Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՎԱԿՆԵՐԸ

Փետրվար 08,2005 00:00

ԶԱՎԱԿՆԵՐԸ ԽԺՌԵՑԻՆ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» «Կենտրոն» հեռուստաընկերությունն անցած աշնանը, անոնսային մեծ արշավից հետո, սկսեց եթեր հեռարձակել Վահրամ Մարտիրոսյանի «Հեղափոխություն» հաղորդաշարը: Մեկ-երկու շաբաթից այն դադարեց, վերսկսվեց նոյեմբերին, դեկտեմբերի առաջին օրերին վերջնականապես փակվեց: – Պարոն Մարտիրոսյան, ինչո՞ւ փակվեց «Հեղափոխությունը»: – Ես ավելի շատ կուզենայի իմանալ՝ ինչո՞ւ բացվեց, ինչո՞ւ ինձ հրավիրեցին քաղաքական հաղորդաշար վարելու: – Միգուցե պատճառն այն էր, որ եվրոպական կառույցները քննադատո՞ւմ էին Հայաստանի իշխանություններին խոսքի ազատության սահմանափակումների համար, եւ «այլախոհ» լրագրո՞ղ էր պետք: – Չեմ բացառում, որովհետեւ, ըստ նախնական պայմանավորվածության, ես քննադատության, թեմաների ու հյուրերի ընտրության հարցում պետք է լինեի լրիվ ազատ: – Եթե ճիշտ եմ նկատել, «Հեղափոխությունն» առաջին անգամ դադարեցվեց հոկտեմբերի 27-ին նախորդող շաբաթում: Համարյա նույն ժամանակ վերազինման պատրվակով մեկամսյա արձակուրդ գնաց «Ար» հեռուստաընկերությունը, հետո վերաբացվեց՝ առանց Արծրուն Պեպանյանի «Ճանապարհ» հաղորդաշարի: – Բնական է, որ շաբաթվա թեմաս հոկտեմբերի 27-ն էր լինելու՝ 5-րդ տարելիցն էր: Ինձ վիճակը ներկայացվեց այսպես. մեծ ճնշում կա «Կենտրոն» հեռուստաընկերության վրա, եւ պարզապես պետք է զգույշ լինել մեկ ամսվա չափ: – Արդյոք «Հեղափոխությունն» այդքան սո՞ւր էր, որ հենց Ձեր հաղորդումը դադարեցվեց: – «Հեղափոխությունը» խժռեց իր հեղինակին… Ըստ երեւույթին, անունն իսկապես դեր ունեցավ. մեր 2003-ի ընտրություններն ու Վրաստանի դեպքերը թերեւս ավելի շատ են քայքայել իշխանության նյարդերը, քան մենք պատկերացնում ենք: Գումարած՝ իմ առաջին շաբաթվա թեման ապրիլի 12-13-ի իրադարձություններն էին, առաջին հյուրս՝ Ստեփան Դեմիրճյանը: Բայց կարեւորն ուրիշ բան է: Այն ժամանակից, երբ փակվել է «Ա1+»-ը, այն ժամանակներից, երբ մրցակցություն կար «Ար»-ի եւ «Ա1+»-ի միջեւ՝ թե ում քաղաքական հաղորդումներն են ավելի համարձակ, շատ են փոխվել չափանիշները: Որքան գիտեմ, «Ա1+»-ի լրագրողները որոշել էին չընդունել ուրիշ հեռուստատեսություն տեղափոխվելու ոչ մի առաջարկ: Այսօր, եթե փորձեն էլ, չեն կարող ուրիշ տեղ աշխատանքի ընդունվել: Այսինքն՝ իշխանությունից տարբեր քաղաքական հայացքներ ունեցող որեւէ հեռուստալրագրող չի կարող այլեւս աշխատել իր մասնագիտությամբ: Ստեղծվել է իշխանության կողմից կարգավորվող հեռուստացանց: Կոչենք՝ ԿՀ: ԿՀ-ի բոլոր հեռուստատեսությունները խիստ վերահսկողության տակ են՝ քննադատությունը, որ հնչում է, ընդդիմադիր գործիչները, որ առկայծում են եթերում, վերեւի քվոտաների շրջանակում են: Համապատասխան քվոտաներով էլ ԿՀ-ում բաշխվում են մեծ գովազդատուները: Այստեղ տուժում են խմբիշխաններին հանձնված հեռուստաընկերությունները, որոնց գովազդ չի հասնում՝ տերերը մեծահարուստ են: Ուստի դրանք գործում են բիզնեսի որեւէ տրամաբանության հակառակ: Արդյունքում աշխատակիցներին «բնամթերքով» են վճարում կամ հետին թվով կրճատում աշխատավարձերը, թերթերի հացն են խլում՝ վազող տողով էժանագույն հայտարարություններով: – Դուք համաձայնության չեկաք քննադատության քվոտայի՞ շուրջ: – Ես ճիշտ չեմ համարում խոհանոցային քննարկումները հրապարակելը: Ասեմ միայն, որ ինքս ամենասկզբից հակված էի մշակութային, մշակութաբանական, առավելագույնը՝ սոցիալական հետազոտության տիպի հաղորդաշար ստեղծելուն: Կարծում էի, որ թողել եմ քաղաքական լրագրությունը, երբ դեռ 1998 թ.-ին ձեզ փոխանցեցի «Հետագիծ» հաղորդաշարս: Բայց պարզվեց, որ… քաղաքական լրագրությունը չէր թողել ինձ: Բոլոր դեպքերում իմ նպատակն այն էր, որ «Հեղափոխությունը» լիներ ոչ թե քաղաքական, այլ՝ քաղաքացիական հաղորդաշար: Ժողովրդի պատկերացումներում լավ հաղորդումը նա է, որը «քլնգում է» իշխանություններին՝ վրեժ լուծելով ընտրությունների ու վատ կառավարման համար: Ինձ համար սա սկզբունքային հարց է: Ես դեմ եմ, որ մեր հասարակությունն ապրի ընտրությունից ընտրություն: Եթե որեւէ բան չփոխվի այդ 4-5 տարում, ինչպե՞ս է փոխվելու իշխանությունը: Կամ նոր իշխանությունն ինչպիսի՞ մեկնարկ է ունենալու դաշտում գործող հեղինակություններով ու կեղծ, էկլեկտիկ արժեքային համակարգով: Կա մտավորականության մի մեծ շերտ, որն ունի անցած երկու տասնամյակի լուրջ վերաիմաստավորման պահանջ: Բայց պարզվեց, որ իրավիճակի նույնիսկ այնպիսի վերլուծությունը, որի թիրախն անմիջականորեն իշխանությունը չէ՝ անընդունելի է երկիրը կառավարողների համար: Տեսականորեն միգուցե դա պատկերացնում էին, բայց գործնականում՝ ինչո՞ւ պետք է իրենց սեփական ալիքներում որեւէ մեկն իրենց հրահանգներով չգործի, չլինի իրենց «խաղացողը»: Դատելով հաղորդաշարի իմ ունեցած արձագանքներից՝ ընդդիմությունն էլ լավ չի գիտակցում մտավորականության այսօրվա տրամադրությունները: Ի դեպ, նկատի չունեմ ժողովարար մտավորականներին: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել