Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔ՝ ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆԻՑ

Փետրվար 08,2005 00:00

Հետաքրքիր
վիճակում է ցանկացած գերատեսչություն, որը ստանում է բողոք-նամակ, իսկ բողոքողի անվան
կողքին գրված է՝ «Լեչկոմիսիայի դիարան»: Ռաֆիկ Ղազարյանից ստացած նամակը փոխեց
մեր պատկերացումները առհասարակ դիարանի եւ նրա բնակիչների մասին: Նա խնդրում էր իր
նամակը տպագրել «Առավոտի» էջերում, որպեսզի «առավոտի վաղորդյան լույսով լուսաբանվի
ստվերում պահվող հանցագործությունը»: Երբ երեկ հայտնվեցինք դիարանում, ապա վաղորդյան
լույսի փոխարեն մեր առջեւ բացվեց մի տխուր պատկեր: Ռաֆիկ Ղազարյանը տարիներ շարունակ
բնակվում է դիարանում, քանի որ իրեն պատկանող Նորքի 6-րդ զանգվածի Շոպրոնի 3-րդ նրբանցքի
16 շենքի թիվ 21 բնակարանը, առանց իր գիտության, նրա ամուսնալուծված կինը վաճառել
է: Նախկինում աշխատել է ոստիկանությունում եւ 1972թ. վարդենիսցի երեխաների սպանության
գործով օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս գլխին ստացել է վնասվածքներ, դարձել
2-րդ խմբի հաշմանդամ, ձեռք բերել էպիլեպտիկ հիվանդություն: (Ի դեպ, նրա երեք ոստիկան
ընկերները դեպքի ժամանակ սպանվել էին եւ ողջ էր մնացել միայն ինքը): Ռ. Ղազարյանը
հաճախակի էր դիմում բուժհիմնարկներ, օգնություն ստանում, եւ հերթական անգամ հիվանդանոցում
հայտնվելու ժամանակաընթացքում նրան զրկել են բնակարանից եւ գույքից: Անօթեւան մնացած
նախկին ոստիկանը դիմել է Ավան եւ Նորք համայնքների ոստիկանապետին, որպեսզի ճշտվեն
այն հանգամանքները, որով վաճառվել է բնակարանը, թալանվել գույքը: Սակայն առկա նյութերով
ոչ միայն մերժվել է քրեական գործ հարուցել (29.12.03թ. որոշմամբ), այլ, ըստ ոստիկանապետ
Ռ. Եպիսկոպոսյանի, «պարզվել է, որ առկա է եղել նրա համաձայնությունը»: Թեեւ Ռ. Ղազարյանի
գործի նյութերում, իր պնդմամբ, համաձայնություն տալու մասին որեւէ փաստաթուղթ չկա:
Ոստիկանապետը նաեւ պաշտոնապես տեղեկացրել է, որ «Ռ. Ղազարյանի դիմումների կապակցությամբ
հնարավոր չի եղել բացատրություններ վերցնել նրա կնոջից եւ որդուց, քանի որ վերջիններս
բնակարանը վաճառել են եւ մեկնել ՀՀ-ից»: Երեկ, երբ մենք մտանք դիարան, պահը
ճնշող էր: Հանգուցյալից քիչ այն կողմ տխուր կանգնած էր Ռ. Ղազարյանը: Անհնար էր կես
վայրկյան անգամ մնալ նրա բնակավայրում, ուր շնչահեղձ կարող ես լինել բազմատեսակ հոտերից:
Բայց նա ապրում է այդտեղ, անխնամ, կենցաղային տարրական պայմաններից զրկված: Ռ. Ղազարյանը
մեզ ասաց, որ 2001-ից սկսած դիմումներ է ուղարկել դատարան, հանրապետության նախագահին,
ԱԺ նախագահին, գլխավոր դատախազին: «Ամեն անգամ անտարբերությամբ ինձ պատասխանում են,
որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան»,- ասում է նա: Երկու տարի առաջ Ռ. Ղազարյանը
դիմել էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազին, հայտնելով, որ իրեն Գայի արձանի մոտ կանչելով՝
«Մոսկվիչ» ավտոմեքենայով տարել են ինչ-որ տեղ, ապա ինքը գիտակցությունը կորցրած գցվել
է հիվանդանոցի ճանապարհին, փողոցի բանուկ մասում: Գիտակցության գալով՝ զգացել է սուր
գլխացավեր: Հետագայում իմացել է, որ բնակարանը վաճառելուց հետո այս ամենը կազմակերպել
էր իր կինը, իսկ գցել էին փողոցի բանուկ մասում, որպեսզի, ինչպես ինքն է ասում՝ վրաերթի
ենթարկվելով՝ մահանա: Սակայն դատախազին ուղղված այս նամակին էլ ընթացք չի տրվել:
Ոչ ոք՝ ոչ բարեգործական, ոչ իրավապաշտպան որեւէ կառույց չի այցելել դիարան, որպեսզի
տեսնի՝ իսկապե՞ս բողոքողը իրական մարդ է եւ ոչ հանգուցյալ: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել