Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող են պարտադրել խաղաղության

Փետրվար 08,2005 00:00

Կարող են պարտադրել խաղաղության Կարծում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Քաղաքագետ, «Արմատ» կենտրոնի քաղխորհրդի անդամ Ստեփան Գրիգորյանը վստահ է, որ միջազգային հանրության կողմից հնչող հայտարարությունները՝ 2005-ի ընթացքում լուծել ԼՂ հակամարտությունը, լուրջ եւ հիմնավոր մտադրություն է, որովհետեւ խնդրի կարգավորումը ձգձգելու ռեսուրսը, նրա ասելով, սպառվել է: «Միջազգային հանրության շահերը մեր տարածաշրջանում օրըստօրե մեծանում են, եւ նա շահագրգիռ է այն կայուն տեսնել: Եթե մի քանի տարի առաջ ԼՂ վերաբերյալ մեկ տարվա ընթացքում առավելագույնը 3-4 կարեւորագույն փաստաթղթեր էին ընդունվում, ապա հիմա ամեն օր կամ լրջագույն փաստաթուղթ է ընդունվում, կամ հայտարարություն է արվում»,- նկատեց քաղաքագետը: Հնարավո՞ր է, որ միջազգային հանրությունն էլի մեզ ժամանակ տա՝ մեր հասարակություններին պատրաստելու համար: Ըստ Ստ. Գրիգորյանի՝ ոչ, որովհետեւ «նախ աշխարհն այսօր լավատեղյակ է, որ հենց երկու երկրների իշխանությունները պատրաստ չեն հարցի լուծմանը: Նրանք լավ գիտեն նաեւ, որ հասարակության կողմից դժգոհության ակցիաներն իրականում ով է կազմակերպում: Մյուս կողմից՝ եթե, Աստված չանի, աշխարհը համոզվի, որ, իրոք, ոչ մեր իշխանությունները, ոչ հասարակությունները պատրաստ չեն հիմնախնդրի լուծմանը փոխզիջումային տարբերակով, որ ՀՀ քաղաքական շրջանակներում այլընտրանք չկա, չկան այլ կերպ մտածող ուժեր եւ մարդիկ, դրանից վտանգավոր բան չկա: Դա ինքնաբերաբար կնշանակի ԼՂ կորուստ հայ ժողովրդի համար: Որովհետեւ այդ դեպքում աշխարհը հակված կլինի քաղաքական այլընտրանք որոնել եւ ՀՀ-ում, եւ Ադրբեջանում: Իսկ եթե նա այդ այլընտրանքն էլ չտեսնի՝ ուղղակի ջարդելով կօտարի մեզանից այդ տարածքները»,- հայտարարեց Ստ. Գրիգորյանը: Ի՞նչ ասել է՝ ջարդելով. ուժի կիրառո՞ւմ: «Այո: Դա կոչվում է «հարկադրել խաղաղության»: Այդ դեպքում կիրառվում են միջազգայնորեն ընդունված տարբերակներ, ինչպիսին էր, օրինակ՝ դեյթոնյան տարբերակը: Համապատասխան մեխանիզմներ շատ կան՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական: Կան նաեւ նախադեպեր: Երբ աշխարհը չէր կարողանում լեզու գտնել Հարավսլավիայի նախագահ Միլոշեւիչի հետ, այդ երկրից անընդհատ տարածքներ էին պոկում. նախ՝ Խորվաթիան, Սլովենիան, Մակեդոնիան, Միլոշեւիչը համառեց՝ օտարեցին Կոսովոն: Երբ հերթը հասավ Չեռնոգորիային, Սերբիայի ներսում գտնվեցին ազատական ու ժողովրդավարական ուժեր, որոնց վրա աշխարհը հենվեց, իսկ Չեռնոգորիայի օտարումը Սերբիայից դադարեցվեց: Եթե աշխարհը մտածի, որ ՀՀ-ում իշխանությունն ու հասարակությունը ԼՂ հարցում միախմբված են, ապա՝ կորուստն անխուսափելի է: Այսօր մեզ սպառնացող վտանգներն անհամեմատելի են 2-3 տարի առաջ եղած սպառնալիքների համեմատ: Եթե մենք ԼՂ կարգավորման հարցում համախմբվենք այս իշխանությունների հետ՝ ԼՂ-ն կկորցնենք: Պետք է հասկանալ աշխարհում ընթացող պրոցեսների տրամաբանությունն ու հզոր կազմակերպությունների սկզբունքները. անհանդուրժող իշխանությունների եւ հասարակությունների հետ նրանք դաժան են վարվում»,- այսպիսի անմխիթար կանխատեսում արեց Ստ. Գրիգորյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել