Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրորդ կիսամյակը՝ դատարանում

Փետրվար 08,2005 00:00

Արդեն
սկսվել են երկրորդ կիսամյակի դասերը, սակայն Երեւանի բժշկական համալսարանի 13 ուսանողների
համար այդպես էլ պարզ չդարձավ՝ նրանք սովորելու են վճարովի՞, կիսավճա՞ր, թե՞ պետպատվերով
համակարգում: Երեկ վերաքննիչ դատարանում պետք է լսվեր ԵՊԲՀ-ի 37 միավոր հավաքած
դիմորդների բողոքը, սակայն նախագահող դատավոր Լյովա Գրիգորյանի հիվանդության պատճառով
դատավարությունը հետաձգվեց մինչեւ մարտի 2-ը: Հիշեցնենք, որ դիմորդների ծնողները
պահանջում էին, որ Հանրապետական ընդունող հանձնաժողովը 24.08.2004թ. որոշումը մասնակի
անվավեր ճանաչի, եւ դատարանը պարտավորեցնի հանձնաժողովին՝ իրենց երեխաներին ընդգրկել
ԵՊԲՀ-ի պետպատվերով ուսուցման համակարգ՝ մնացած 37 միավոր հավաքած 24 դիմորդների
հետ, որոնց հանձնաժողովը «նախընտրել» էր՝ առաջնային համարելով ֆիզիկա առարկայից նրանց
բարձր ցուցանիշները: Հուսահատված ծնողները դիմում են գրել նախագահի վերահսկողության
վարչության պետ Վահրամ Բարսեղյանին, որտեղ նշել են, որ դատավոր Սարո Արամյանը հայցվոր
կողմին ձայն չի տվել. «Միգուցե շատ զբաղված էր կամ ինչ-որ մեկից վախեցած էր»,- նշեց
դիմորդի ծնող Ալեքսան Թադեւոսյանը: Նա հույս ունի, որ Վ. Բարսեղյանը կպարզի, թե ինչից
էր դատավորը կաշկանդվել, որ երկու օր ԿԳ ներկայացուցչին լսելուց հետո հարմար չգտավ
ձայն տալ հայցվորներին. «Նա մեզ լսեց միայն մեր ներկայացրած միջնորդությունից հետո,
երբ մենք հարցրինք, թե արդյո՞ք խոսելու իրավունք չունենք»: Նրանք Վ. Բարսեղյանին
խնդրել են պարզել, թե արդյոք ճնշո՞ւմ է գործադրվել Ս. Արամյանի վրա եւ եթե այո, ապա
այնպես անել, որ վերաքննիչում դատավորի վրա ճնշում չգործադրվի: Ծնողները նշում էին,
որ իրենց երեխաները արդեն իսկ ազատված են քիմիայի սեսիոն քննությունից, քանի որ,
դասախոսների կարծիքով, նրանք առարկային լիարժեք տիրապետում են: Քննությունները հաջող
են հանձնել նաեւ ֆիզիկայից եւ նույնիսկ դասավանդող դասախոսները զարմացել են, թե ինչպե՞ս
է, որ ընդունելությանը ֆիզիկան չգերադասած դիմորդները ավելի լավ գիտեն առարկան, քան
այն հանձնածները: Հիշեցնենք, որ դիմորդների այս գործին քաջատեղյակ է մարդու իրավունքների
պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նա այս ընթացքում նամակներ է հղել ԿԳ նախարարություն,
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան եւ հիմա արդեն՝
վերաքննիչ դատարան: Չնայած այս ամենին, հուսահատված ծնողները չեն հավատում, որ որեւէ
դրական արդյունքի կհասնեն: Սակայն համոզված են, որ պայքարը շարունակելու են: Ի
դեպ, հիշեցնենք, որ ընդունող հանձնաժողովի անփույթ վերաբերմունքին արժանացած դիմորդները
այժմ սովորում են կիսավճարով: Արդեն մոտենում է ուսման երկրորդ կիսամյակի վարձավճարի
գանձման ժամանակը: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել