Լրահոս
Օրվա լրահոսը

Անպատասխան հարցեր

Փետրվար 08,2005 00:00

Անպատասխան
հարցեր Այսօր Վրաստանի ներքաղաքական եւ ներհասարակական մթնոլորտը
շատ բաներով հիշեցնում է Հայաստանում «Հոկտեմբերի 27»-ին հաջորդած ժամանակները: Վրաց
հասարակայնությունն ուղղակի բզկտվում է վարչապետի մահվան հանգամանքներին առնչվող
հարցեր առաջադրելով եւ դրանց պատասխանները չստանալով: Վրացական մամուլում հիմնականում
շրջանառվում են 9 անպատասխան հարցեր, որոնք ներկայացնում ենք ստորեւ: 1. Ինչո՞ւ
իշխանությունները կատարվածն այդքան հապճեպ գնահատեցին դժբախտ դեպք՝ չսպասելով անգամ
փորձաքննության ամենանախնական արդյունքներին: 2. Ինչո՞ւ է Ժվանիայի հետ մեկտեղ
զոհված Ռաուլ Յուսուպովը բնակարան վարձել Թբիլիսիում, երբ այնտեղ նա ուներ բնակարան,
իսկ վարձված բնակարանի մասին ոչ նրա հարազատները եւ ոչ էլ ընկերները տեղյակ չէին:
3. Որքանո՞վ են հիմնավորված շրջանառվող այն լուրերը, թե վերջին տարվա ընթացքում
բարձր իշխանավորների մերձավորների միջոցով Թբիլիսիում վարձվել են այդ կարգի տասնյակ
«կոնսպիրատիվ» բնակարաններ: 4. Ինչո՞ւ Յուսուպովը, որը, ըստ պաշտոնական վարկածի,
Ժվանիայի մտերիմն էր, վերջին շաբաթվա ընթացքում միջնորդների, մասնավորապես՝ պատգամավոր
Վասիլի Մագլաբերիձեի միջոցով համառորեն ձգտում էր հանդիպում ունենալ վարչապետի հետ:
5. Ինչո՞ւ հենց այդ չարաբաստիկ գիշերը Ժվանիան փողոց ուղարկեց իր թիկնազորին,
որն, ըստ էության, պարտավոր էր ամենուր ուղեկցել նրան: 6. Ինչո՞ւ էր Յուսուպովը
բնակարանում 3 ամիս առաջ տեղադրված իրանական գազավառարանը փոխարինել ճիշտ նույնպիսի
վառարանով, որի՝ այրված գազի հեռացման համար նախատեսված խողովակը, սակայն, հակառակ
շահագործման բոլոր նորմերի՝ անթույլատրելիորեն կարճ է եղել: 7. Ինչո՞ւ Յուսուպովի
հարեւանները ոչ մի ձայն չեն լսել, երբ թիկնապահները ջարդում էին բնակարանի դուռն
ու լուսամուտները: 8. Բացի Մագլաբերիձեից, ուրիշ ո՞վ գիտեր, որ հենց այդ գիշեր
Ժվանիան պատրաստվում է հյուրընկալվել Յուսուպովին: 9. Արդյոք վերջինիս բնակարանում
գտնվե՞լ է ինչ-որ երրորդ անձնավորություն: Ի վերջո, ինչպե՞ս կատարվածն այդքան արագ
հայտնի դարձավ լրագրողներին: Վերջին օրերին այս կարգի կասկածներից շիկացած
մթնոլորտն էլ ավելի թունավորվեց, երբ հայտնի դարձավ, որ իր բնակարանում ինքնասպան
է եղել նախագահի աշխատակազմի աշխատակից, 32-ամյա Գեորգի Խելաշվիլին: Վերջինս, ի դեպ,
նույնպես դասվել է Ժվանիայի մերձավորների շարքում: Այս դեպքում եւս հրապարակային
շարժառիթները կասկածելիորեն բացակայում են. ընդամենը նշվում է, որ Խելաշվիլին ծայրահեղ
դեպրեսիայի մեջ է եղել: Անորոշության պատկերն ամբողջանում է այն տեղեկատվությամբ,
ըստ որի՝ օրերս Մոսկվայում սպանվել է վրաց խոշոր գործարար եւ դարձյալ Ժվանիայի մերձավոր
ընկեր Մամուկա Ջինչարաձեն: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել