Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ԴԻՊԼՈՄՈՎ ԹԱՄԱԴԱՆԵՐ

Փետրվար 08,2005 00:00

Մեր
իրականությունում դարեր շարունակ թամադաներ են եղել ու կլինեն: Թբիլիսիի պետական
համալսարանում, ի թիվս այլ մասնագետների, կրթվում, պատրաստվում են պրոֆեսիոնալ թամադաներ:
Մինչդեռ, մեր բազմաթիվ հայրենակիցներ այլ երկրներում են «դիպլոմավորվում»
իբրեւ թամադաներ, ինչպես, օրինակ, ԻԻՀ-ում ՀՀ նախկին դեսպան Գ. Ղարիբջանյանը: Վերջին
տարիներին Հայաստանում մոդայիկ է դարձել, «ներքեւներից» մինչեւ «վերեւներ», տարբեր
առիթներով մասնավոր խնջույքներին, հավաքույթներին հրավիրել «պրոֆեսիոնալ» թամադա:
Այս առումով հոլովվում է հատկապես «Ժպիտ» ակումբի գլխավոր տնօրեն Գարիկ Իսրայելյանի
անունը, նույն ինքը՝ «Ժպիտի» Գարիկ, կամ՝ թամադա Գարիկ: Ի դեպ, ամենամյա «Կենաց»
փառատոնում միայն 2003-ին է սահմանվել «Լավագույն թամադա» անվանակարգ, որտեղ հաղթող
է ճանաչվել մեր զրուցակիցը: «Առավոտի» հարցին, թե՝ վարչապե՞տն է իրեն շնորհել
թամադայի կոչումը, ինչպես շրջանառվում է ամենուր, Գ. Իսրայելյանը կեսկատակ-կեսլուրջ
պատասխանեց. «Եվ այո, եւ ոչ»: Այնուհետեւ շարունակեց, ասելով, որ իրեն էլ են նման
լուրեր հասել: «Սկսած 2000 թվականից, ղեկավարել եմ ավելի քան 1000 հանդես՝ կնունք,
ծնունդ, հարսանիք, ծեսեր՝ շփվելով հասարակության տարբեր խավերի հետ: Եթե ձեզ հետաքրքրում
է՝ կոնկրետ ո՞ր պաշտոնյաների միջոցառումներին, ասեմ՝ համարյա բոլորի»,- նշեց Գ. Իսրայելյանը:
Ըստ մեր զրուցակցի, դարերից եկած մեր ծեսերը, սովորույթները՝ իրենց գրված
ու չգրված օրենքներով, ընտանեկան ու հասարակական միջավայրում շարունակում են հատուկ
տեղ գրավել պարզ պատճառով. դրանք կյանքի երեւույթների անբաժանելի մասն են: Ճիշտ է,
ազգագրա գետների կողմից ծեսերի մասին տարբեր աշխատություններ են գրվել ու
հասել մեզ, իսկ յուրաքանչյուր հայկական օջախում տարբեր առիթներով բացված սեղանի շուրջ
կենտրոնական տեղ ու դիրք գրաված անձի՝ թամադայի մասին, ցավոք, միայն բանավոր տեղեկություններ
են հասել: «Հայերս հայտնի ենք որպես հյուրընկալ ու հյուրասեր ազգ: Այս միտքն
առաջին հերթին նույնացվում է առատ սեղանների հետ: Բացի հարսանիքից, ծնունդից, կնունքից,
հոբելյանից, ո՞ր հայը չի նշում Տյառնընդառաջը, Զատիկն ու մյուս տոները: Իսկ ինչո՞ւ
չլինեն դրանք վարող ու ղեկավարող, ինչպես մեզանում է ընդունված ասել՝ սեղանապետեր:
Համոզված եմ, որ մեզ մոտ էլ ոչ հեռավոր անցյալում թամադան կուսուցանվի ու կդիտվի
որպես մասնագիտություն»,- հավաստիացնում է մեր զրուցակիցը: Իսկ թե ի՞նչ հատկություններով
պետք է օժտված լինի թամադան, Գ. Իսրայելյանը նշեց. «Հետաքրքիր խոսք, ինչպես ժողովուրդն
է ասում՝ ճարտար լեզու: Թամադան նաեւ պիտի օժտված լինի հումորով, երաժշտական ճաշակով:
Բաժակաճառերն ու երաժշտական այս կամ այն համարը պետք է լրացնեն մեկմեկու: Չէ՞ որ
հայկական հավաքույթներում մինիմում 300-500 հոգի սեղանների շուրջ, այն էլ՝ գինովցած,
քեզ են նայում, սպասում հետաքրքիր, սրտաբուխ խոսքի: Կարճ ասած, պետք է բավարարես
բոլորին, իսկ քո խոսքում չնչին վրիպումն անգամ չի ներվի»: Ըստ նրա, ի վերջո, թամադան
մեր սովորույթների ու արժեքների կրողն է. «Այսօր էլ նոր հայերին բնորոշ խոսքն ու
զրույցը, նիստուկացը վաղը դառնալու է պատմություն: Անհրաժեշտ է ուսումնասիրել ու
փոխանցել այն»: Արդեն յոթ տարի «Ժպիտ» ակումբի, իր խոսքերով՝ ժպտացող մարդկանց
ոչ քաղաքական միության գլխավոր տնօրենը գտնում է, որ այսօր մարդիկ իրենց առօրյա կյանքից
ու աշխատանքից (անկախ հասարակության մեջ գրաված դիրքից) միանգամից չեն կարողանում
կտրվել ու մերվել ուրախ շրջապատում: «Գուցե մեր իշխանավորները մտածեն ու տարվա մեջ
մեկ ոչ աշխատանքային օր նվիրվի ժպտալուն եւ հագեցած լինի մասշտաբային միջոցառումներով,
այնպես, ինչպես, օրինակ, կառնավալներն են Իտալիայում, Բրազիլիայում: Մի խոսքով, ողջ
հայությունը մասնակցի տոնին: Մեր նախնիները զուր չեն ասել՝ ուրախությունը ուրախություն
է բերում, ժպիտը՝ ժպիտ»,- ասաց Գ. Իսրայելյանը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել