Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՂԿԱՁՈՐԸ ՎԵՐԱԾՆՎՈՒՄ Է

Փետրվար 08,2005 00:00

Այս
օրերին Ծաղկաձորում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկա: Առողջարար ցրտի սիրահարները
հեղեղել են բոլոր հյուրանոցներն ու հանգստյան տները: Իսկ օլիմպիական ավանը
շուրջ երեք շաբաթ զբաղեցրել էին Ռուսաստանի դահուկավազքի եւ բիաթլոնի ազգային հավաքականները:
Նրանք նախապատրաստվում էին մրցաշրջան-2005-ին եւ, իհարկե, քառամյակի գլխավոր մեկնարկին՝
եկող տարի Իտալիայի Թուրին քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին: Ինչպե՞ս
եղավ, որ տարիների ընդմիջումից հետո նրանք որոշեցին վերադառնալ Ծաղկաձոր եւ նոր մրցաշրջանին
նախապատրաստությունը, ինչպես խորհրդային տարիներին, սկսել հենց հենց այստեղ: Մեր
զրուցակիցն է դահուկավազքի կանանց հավաքականի մարզիչ, ԽՍՀՄ եւ Ռուսաստանի վաստակավոր
մարզիչ Նիկոլայ Լոպուխովը: – Դուք 70-80-ական թվականներին էլ եք եղել Ծաղկաձորում,
սակայն վերջին 10-15 տարիներին ուսումնամարզական հավաքների ցիկլն սկսելու համար նախապատվությունը
տալիս էիք Բակուրիանիին: Ի՞նչ փոխվեց այս տարի: – Մեր մարզաձեւում տարվա գլխավոր
մեկնարկներին հաջող մասնակցելու համար անհրաժեշտ է նախապատրաստությունն սկսել միջին
եւ բարձր լեռնային գոտիներում: Բակուրիանին էլ գտնվում է այդ գոտում, թեեւ մի փոքր
ցածր է Ծաղկաձորից: Անցած տարի տղամարդկանց հավաքականի մարզիչ Յուրի Բորոդավկայի
հետ միասին մի խումբ մարզիկների համար երկշաբաթյա փորձնական բազային հավաք կազմակերպեցինք
Ծաղկաձորում: Եվ պատկերացրեք, նրանք ավելի լավ հանդես եկան պատասխանատու մրցումներում:
Դրա համար էլ հիմա այստեղ ենք: – Մարզումային պայմաններն այստեղ բավարա՞ր
են: – Ընդհանուր առմամբ՝ այո: Բնակլիմայական պայմանները հիանալի են: Անչափ
գոհ ենք օլիմպիական բազայի աշխատակազմից: Նրանք չեն թողնում, որ մենք որեւէ խնդիր
ունենանք: Բոլոր հարցերը լուծվում են անմիջապես: Չնայած հանուն ճշմարտության պիտի
ասել, որ անելիքներ դեռ շատ ունեք: Նախ եւ առաջ նկատի ունեմ անվավոր դահուկների համար
վազքուղի կառուցելը, առանց որի դահուկորդները դժվար թե ամռանը գան այստեղ: Կապիտալ
նորոգման եւ ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն են զգում
նաեւ ավանի մարզադահլիճները, մյուս օժանդակ կառույցները: Եթե այդ խնդիրները լուծվեն,
համոզված եմ, Ծաղկաձորից դուրս չեն գա նաեւ մյուս մարզաձեւերի ներկայացուցիչները:
– Հավաքի ավարտին այստեղ մրցումներ կազմակերպվեցին, որոնց տրվեցին Ռուսաստանի
բաց առաջնություն կամ Ծաղկաձորի գավաթի խաղարկություն անունները: -Դրանք մեզ
համար ըստ էության ընտրական մրցումներ էին, որոնց արդյունքով որոշելու էինք Ռուսաստանի
ազգային հավաքականների կազմերը, որոնք հանդես են գալու տարվա գլխավոր մեկնարկներում:
– Եվ կողմնորոշվեցի՞ք: – Այո: Եվ քանի որ ես պատասխանատու եմ դահուկորդուհիների
համար, կարող եմ տալ միայն կանանցից մի քանիսի անունները: Մեր երկրի մարզական դրոշի
պատիվը պաշտպանել վստահեցինք համաշխարհային սպորտի այնպիսի գերաստղերի, ինչպիսիք
են օլիմպիական կրկնակի չեմպիոն Յուլիա Չեպալովան, աշխարհի չեմպիոններ ու մրցանակակիրներ
Օլգա Զավյալովան, Եվգենիա Մեդվեդեւան, Լարիսա Կուռկինան եւ որիշներ: – Իսկ
որո՞նք են այս տարվա ամենագլխավոր մրցումները: – Հիմա մեզ համար ամենից ավելի
կարեւորը փետրվարի 17-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մեկնարկող աշխարհի առաջնությունն
է: Մենք փետրվարի 7-ին այստեղից մեկնում ենք Մոսկվա, իսկ հաջորդ օրը՝ մրցավայր: –
Եվ ի՞նչ հույսեր ունեք: – Կարծում եմ, Ծաղկաձորում անցկացրած ուսումնամարզական
հավաքը իր դրական արդյունքը կտա: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել