Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 08,2005 00:00

ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ Կիրակի օրը հեռուստացույցի ալիքները փոխելիս 2-3 րոպե կանգ առա «Հայլուրի» վրա: Այդ 2-3 րոպեում բավականին կարեւոր ինֆորմացիա իմացա: Պարզվում է՝ Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ 1416 բանաձեւը այնքան էլ անբարենպաստ չէր մեզ համար, որովհետեւ առաջ է քաշում հանրաքվեի գաղափարը: Որպես դրա ապացույց՝ «Հայլուրը» բերում է բանաձեւի երկրորդ կետի հետեւյալ հատվածը. «Վեհաժողովը վերահաստատում է, որ ռեգիոնալ տարածքի անկախությունը եւ անջատումը որեւէ պետության կազմից կարող է տեղի ունենալ միայն օրինական եւ խաղաղ գործընթացի միջոցով, որը հիմնված է տվյալ տարածքի բնակիչների ժողովրդավարական աջակցությանը»: Այստեղ «Հայլուրի» մեկնաբանը վերջակետ է դնում: Այնինչ՝ բանաձեւում դրված է ստորակետ, որից հետո գալիս է մեջբերված մտքի շարունակությունը. «այլ ոչ զինված հակամարտության բռնկման ժամանակ, ինչը հանգեցնում է էթնիկ վտարումների եւ տվյալ տարածքի փաստացի կցմանը մեկ այլ պետության»: Այսինքն՝ բանաձեւի այս հոդվածը ավելի պարզ կարելի է ձեւակերպել այսպես. «Տարածքը կարող է անկախանալ ժողովրդավարական ճանապարհով, մինչդեռ դուք՝ հայերդ, այդ տարածքը ռազմական ուժի օգտագործմամբ կցել եք ձեր պետությանը, հետեւաբար՝ անկախացման այդ ճանապարհը ձեզ համար փակ է»: Եթե որեւէ կասկած կա, որ բանաձեւի այս կետի իմաստը հենց դա է, ապա կարելի է եւս մեկ անգամ կարդալ Դեյվիդ Աթկինսոնի հարցազրույցը BBC-ին, որտեղ նա ուղիղ տեքստով ասում է, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը Ղարաբաղի դեպքում կիրառելի չէ: Արդյո՞ք ԵԽԽՎ-ի եւ Աթկինսոնի մոտեցումներն արդարացի են: Իհարկե՝ ոչ: Հայերն իրենց քմահաճույքի համար չեն գրավել այդ հողերը: Ոչ էլ բնատուր ագրեսիվության պատճառով: Եթե չգրավեինք, Ղարաբաղում ոչ մի հայ չէր մնա: Եթե հիմա տանք՝ առանց հստակ միջազգային երաշխիքների, ապա՝ դարձյալ չի մնա: Հետեւաբար, դա մեր կողմից պարզ ինքնապաշտպանություն էր: Բայց պետք է ընդունել, որ Աթկինսոնը եւ ԵԽԽՎ-ն այդպես չեն մտածում: Դրանից չարժե ողբերգություն սարքել՝ ինքնին բանաձեւը մեր ժողովրդի համար ճակատագրական նշանակություն չի ունենա: Սուտ խոսելն ավելի ճակատագրական է: Այստեղ հարցը միայն քարոզչությունը չէ՝ ժողովրդին խաբել եւ ասել, որ ամեն ինչ լավ է: Խնդիրն ավելի լուրջ է. իշխանությունն ինքը չի ուզում ճշմարտության երեսին նայել: Արիությունն ու հեռատեսությունը չեն հերիքում: Իսկ ինչպես հայտնի է՝ ստի ամենավտանգավոր տեսակը ինքնախաբեությունն է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել