պատրաստ չեն վտանգի պահին ճիշտ կողմնորոշվել: Ոմանք այնքան գեր են, որ քաշը թույլ չի տալիս մեքենայից 5 րոպեում դուրս գալ, էլ ուր մնաց օպերատիվ աշխատել»: Պարոն Նազարյանը նաեւ նշեց, որ թիկնապահ լինելու համար բոլորովին էլ պարտադիր չէ սափրած գլուխ կամ սեւ ակնոց ունենալ. «Ես ու գործընկերներս, օրինակ, խիտ մազեր ունենք ու չենք պատրաստվում դրանք սափրել: Ինչ վերաբերում է ակնոցներին, դրանք նախատեսված են արեւի ճառագայթներից խուսափելու, ուշադրության կենտրոնը թաքցնելու, երբեմն էլ՝ աչքերի հոգնածությունը ցույց չտալու համար»: Ըստ պրն Նազարյանի, մեր պետությունն այնքան էլ լուրջ չի վերաբերվում թիկնապահի մասնագիտությանը, այստեղ կարծես մատների արանքով են նայում ոչ միայն սովորական մարդու, այլեւ պետական պաշտոնյաների անձնական կյանքի անվտանգությանը: «Թիկնապահների ճիշտ աշխատանքի շնորհիվ կարելի էր կանխել, օրինակ, հոկտեմբերի 27-ի ողբերգությունը կամ Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի թունավորումը: Մինչդեռ վերջինիս թիկնապահներն անգամ չեն հասցրել առաջին բուժօգնություն ցույց տալ: Ի վերջո, պարտադիր չէ մարդուն կրակեն, որ թիկնապահը միջամտի, նա նաեւ պարտավոր է օգնել պաշտպանյալին թեկուզ ինֆարկտի դեպքում»: Պարզվում է, թիկնապահներն ունեն կանոններ: Նրանք չպետք է թույլ տան, որ պաշտպանյալը վտանգվի՝ նախօրոք հետախուզական աշխատանքների միջոցով կանխելով ամեն ինչ: Եթե, այնուամենայնիվ, վտանգն առկա է, թիկնապահը պետք է շտապ վնասազերծի հանցագործին, պաշտպանյալին տարածքից էվակուացնի անվտանգ տեղ: Թիկնապահի 3-րդ եւ ամենակարեւոր քայլը պետք է լինի վտանգի դիմագրավումը: Բանախոսը տեղեկացրեց, որ ՀՀ-ում այսօր գործում է թիկնապահների մասնագիտացված 7-8 դպրոց: Նրանց ասոցիացիան իրականացնում է հատուկ որակավորման դասընթացներ. սկսնակների համար՝ 6-ամսյա, իսկ փորձառուների համար՝ 6-15-օրյա: Տրվում է նաեւ համապատասխան վկայական: «Թիկնապահ ընտրելիս հաշվի ենք առնում հոգեբանական խառնվածքը: Մելանխոլիկները հարմար չեն. էքստրեմալ իրավիճակներում իրենց կորցնում են… Հայաստանում պրոֆեսիոնալ թիկնապահը ստանում է ամսական $300-$400, ՌԴ-ում՝ $900-$1500 դոլար: Ավելի պրոֆեսիոնալներին Ռուսաստանում վճարում են ժամավարձով՝ 35-40 եվրո: Ի դեպ, արտերկրում նախապատվությունը տալիս են կին թիկնապահներին, քանի որ նրանց զգայարաններն ավելի լավ են աշխատում ու աննկատ են մնում հանցագործների աչքից: Մեր ասոցիացիայում ներկայումս սովորում է մեկ կին թիկնապահ»,- ասաց Ռ. Նազարյանը: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ