Լրահոս
Օրվա լրահոսը

Անպատասխան

Փետրվար 08,2005 00:00

Անպատասխան հարցեր Այսօր Վրաստանի ներքաղաքական եւ ներհասարակական մթնոլորտը շատ բաներով հիշեցնում է Հայաստանում «Հոկտեմբերի 27»-ին հաջորդած ժամանակները: Վրաց հասարակայնությունն ուղղակի բզկտվում է վարչապետի մահվան հանգամանքներին առնչվող հարցեր առաջադրելով եւ դրանց պատասխանները չստանալով: Վրացական մամուլում հիմնականում շրջանառվում են 9 անպատասխան հարցեր, որոնք ներկայացնում ենք ստորեւ: 1. Ինչո՞ւ իշխանությունները կատարվածն այդքան հապճեպ գնահատեցին դժբախտ դեպք՝ չսպասելով անգամ փորձաքննության ամենանախնական արդյունքներին: 2. Ինչո՞ւ է Ժվանիայի հետ մեկտեղ զոհված Ռաուլ Յուսուպովը բնակարան վարձել Թբիլիսիում, երբ այնտեղ նա ուներ բնակարան, իսկ վարձված բնակարանի մասին ոչ նրա հարազատները եւ ոչ էլ ընկերները տեղյակ չէին: 3. Որքանո՞վ են հիմնավորված շրջանառվող այն լուրերը, թե վերջին տարվա ընթացքում բարձր իշխանավորների մերձավորների միջոցով Թբիլիսիում վարձվել են այդ կարգի տասնյակ «կոնսպիրատիվ» բնակարաններ: 4. Ինչո՞ւ Յուսուպովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, Ժվանիայի մտերիմն էր, վերջին շաբաթվա ընթացքում միջնորդների, մասնավորապես՝ պատգամավոր Վասիլի Մագլաբերիձեի միջոցով համառորեն ձգտում էր հանդիպում ունենալ վարչապետի հետ: 5. Ինչո՞ւ հենց այդ չարաբաստիկ գիշերը Ժվանիան փողոց ուղարկեց իր թիկնազորին, որն, ըստ էության, պարտավոր էր ամենուր ուղեկցել նրան: 6. Ինչո՞ւ էր Յուսուպովը բնակարանում 3 ամիս առաջ տեղադրված իրանական գազավառարանը փոխարինել ճիշտ նույնպիսի վառարանով, որի՝ այրված գազի հեռացման համար նախատեսված խողովակը, սակայն, հակառակ շահագործման բոլոր նորմերի՝ անթույլատրելիորեն կարճ է եղել: 7. Ինչո՞ւ Յուսուպովի հարեւանները ոչ մի ձայն չեն լսել, երբ թիկնապահները ջարդում էին բնակարանի դուռն ու լուսամուտները: 8. Բացի Մագլաբերիձեից, ուրիշ ո՞վ գիտեր, որ հենց այդ գիշեր Ժվանիան պատրաստվում է հյուրընկալվել Յուսուպովին: 9. Արդյոք վերջինիս բնակարանում գտնվե՞լ է ինչ-որ երրորդ անձնավորություն: Ի վերջո, ինչպե՞ս կատարվածն այդքան արագ հայտնի դարձավ լրագրողներին: Վերջին օրերին այս կարգի կասկածներից շիկացած մթնոլորտն էլ ավելի թունավորվեց, երբ հայտնի դարձավ, որ իր բնակարանում ինքնասպան է եղել նախագահի աշխատակազմի աշխատակից, 32-ամյա Գեորգի Խելաշվիլին: Վերջինս, ի դեպ, նույնպես դասվել է Ժվանիայի մերձավորների շարքում: Այս դեպքում եւս հրապարակային շարժառիթները կասկածելիորեն բացակայում են. ընդամենը նշվում է, որ Խելաշվիլին ծայրահեղ դեպրեսիայի մեջ է եղել: Անորոշության պատկերն ամբողջանում է այն տեղեկատվությամբ, ըստ որի՝ օրերս Մոսկվայում սպանվել է վրաց խոշոր գործարար եւ դարձյալ Ժվանիայի մերձավոր ընկեր Մամուկա Ջինչարաձեն: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել