Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

Փետրվար 08,2005 00:00

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆՎԱԶԵԼ Մասնագետների վերլուծությամբ, շարունակական դեֆլյացիան (դրամի արժեւորումը) շուտով հանգեցնելու է արտահանման ծավալների նվազման: Որոշակի տատանումներով դեֆլյացիան շարունակվում է մոտավորապես 6-7 ամիս եւ նահանջի միտում ցույց չի տալիս: Իսկ արտահանման նվազման նախանշաններն արդեն իսկ առկա են: Մինչդեռ փորձված մեթոդ է՝ նույնիսկ զարգացած պետությունները սղաճի (ինֆլյացիայի), թեկուզ արհեստականորեն, որոշակի մակարդակ են պահպանում՝ արտահանման խթանման, հետեւաբար՝ տնտեսության զարգացման նպատակով: Եվ պատահական չէ, որ ժամանակին երկրի դրամավարկային քաղաքականությունը հաստատելիս անպայման ամրագրվում էր ինֆլյացիայի որոշակի մակարդակ, որը պետք է ապահովվեր պետական մարմինների ծրագրված գործունեության արդյունքում: Դոլարի նկատմամբ դրամի արժեւորման նկատմամբ ամենազգայունը ակնագործությունն ու ոսկեգործությունը գտնվեց: Այսօր Մաքսային պետական կոմիտեում արտահանման տվյալներն ամփոփում են երկու ձեւով. ադամանդագործության ցուցանիշները ներառյալ եւ առանց դրանց: Սա պատահական չէ, որովհետեւ վարչարարության շնորհիվ հաջողվել է բարելավել մաքսային մուտքերի ցուցանիշները, արդեն տարեկան միջինը ապահովվում է 100-110 տոկոսի աճ: Ադամանդագործության ցուցանիշները ներառելիս տվյալները ստացվում են համեմատաբար համեստ կամ նվազող: Բնական է, որ մաքսավորների համար ցանկալի չէ սեփական աշխատանքի արդյունքը ստվերել կողմնակի երեւույթներով. մանավանդ որ, այս ոլորտում ստվերային տնտեսության դեմ պայքարը չուղեկցվեց այնպիսի անընդունելի մեթոդների դրսեւորումներով, որոնք նկատվեցին հարկային համակարգում: Ստացված տեղեկությունների համաձայն, 2004 թվականին 385 միլիարդ 539 մլն դրամի ապրանք է արտահանվել Հայաստանից: Իսկ նախորդ տարվա ընթացքում դրանից ավելին՝ 385 միլիարդ 963 մլն դրամի: Մաքսավորների հաշվարկներով, նվազումը տեղի է ունեցել ադամանդագործության ծավալների կրճատման պատճառով: Մինչդեռ այս ոլորտի տվյալները առանձնացնելիս միանգամայն այլ պատկեր է ստացվում, ըստ որի, արտահանման ծավալներն աճել են: Այլ ապրանքատեսակների հետ կապված եւս մասնագետները արտահանման ծավալների կրճատում են կանխատեսում, եթե շարունակվեն դեֆլյացիոն երեւույթները: Ադամանդագործության ցուցանիշների նվազումը դոլարի նկատմամբ դեֆլյացիային վերագրեց նաեւ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ակնագործության եւ ոսկեգործության բաժնի պետը, որն օրերս կայացած իր ասուլիսում երեւույթն այսպես մեկնաբանեց. «դոլարից կախումը մեծ է, որովհետեւ ԱՄՆ-ն է ստանում այս ճյուղի արտադրանքի 50 տոկոսից ավելին»: Իհարկե, այն հանգամանքը, որ Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշռում պատկառելի ծավալ է զբաղեցնում նաեւ եվրոյի (որի նկատմամբ արտարժույթի շուկայում դրամի արժեւորում չի արձանագրվում) գոտու պետությունների հետ առեւտրաշրջանառությունը, դանդաղեցնում է արտահանման ծավալների նվազման միտումները: Ինչպես նաեւ մաքսային մուտքերի վարչարարության բարելավման հաշվին են այդ ցուցանիշները գերակատարվում: Սակայն սրանք անսպառ ռեսուրսներ չեն եւ, ի վերջո, դեֆլյացիան իր հետեւանքները կունենա արտահանման, հետեւաբար, ողջ տնտեսության հետագա զարգացման ու կառուցվածքի վրա: Այնուամենայնիվ, այն հանգամանքը, որ Հայաստանի հետ առեւտրում դեռեւս մեծ է դոլարիզացված երկրների հետ ապրանքաշրջանառությունը, արտահանման համար այս պահին խնդիրներ է ենթադրում: Իհարկե, եթե նույնիսկ դրամ-դոլար փոխհարաբերությունները դրամի արժեւորում համարվի, ապա, ամեն դեպքում, մասնագետների համար անբացատրելի է մնում այն հանգամանքը, որ դրամը մեծ մասամբ կամ արժեզրկվում է եվրոյի նկատմամբ, կամ պահպանվում նույն մակարդակի վրա: Մեր տեղեկություններով, դեֆլյացիայի վերաբերյալ իրենց անհանգստությունները գործարարները հայտնում են նաեւ պետական մարմիններին՝ համապատասխան քաղաքականություն մշակելու ակնկալիքով: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել