Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՎԱԿՆԵՐԸ ԽԺՌԵՑԻՆ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»

Փետրվար 08,2005 00:00

«Կենտրոն»
հեռուստաընկերությունն անցած աշնանը, անոնսային մեծ արշավից հետո, սկսեց եթեր հեռարձակել
Վահրամ Մարտիրոսյանի «Հեղափոխություն» հաղորդաշարը: Մեկ-երկու շաբաթից այն դադարեց,
վերսկսվեց նոյեմբերին, դեկտեմբերի առաջին օրերին վերջնականապես փակվեց: –
Պարոն Մարտիրոսյան, ինչո՞ւ փակվեց «Հեղափոխությունը»: – Ես ավելի շատ կուզենայի
իմանալ՝ ինչո՞ւ բացվեց, ինչո՞ւ ինձ հրավիրեցին քաղաքական հաղորդաշար վարելու: –
Միգուցե պատճառն այն էր, որ եվրոպական կառույցները քննադատո՞ւմ էին Հայաստանի իշխանություններին
խոսքի ազատության սահմանափակումների համար, եւ «այլախոհ» լրագրո՞ղ էր պետք: –
Չեմ բացառում, որովհետեւ, ըստ նախնական պայմանավորվածության, ես քննադատության, թեմաների
ու հյուրերի ընտրության հարցում պետք է լինեի լրիվ ազատ: – Եթե ճիշտ եմ նկատել,
«Հեղափոխությունն» առաջին անգամ դադարեցվեց հոկտեմբերի 27-ին նախորդող շաբաթում:
Համարյա նույն ժամանակ վերազինման պատրվակով մեկամսյա արձակուրդ գնաց «Ար» հեռուստաընկերությունը,
հետո վերաբացվեց՝ առանց Արծրուն Պեպանյանի «Ճանապարհ» հաղորդաշարի: – Բնական
է, որ շաբաթվա թեմաս հոկտեմբերի 27-ն էր լինելու՝ 5-րդ տարելիցն էր: Ինձ վիճակը ներկայացվեց
այսպես. մեծ ճնշում կա «Կենտրոն» հեռուստաընկերության վրա, եւ պարզապես պետք է զգույշ
լինել մեկ ամսվա չափ: – Արդյոք «Հեղափոխությունն» այդքան սո՞ւր էր, որ հենց
Ձեր հաղորդումը դադարեցվեց: – «Հեղափոխությունը» խժռեց իր հեղինակին… Ըստ
երեւույթին, անունն իսկապես դեր ունեցավ. մեր 2003-ի ընտրություններն ու Վրաստանի
դեպքերը թերեւս ավելի շատ են քայքայել իշխանության նյարդերը, քան մենք պատկերացնում
ենք: Գումարած՝ իմ առաջին շաբաթվա թեման ապրիլի 12-13-ի իրադարձություններն էին,
առաջին հյուրս՝ Ստեփան Դեմիրճյանը: Բայց կարեւորն ուրիշ բան է: Այն ժամանակից,
երբ փակվել է «Ա1+»-ը, այն ժամանակներից, երբ մրցակցություն կար «Ար»-ի եւ «Ա1+»-ի
միջեւ՝ թե ում քաղաքական հաղորդումներն են ավելի համարձակ, շատ են փոխվել չափանիշները:
Որքան գիտեմ, «Ա1+»-ի լրագրողները որոշել էին չընդունել ուրիշ հեռուստատեսություն
տեղափոխվելու ոչ մի առաջարկ: Այսօր, եթե փորձեն էլ, չեն կարող ուրիշ տեղ աշխատանքի
ընդունվել: Այսինքն՝ իշխանությունից տարբեր քաղաքական հայացքներ ունեցող որեւէ հեռուստալրագրող
չի կարող այլեւս աշխատել իր մասնագիտությամբ: Ստեղծվել է իշխանության կողմից կարգավորվող
հեռուստացանց: Կոչենք՝ ԿՀ: ԿՀ-ի բոլոր հեռուստատեսությունները խիստ վերահսկողության
տակ են՝ քննադատությունը, որ հնչում է, ընդդիմադիր գործիչները, որ առկայծում են եթերում,
վերեւի քվոտաների շրջանակում են: Համապատասխան քվոտաներով էլ ԿՀ-ում բաշխվում են
մեծ գովազդատուները: Այստեղ տուժում են խմբիշխաններին հանձնված հեռուստաընկերությունները,
որոնց գովազդ չի հասնում՝ տերերը մեծահարուստ են: Ուստի դրանք գործում են բիզնեսի
որեւէ տրամաբանության հակառակ: Արդյունքում աշխատակիցներին «բնամթերքով» են վճարում
կամ հետին թվով կրճատում աշխատավարձերը, թերթերի հացն են խլում՝ վազող տողով էժանագույն
հայտարարություններով: – Դուք համաձայնության չեկաք քննադատության քվոտայի՞
շուրջ: – Ես ճիշտ չեմ համարում խոհանոցային քննարկումները հրապարակելը: Ասեմ
միայն, որ ինքս ամենասկզբից հակված էի մշակութային, մշակութաբանական, առավելագույնը՝
սոցիալական հետազոտության տիպի հաղորդաշար ստեղծելուն: Կարծում էի, որ թողել եմ քաղաքական
լրագրությունը, երբ դեռ 1998 թ.-ին ձեզ փոխանցեցի «Հետագիծ» հաղորդաշարս: Բայց պարզվեց,
որ… քաղաքական լրագրությունը չէր թողել ինձ: Բոլոր դեպքերում իմ նպատակն այն էր,
որ «Հեղափոխությունը» լիներ ոչ թե քաղաքական, այլ՝ քաղաքացիական հաղորդաշար: Ժողովրդի
պատկերացումներում լավ հաղորդումը նա է, որը «քլնգում է» իշխանություններին՝ վրեժ
լուծելով ընտրությունների ու վատ կառավարման համար: Ինձ համար սա սկզբունքային հարց
է: Ես դեմ եմ, որ մեր հասարակությունն ապրի ընտրությունից ընտրություն: Եթե որեւէ
բան չփոխվի այդ 4-5 տարում, ինչպե՞ս է փոխվելու իշխանությունը: Կամ նոր իշխանությունն
ինչպիսի՞ մեկնարկ է ունենալու դաշտում գործող հեղինակություններով ու կեղծ, էկլեկտիկ
արժեքային համակարգով: Կա մտավորականության մի մեծ շերտ, որն ունի անցած երկու տասնամյակի
լուրջ վերաիմաստավորման պահանջ: Բայց պարզվեց, որ իրավիճակի նույնիսկ այնպիսի վերլուծությունը,
որի թիրախն անմիջականորեն իշխանությունը չէ՝ անընդունելի է երկիրը կառավարողների
համար: Տեսականորեն միգուցե դա պատկերացնում էին, բայց գործնականում՝ ինչո՞ւ պետք
է իրենց սեփական ալիքներում որեւէ մեկն իրենց հրահանգներով չգործի, չլինի իրենց «խաղացողը»:
Դատելով հաղորդաշարի իմ ունեցած արձագանքներից՝ ընդդիմությունն էլ լավ չի գիտակցում
մտավորականության այսօրվա տրամադրությունները: Ի դեպ, նկատի չունեմ ժողովարար մտավորականներին:
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել