Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԻ

Փետրվար 08,2005 00:00

ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ Փետրվարի 4-ին, 20.30-ի սահմաններում, «ՏԷՑ-ի կրուգ» կոչվող տարածքում (Արցախի փողոց) սկսվել է փոխհրաձգություն: 10-15 րոպե տեւած արյունոտ «ռազբորկայի» արդյունքում «Էրեբունի» բժշկական կենտրոնի ճանապարհին BMW մեքենայի մեջ մահացավ հրազենային վնասվածք ստացած Մհեր Տեր-Հարությունյանը: Հիվանդանոց տեղափոխվեցին եւս երկուսը՝ Արմեն Ալբերտի Խաչատրյանը եւ Տիգրան Գագիկի Նազարյանը: «Առավոտի» տեղեկություններով, դեպքի վայրում եղել է մոտ 15 ավտոմեքենա՝ «Մերսեդեսներ», ՎԱԶ 21015 արծաթագույն երկու ավտոմեքենա, իսկ փոխհրաձգությունից հետո ոստիկաններն այնտեղ հայտնաբերել էին AKM եւ AKC տեսակի ինքնաձիգներ՝ 5X45 մմ եւ 7X62 մմ տրամաչափերի 100-ից ավելի պարկուճներ: Ուշագրավ է, որ վիրավորներից մեկը հիվանդանոց էր տեղափոխվել ինքնաձիգը վզին: Դեպքի շարժառիթը, հավանաբար, թիվ 69 երթուղային գծի համար կռիվն էր: Ըստ այդ վարկածի՝ «գիծը» վիճարկող օլիգարխները «պատերազմի» էին գործուղել թաղային հեղինակությունների եւ իրենց թիկնապահներին (մեկը մյուսից տարբերելը երբեմն անհնարին է): Որպես միջադեպի մասնակիցներ նշվում են «Ռաշիդը» (նախկին միլպետ, հեղինակությունների վստահելի մարդը), նրա որդի Նորոն, «յոնջալաղցի Լյովը», «Բանգլադեշի Համոն», «Չախկալը»: Մեր տեղեկություններով, ոստիկանները համառորեն փնտրում են «Մետաքսի Պելեին», որի մեքենան գտնվել է դեպքի վայրում: Հիշյալ մարդկանցից շատերը մամուլում հիշատակվում էին որպես այս կամ օլիգարխի թիկնապահ: Հիշեցնենք, որ «Բանգլադեշի Համոն» նույն ինքը Արմեն Ավետիսյանն է, որը անցած տարվա մայիսի 5-ին նույն օլիգարխների կողմից ուղարկվել էր ընդդիմության հանրահավաքը խանգարելու եւ իրեն նկարահանող լրագրողների վրա հարձակվելու համար դատարանի կողմից ստացել էր զուտ խորհրդանշական պատիժ՝ 100 հազար դրամ տուգանք: Երեկ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացանք, որ փետրվարի 6-ին ինքնակամ ոստիկանություն են ներկայացել «ռազբորկայի» մասնակիցներից՝ 1983թ. ծնված Կարեն Ղալթախչյանը եւ 1982թ. ծնված Սամսոն Վարդանյանը: Վերջինս հանձնել է իր մոտի «Մակարովը», փամփուշտները եւ նաեւ հայտնել, որ փոխհրաձգության ժամանակ ինքը կրակահերթ է բացել: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել