Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ

Փետրվար 08,2005 00:00

ՄԱՐՏԻ
ԵՆ ԳՆՈՒՄ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ Փետրվարի 4-ին, 20.30-ի սահմաններում,
«ՏԷՑ-ի կրուգ» կոչվող տարածքում (Արցախի փողոց) սկսվել է փոխհրաձգություն: 10-15
րոպե տեւած արյունոտ «ռազբորկայի» արդյունքում «Էրեբունի» բժշկական կենտրոնի ճանապարհին
BMW մեքենայի մեջ մահացավ հրազենային վնասվածք ստացած Մհեր Տեր-Հարությունյանը: Հիվանդանոց
տեղափոխվեցին եւս երկուսը՝ Արմեն Ալբերտի Խաչատրյանը եւ Տիգրան Գագիկի Նազարյանը:
«Առավոտի» տեղեկություններով, դեպքի վայրում եղել է մոտ 15 ավտոմեքենա՝ «Մերսեդեսներ»,
ՎԱԶ 21015 արծաթագույն երկու ավտոմեքենա, իսկ փոխհրաձգությունից հետո ոստիկաններն
այնտեղ հայտնաբերել էին AKM եւ AKC տեսակի ինքնաձիգներ՝ 5X45 մմ եւ 7X62 մմ տրամաչափերի
100-ից ավելի պարկուճներ: Ուշագրավ է, որ վիրավորներից մեկը հիվանդանոց էր տեղափոխվել
ինքնաձիգը վզին: Դեպքի շարժառիթը, հավանաբար, թիվ 69 երթուղային գծի համար կռիվն
էր: Ըստ այդ վարկածի՝ «գիծը» վիճարկող օլիգարխները «պատերազմի» էին գործուղել թաղային
հեղինակությունների եւ իրենց թիկնապահներին (մեկը մյուսից տարբերելը երբեմն անհնարին
է): Որպես միջադեպի մասնակիցներ նշվում են «Ռաշիդը» (նախկին միլպետ, հեղինակությունների
վստահելի մարդը), նրա որդի Նորոն, «յոնջալաղցի Լյովը», «Բանգլադեշի Համոն», «Չախկալը»:
Մեր տեղեկություններով, ոստիկանները համառորեն փնտրում են «Մետաքսի Պելեին», որի
մեքենան գտնվել է դեպքի վայրում: Հիշյալ մարդկանցից շատերը մամուլում հիշատակվում
էին որպես այս կամ օլիգարխի թիկնապահ: Հիշեցնենք, որ «Բանգլադեշի Համոն» նույն ինքը
Արմեն Ավետիսյանն է, որը անցած տարվա մայիսի 5-ին նույն օլիգարխների կողմից ուղարկվել
էր ընդդիմության հանրահավաքը խանգարելու եւ իրեն նկարահանող լրագրողների վրա հարձակվելու
համար դատարանի կողմից ստացել էր զուտ խորհրդանշական պատիժ՝ 100 հազար դրամ տուգանք:
Երեկ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացանք, որ փետրվարի
6-ին ինքնակամ ոստիկանություն են ներկայացել «ռազբորկայի» մասնակիցներից՝ 1983թ.
ծնված Կարեն Ղալթախչյանը եւ 1982թ. ծնված Սամսոն Վարդանյանը: Վերջինս հանձնել է իր
մոտի «Մակարովը», փամփուշտները եւ նաեւ հայտնել, որ փոխհրաձգության ժամանակ ինքը
կրակահերթ է բացել: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել