Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԱՆՀԵՏԱՑԱՆ «ԴԻՆՈԶԱՎՐԵՐԸ»

Փետրվար 08,2005 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԱՆՀԵՏԱՑԱՆ «ԴԻՆՈԶԱՎՐԵՐԸ» Ավանդների վերաբերյալ կոալիցիան իր տղամարդու խոսքը կասի։ Երբ նախագահը թույլ տա։ Երեկ ՀՀ հիմնի հնչյունների ներքո սկսվեց ԱԺ գարնանային նստաշրջանը եւ անմիջապես պարզ դարձավ, որ ավելի լավ կլիներ, որ չսկսվեր, քանի որ ԱԺ մեծամասնությունը ավելորդ անգամ ցույց տվեց իր անաշխատունակությունը՝ ընդդիմության ներկայության պարագայում: Երեկ խորհրդարան էին եկել ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Ազգային միաբանությունն» ու «Արդարությունը», որոնք իրենց ներկայությամբ, իսկ «Արդարությունը» նաեւ իր ակտիվությամբ, ստեղծեցին այնպիսի իրավիճակ, որ խորհրդարանական մեծամասնությունը, ըստ էության, չկարողացավ նորմալ աշխատել: Խորհրդարանը երեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում ի վիճակի չեղավ հաստատել եռօրյայի օրակարգը եւ զբաղվել օրինաստեղծ աշխատանքով: Թերեւս այս իրավիճակի համար, ընդդիմությունից բացի, «մեղքի» իրենց բաժինն ունեին նաեւ «Ժողպատգամավոր» խումբն ու ՄԱԿ խմբակցությունը, որոնք հարմար առիթ գտան կոալիցիային հասկացնելու, որ իրենք կարող են ցանկության դեպքում խանգարել օրենքները դակելու «պարզեցված» գործընթացին։ Առանց այն էլ աղքատիկ օրակարգով (մոտ 50 հարց) օրենսդիր մարմինը կարող է աշխատել լավագույնս մեկ օր, իսկ ինչո՞վ պետք է զբաղվեն օրինաստեղծները եռօրյայի մյուս օրերին, մանավանդ՝ ընդդիմությունն այլեւս ներկա չի լինելու որպես մեծամասնությանը «աշխատեցնող» ուժ: Մնում է փակել դռներն ու տուն գնալ, բայց դա եւս ելք չէ: Բա եվրոպաներում մեր մասին ի՞նչ կմտածեն: Ստեղծված իրավիճակը ամենեւին էլ ճգնաժամային չի համարում ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը. «Ուրիշի տակտիկական հաշվարկներից ելնելով՝ մենք մեզ պարտավորված չենք զգում ստրատեգիական որոշումներ կայացնել»: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ «Եռօրյան տապալելն այդքան հեշտ գործ չէ»: Հեշտ թե դժվար, այնուամենայնիվ, խորհրդարանում երեկ բավականին խառնաշփոթ իրավիճակ Էր: Ինչպես եւ սպասվում էր, «Արդարություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը՝ ավանդների վերադարձման մասին հարցը եռօրյայում ընդգրկելու խնդիրը խլեց խորհրդարանական աշխատաժամանակի առյուծի բաժինը: Հարցը թեպետ մնաց օրակարգում, սակայն չընդգրկվեց եռօրյայի օրակարգ: Որպես հարցը հետաձգելու փաստարկ՝ կոալիցիան ներկայացնում էր Ռոբերտ Քոչարյանի հրամանով ստեղծված՝ ավանդների վերադարձման հարցն ուսումնասիրող աշխատանքային խմբից իր սպասելիքները, առաջարկելով սպասել մինչ այդ խմբի աշխատանքի ավարտ եւ համապատասխան եզրակացություն: Իսկ ընդդիմությունն իր հերթին այդ փաստը որակում էր որպես կոալիցիայի կախյալ վիճակ Ռոբերտ Քոչարյանից եւ առաջարկում էր օրենսդիր մարմնին՝ մնալ համապատասխան դիրքերում եւ չդառնալ գործադիր մարմնի, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի կցորդը: Իսկ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն առաջարկում էր. «Կսպասենք մեկ ամիս, երկու ամիս, չեմ կարծում, որ շատ երկար տեւի այդ ուսումնասիրությունը, կգա առաջարկությունը, եւ բնականաբար մենք կանդրադառնանք խնդրին, հարցը վերջնականորեն կքննարկվի եւ կփակվի: Սա է մոտեցումը, որեւէ մեկի որեւէ հարց յուրացնելու, այլոց իրավունքները ոտնահարելու որեւէ նպատակ չի եղել, եւ համոզված եմ՝ չի լինի նաեւ հետագայում»: Տիգրան Թորոսյանը փորձում էր հասկացնել, որ խորհրդարանի կոալիցիոն ուժերի մոտեցումները ավանդների վերադարձման հարցում չեն փոխվել, պարզապես «Այժմ անհրաժեշտություն կա, որ գործադիր իշխանության մեջ ստեղծված այս խումբը եւս մեկ անգամ քննարկի եւ իր տեսակետներն արտահայտի»: Հմայակ Հովհաննիսյանը, որին անցած տարվա վերջին տասնօրյակում հաջողվեց հավաքել բավարար ստորագրություններ՝ ավանդների հարցն արտահերթ օրակարգ մտցնելու համար, եւ որի նախաձեռնությունը խորհրդարանական մեծամասնությունը փառահեղ ձախողեց՝ քվորում չապահովելով, երեկ իր հերթին փորձում էր համոզել կոալիցիային՝ քանի որ ընդդիմությունը եկել է խորհրդարան հարցը քննարկելու, իսկ կոալիցիան շարունակ միասին աշխատելու կոչեր է անում, հիմա ճիշտ պահն է այդ բանն անելու. «Դուք հիմա գուցե կորցնում եք այս ԱԺ-ի աշխատունակ դարձնելու վերջին շանսը, ի՞նչ է նշանակում գործադիրը ստեղծել է հանձնաժողով, մի՞թե ԱԺ-ն գործադիրի կցորդն է. եթե կցորդն է, ուրեմն այս երկրում չի գործում իշխանությունների տարանջատման սկզբունքը»: Հմայակ Հովհաննիսյանը կոչ արեց ցույց տալ, որ «ԱԺ-ն իշխանության ինքնուրույն մարմին է եւ ղեկավարվում է ոչ թե հարգարժան հանրապետության նախագահի կողմից, այլ՝ սեփական նախաձեռնությամբ հարցեր է քննարկում: Այլապես ասեք, որ մենք ապրում ենք տոտալիտար երկրում»: Ըստ պարոն Հովհաննիսյանի. «Ինչպես ապրիլի լույս 13-ի գիշերը շուրջկալ օպերացիա կիրառեցին ժողովրդի դեմ, այնպես էլ այսօր, խորհրդարանի պատերի ներսում շուրջկալ օպերացիա են օգտագործել այս հարցի լուծման նկատմամբ»: Օրվա «կռվի» հեղինակ Վիկտոր Դալլաքյանը կոալիցիային հիշեցրեց, թե ինչո՞ւ անհետացան երկրի երեսից դինոզավրերը՝ որովհետեւ անհանդուրժող էին, եւ Վ. Դալլաքյանը խորհրդարանական մեծամասնությանը դինոզավրերի պես «անհետանալու» վտանգից զերծ պահելու համար առաջարկեց հանդուրժող լինել եւ ավանդների վերադարձման հարցը ընդգրկել եռօրյայի օրակարգ: Շավարշ Քոչարյանը իր հերթին համոզում էր, որ ՀՀ գերխնդիրն այն է, որ «Նախագահն ունի դոմինանտ դեր ամեն ինչի վրա եւ ինքն է թելադրում ամեն ինչ: Երբ կոալիցիան սա հասկանա եւ ետ կանգնի դրանից՝ նպաստելով, որ երկրում ժողովրդավարական գործընթացներ ընթանան, մենք կունենանք համագործակցություն»: Խորհրդարանական մեծամասնությունը գերադասեց «դինոզավրությունը», եւ, փաստորեն, 32 կողմ, 22 դեմ եւ 13 ձեռնպահ ձայներով ավանդների վերադարձման մասին օրինագիծը չընդգրկվեց եռօրյայի օրակարգ: Այն այժմ գտնվում է նստաշրջանի օրակարգում եւ, ԱԺ կանոնակարգի համաձայն, 60 օր հետո պետք է քննարկվի այն եռօրյա նիստերում քննարկելու հարցը, եթե մինչ այդ հեղինակը կամ համապատասխան հանձնաժողովը համատեղ հայտարարություն չներկայացնեն: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել