Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 08,2005 00:00

ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ
Կիրակի օրը հեռուստացույցի ալիքները փոխելիս 2-3 րոպե կանգ
առա «Հայլուրի» վրա: Այդ 2-3 րոպեում բավականին կարեւոր ինֆորմացիա իմացա: Պարզվում
է՝ Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ 1416 բանաձեւը այնքան էլ անբարենպաստ չէր մեզ համար, որովհետեւ
առաջ է քաշում հանրաքվեի գաղափարը: Որպես դրա ապացույց՝ «Հայլուրը» բերում
է բանաձեւի երկրորդ կետի հետեւյալ հատվածը. «Վեհաժողովը վերահաստատում է, որ ռեգիոնալ
տարածքի անկախությունը եւ անջատումը որեւէ պետության կազմից կարող է տեղի ունենալ
միայն օրինական եւ խաղաղ գործընթացի միջոցով, որը հիմնված է տվյալ տարածքի բնակիչների
ժողովրդավարական աջակցությանը»: Այստեղ «Հայլուրի» մեկնաբանը վերջակետ է դնում: Այնինչ՝
բանաձեւում դրված է ստորակետ, որից հետո գալիս է մեջբերված մտքի շարունակությունը.
«այլ ոչ զինված հակամարտության բռնկման ժամանակ, ինչը հանգեցնում է էթնիկ վտարումների
եւ տվյալ տարածքի փաստացի կցմանը մեկ այլ պետության»: Այսինքն՝ բանաձեւի այս հոդվածը
ավելի պարզ կարելի է ձեւակերպել այսպես. «Տարածքը կարող է անկախանալ ժողովրդավարական
ճանապարհով, մինչդեռ դուք՝ հայերդ, այդ տարածքը ռազմական ուժի օգտագործմամբ կցել
եք ձեր պետությանը, հետեւաբար՝ անկախացման այդ ճանապարհը ձեզ համար փակ է»: Եթե որեւէ
կասկած կա, որ բանաձեւի այս կետի իմաստը հենց դա է, ապա կարելի է եւս մեկ անգամ կարդալ
Դեյվիդ Աթկինսոնի հարցազրույցը BBC-ին, որտեղ նա ուղիղ տեքստով ասում է, որ ազգերի
ինքնորոշման սկզբունքը Ղարաբաղի դեպքում կիրառելի չէ: Արդյո՞ք ԵԽԽՎ-ի եւ Աթկինսոնի
մոտեցումներն արդարացի են: Իհարկե՝ ոչ: Հայերն իրենց քմահաճույքի համար չեն գրավել
այդ հողերը: Ոչ էլ բնատուր ագրեսիվության պատճառով: Եթե չգրավեինք, Ղարաբաղում ոչ
մի հայ չէր մնա: Եթե հիմա տանք՝ առանց հստակ միջազգային երաշխիքների, ապա՝ դարձյալ
չի մնա: Հետեւաբար, դա մեր կողմից պարզ ինքնապաշտպանություն էր: Բայց պետք է ընդունել,
որ Աթկինսոնը եւ ԵԽԽՎ-ն այդպես չեն մտածում: Դրանից չարժե ողբերգություն սարքել՝
ինքնին բանաձեւը մեր ժողովրդի համար ճակատագրական նշանակություն չի ունենա: Սուտ
խոսելն ավելի ճակատագրական է: Այստեղ հարցը միայն քարոզչությունը չէ՝ ժողովրդին
խաբել եւ ասել, որ ամեն ինչ լավ է: Խնդիրն ավելի լուրջ է. իշխանությունն ինքը չի
ուզում ճշմարտության երեսին նայել: Արիությունն ու հեռատեսությունը չեն հերիքում:
Իսկ ինչպես հայտնի է՝ ստի ամենավտանգավոր տեսակը ինքնախաբեությունն է: ԱՐԱՄ
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել