Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎԵՊ

Փետրվար 05,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎԵՊ Գլուխ առաջին ԱՆՄԱՀԱԿԱՆ ՋՈՒՐ Մենք մի գլուխ բողոքում ու դժգոհում ենք մեր էս երկրային կյանքի դժվարություններից, շատ հաճախ մեր էս երկրային կյանքի միայն վատ կողմերն ենք նկատում ու զգում եւ շատ հաճախ հիմար-հիմար դուրս ենք տալիս՝ ասելով. «Ե՞րբ պիտի մեռնենք ու էս ամեն ինչից պրծնենք»: Խոսքը, իհարկե, նորմալ մարդկանց չի վերաբերում. շատ թե քիչ նորմալ մարդը երբեք մահ չի երազի, որովհետեւ շատ թե քիչ նորմալ մարդը, թեկուզեւ բոմժ լինի, շատ էլ լավ գիտի ու հասկանում է, որ մահը նաղդ կա ու կա, իսկ կյանքը, եթե ձեռիցդ թռավ, էլ երբեք չի վերադառնալու ու չի կրկնվելու, եւ ինձ համար սրանից ավելի լավ ու հարմար առիթ չի լինի պնդելու, որ մեր էս ընդհանուր առմամբ դժվարին ու ծանր կյանքը ոչ միայն դժվարություններից ու տհաճություններից է բաղկացած, այլեւ՝ հաճույքներից ու հրաշալի դրվագներից, ու հանուն էդ դրվագներից մեկնումեկի՝ ընդամենը մեկի, իսկապե՛ս արժեր ծնվել ու լույսաշխարհ գալ: Ինձ համար, օրինակ, էս կյանքի ամենամեծ հաճույքներից մեկը ֆուտբոլն է: Ոչ թե ֆուտբոլ խաղալը, այլ նայելը. նայելն ու վայելելը: Մենք ընդհանրապես նայող տոհմ ենք. ամեն ինչ ուշադիր զննող ու տեսնող ազգուտակ ենք: Հայրս, օրինակ, հիսունականների վերջերին իր կենդանագրական արհեստանոցի բանուգործը թողած՝ ժամերով կանգնում էր արհեստանոցի մայթին եւ համակ ուշադրությամբ զննում ու հետեւում էր, թե ինչպես են արարվում Շիլաչու նոր, սրբատաշ ու վարդագույն շենքերը: Հայրս կամար առ կամար, խոյակ առ խոյակ ըմբոշխնում էր արհեստավորների ջանքերն, ու, հիշում եմ, հորս աշակերտներ Ֆելոն ու Սանդրոն ուղղակի գժվում էին, իրենց ներսերում իրենք իրենց ուտում էին, որովհետեւ հորս դիտողունակության ու ներհայեցողության պատճառով իրենց պլանը չէր կատարվում, ու իրենց պետական ու փափախ գործերը մնում էին, բայց, այդուհանդերձ, Ֆելոն ու Սանդրոն հորս ներհայեցողական գործընթացը չէին համարձակվում խաթարել ո՛չ միայն այն պատճառով, որ հայրս իրենց վարպետն էր, այլեւ այն պատճառով, որ էն տարիներին դեռեւս մեծերի հանդեպ հարգանք կար: Իմ հորական տատ Օսանն էլ էր էս կյանքն ամբողջությամբ ու էս կյանքի երեւույթներն առանձին-առանձին ամենայն համբերությամբ տնտղում ու զննում: Իգդիրցի Օսան տատս սահմանապահներից հիսուն ռուբլով առած իր հույժ ռազմական հեռադիտակով Մարգարայի դարավանդից ժամեր, օրեր ու տարիներ շարունակ նայում էր Իգդիրին, Իգդիրի իրենց տներին, Իգդիրի իրենց, Կանայանների, Իսաբեկյանների ու բոլորի տներին ու նայելուց երբեւէ չէր հոգնում ու չէր կշտանում: Վաթսունականների վերջերին, երբ Օսան տատս վերջնականապես կորցրեց տեղաշարժվելու իր կարողությունն ու հնարավորությունը եւ արդեն Մարգարա չէր գնում, ժամերով նստում էր Կրիվոյի մեր տան պատշգամբում եւ ժամերով նայում էր մեր պատշգամբից երեւացող միակ դիտարժան վայրին՝ Կրիվոյի լավաշի փռին ու լավաշի փուռ ելումուտ անողներին: Մի օր էլ, երբ տատս իր էդ հիմնական զբաղմունքին էր, մեկ էլ պատշգամբից ինձ ուժեղ ձեն տվեց, կանչեց: «Ի՞նչ ա պատահել, ա՛յ տատ»,- անհանգստացած հարցրի ես: «Էս իրեք ժամ ա՝ մե խատ տարիքավոր ու սեւ շորերով կնիկ մտել ա էս լավաշի փուռն ու դուս չի գալի»: «Երեւի մտնելը տեսել ես, դուս գալը չես տեսել, երեւի ուշադիր չես նայել, տա՛տ»,- ասացի ես: «Քյոռ չեմ. ես ամեն ինչ տսնաս եմ»,- վիրավորվեց տատս: «Երեւի փռի վաճառողն ա էղել՝ Սարինգյուլը»,- ասաց մայրս: «Ես Սարինգյուլին խարիր տարի ճանչնաս եմ»,- նեղացած պատասխանեց ու ասաց տատս: Իմ հորեղբայրն էլ, հորս ու տատիս պես, նայող, զննող ու ամեն ինչ տեսնող էր եւ նրա ամեն ինչ տեսնելուն նպաստեց նաեւ իր մասնագիտությունը, եւ Երեւանի առաջին տաքսիստ իմ Բաղդիկ հորեղբայրն իր ապրած կարճատեւ կյանքի ընթացքում հասցրեց տեսնել այն ամենը, ինչ երեւում էր իր «Պոբեդայի», իսկ այնուհետեւ «Վոլգայի» պարբրիսից անդին: Մերոնցից հորաքույրս, փառք Աստծո, դեռ կա եւ հենց հիմա ապրում է ու փորձում է տեսնել այն ամենը, ինչ չհաջողացրին տեսնել իր մայրն ու եղբայրները, ինչպես նաեւ հենց ինքը, քանի որ մասնագիտության բերումով իմ հորաքույր Մարգոն, նույն ինքը՝ Շեկոյան Մարգոն, նույն ինքը՝ Մարգարիտա Արշավիրովնան, որ նշանավոր մանկաբույժ ու քիթ-կոկորդի մասնագետ է, ողջ կյանքում ստիպված եղավ ավելի երկար մարդկանց ու հատկապես երեխաների նշագեղձերին նայել, քան՝ իր ու մեր բուն կյանքին, եւ հիմա, իր թոշակի տարիքում, փորձում է տեսնել չտեսածը եւ ամեն ինչ անում է, որ ես ու մեր տոհմից մնացածներս էլ տեսնենք այն ամենը, ինչ դեռեւս ի վիճակի ենք տեսնել, եւ յուրաքանչյուր տարվա հունվարի քսանիննին մեր ազգուտակի մնացածներիս հավաքում է Պռոշյան փողոցի ռեստորաններից մեկում, եւ մնացածներովս նշում ենք հորաքրոջս ծննդյան օրը, ավելի ճիշտ՝ փորձում ենք նշել, բայց ավելի շատ մեր շուրջբոլորն ենք զննում ու տնտղում, քան ուտում-խմում եւ ուրախանում ենք, եւ ավելի շատ մեր բաժին Աստծուն ենք փառք տալիս, որ դեռեւս հնարավորություն է տալիս զննել ու տնտղել իր ողջ ստեղծածը: Եվ հիմա, երբ ես սկսում եմ գրի առնել տեսածներս, հասկանում ու ընկալում եմ, որ էս կյանքում ավելորդ տեսնելիք բացարձակապես չկա, ու նաեւ ուշացումով ու հետին թվով հանկարծ հասկացա, որ մեր էս կյանքում պատահական ու հենց էնպես ոչինչ չի լինում, ու ես հենց հիմա դեպքերն ու դեմքերն իրար ագուցելով, սկսում եմ նաեւ հասկանալ, որ իմ տատ Օսանն էդքան տեւականորեն մեր լավաշի փռին էր նայում բնավ ոչ այն պատճառով, որ մեր պատշգամբից ուրիշ հետաքրքիր ու դիտարժան բան չէր երեւում, այլ այն պատճառով, որ իր ամուսին ու իմ պապ Արշոն, գաղթելով Իգդիրից Երեւան, էսօրվա Ժամանակակից արվեստի թանգարանի տեղում հացի փուռ էր բաց արել, եւ երեսունյոթին հենց էդ փռից էլ նրան տարել էին, ու, չնայած էդ փռի ու պապիս տանելու մանրամասների մասին մեր գերդաստանում ոչինչ չէր խոսվում, բայց էդ մանրամասներին ես մի օր մանրամասն տեղեկացա Իսաբեկյանի «Իգդիրը» վեպից, որի գլուխներից մեկը սկսվում է հետեւյալ տողով. «Իգդիրի ամենագեղեցիկ աղջիկն Օվսաննան էր»: Ի՞նչ երկարացնեմ. ես էլ տատիս, հորս, հորեղբորս ու հորաքրոջս պես ամեն ինչ ուշադիր զննող ու տեսնող եմ՝ հատկապես ֆուտբոլի իմաստով: Ես, օրինակ, հարյուրերորդ անգամ կարող եմ նորից ու նորից վերանայել բրազիլական ֆուտբոլի տեսաերիզներն ու ամեն անգամ մի նոր դրվագ հայտնաբերել եւ, հայտնաբերելով, վերստին երջանկանալ ու փառավորվել: Վաթսունականների վերջերին, երբ վերջնականապես պարզ դարձավ, որ ես երբեւէ ֆուտբոլային աստղ չեմ դառնա, իմ ֆուտբոլային կրքերը ոչ միայն չմարեցին, այլեւ, ընդհակառակը, ավելի ահագնացան, որովհետեւ, ինչպես ասում են, արգելված պտուղը քաղցր է լինում, իսկ ֆուտբոլն էն գլխից ինձ համար ոչ միայն արգելված պտուղ, այլեւ արգելված միրգ ու արգելված ամեն ինչ էր, եւ երբ վաթսուներեքին պատահականության բերումով ֆուտբոլիստ Չալիկյանը հայտնվեց Մետաքսի մեր հատվածում, մենք էդ պահին Գեղամենց դքի վրա ֆուտբոլ էինք խաղում, ու Չալիկյանը կողքանց մի տասնհինգ րոպեի չափ մեր խաղը զննելով՝ ինձ ու իմ հասակակից երկու ուրիշների պաշտոնապես հրավիրեց ֆուտբոլի դպրոցի իր խմբում պարապելու, բայց մայրս կտրականապես մերժեց, եւ հայրս, որ շատ էլ համաձայն էր ֆուտբոլ պարապելուս, առանձնապես իր կարծիքը չպնդեց, ու ես առայսօր այն կարծիքին եմ, որ Հայաստանի ֆուտբոլը համաշխարհային դափնիների չի արժանանում միայն ու միայն այն պատճառով, որ մեզանում, ի տարբերություն հայրերի, ոչ մի ծնող մայր իր որդու ֆուտբոլիստ դառնալը ոչ միայն չի երազում, այլեւ չի էլ ենթադրում, եւ մեզանում ֆուտբոլիստ դառնում են հիմնականում նրանք, ովքեր բացարձակապես ազատ են մայրական խնամքից ու հոգատարությունից, ու նաեւ նրանք, ում ընտանիքներում ծայրեծայր հայրիշխանություն է: Մեր ընտանիքում ոչ հայրիշխանություն էր եւ ոչ էլ մայրիշխանություն. ուղղակի էն գլխից հայրս մեր սանձերն անմնացորդ հանձնել էր մորս ոչ միայն այն պատճառով, որ ինքը զահլա չուներ, ոչ միայն այն պատճառով, որ մայրս մանկավարժ ու հայերենի ուսուցչուհի էր, ոչ միայն այն պատճառով, որ իմ ու քրոջս ապագայի հետ կապված՝ մայրս կոնկրետ ու հեռահար երազանքներ ուներ, այլեւ ու հիմնականում այն պատճառով, որ իր երեխաների կրթության եւ ապագայի հետ կապված հարցերը մորս կյանքի բուն իմաստն էին: Եվ հայրս, որ իմ ֆուտբոլիստ դառնալուն շատ էլ կողմ էր, իր էդ կողմ լինելն առանձնապես որեւէ կերպ չէր արտահայտում ու չէր պնդում, որովհետեւ գիտեր ու համոզված էր, որ երաժշտական կրթությանս վերջնական ձախողումից հետո մայրս ինձ առնվազն նկարիչ է դարձնելու: Հայրս թունդ ֆուտբոլասեր լինելով հանդերձ, հոգու խորքում նաեւ ազատ դաստիարակության կողմնակից էր, այսինքն գտնում էր, որ երեխային իր նախասիրությունների հետ պիտի ազատ թողնես, եւ այդ էր պատճառը, որ իր հոգու խորքում ֆուտբոլիստ դառնալուս գաղափարը փայփայելով հանդերձ, իր էդ փայփայածն առանձնապես չէր արտահայտում ու չէր նշում, չնայած ինքը ոչ միայն շատ թունդ ֆուտբոլասեր, այլեւ ֆուտբոլային քայլող հանրագիտարան էր, ու Մետաքսի մեր հատվածում ֆուտբոլիստ Չալիկյանի անակնկալ հայտնությունից անմիջապես հետո հենց հայրս էր, որ ի լուր հարեւանության բացահայտեց, որ Մոսկվայի «Դինամոյի» ու հավաքականի լեգենդար դարպասապահ Լեւ Յաշինն իր կյանքում ամենից շատ հենց էս Չալիկյանից է վախեցել ու սարսափել, ու, ամեն ինչից զատ, Յաշինի վախի ու սարսափի բուն պատճառն էս մեր Չալիկյանի աչքերի շլությունն է եղել, ու Յաշինը Հանրապետական մարզադաշտում Չալիկյանից հերթական գնդակն ուտելուց հետո, ֆուտբոլային մի շատ նեղ շրջանակում Չալիկյանից իր վախն ու սարսափը խոստովանելով, ասել է. «Չյորտ պաբիրի. կուդա սմոտրիտ, կուդա բյոտ»: Մետաքսի մեր հատվածում Չալիկյանի անակնկալ հայտնությունից ուղիղ մեկ տարի անց ճակատագիրը մեր ընտանիքին ընդամենը մեկ տարով տեղափոխեց Բութանիա՝ Թորամանյան փողոց, որովհետեւ Կրիվոյի մեր էս մանկավարժների կոոպերատիվից բնակարան ստանալու համար մենք առնվազն մեկ տարի պարտավոր էինք վարձով ապրել, ու մենք մի ամբողջ տարի վարձով ապրեցինք հենց Չալիկյանի տան դեմդիմաց եւ ոչ միայն մոտիկից տեսանք Չալիկյանի աչքերի թեթեւակի շլությունը, այլեւ տեղեկացանք ու իմացանք, որ ֆուտբոլիստ Հակոբ Չալիկյանը ոչ թե երեք աղջիկ ուներ, ինչպես ողջ հարեւանությունն էր կարծում, այլ երկու աղջիկ ու մի տղա, եւ դա, Չալիկյանի ընտանիքի անդամներից բացի, միայն մենք գիտեինք, որովհետեւ իրենց վեցամյա կրտսերը՝ տղան, իր ավագ քույրերի պես երկար ու սիրուն հյուսեր եւ մեծ ու կարմիր ժապավեններ ուներ ու երբեք տանից դուրս չէր գալիս ու մշտապես իրենց պատուհանի գոգին նստած՝ իր անուշաձայն շվին էր փչում, եւ իր նախապատմությունը հետեւյալն էր. ֆուտբոլիստ Չալիկյանն ու իր կինը, ուրեմն, ամենասկզբում երկու աղջիկ էին ունեցել, այնուհետեւ երեք անգամ վրա-վրա տղա երեխեք էին ունեցել, բայց երեքն էլ վեց ամսական չհասած՝ վրա-վրա մահացել էին: Հետո իրենք չորրորդ տղան էին ունեցել, բայց էս անգամ արդեն հարեւանության մեջ եւ Բութանիայով մեկ ասել ու տարածել էին, որ էդ վերջին նորածինն աղջիկ է եւ ոչ թե տղա. էդպես էին ասել ու տարածել, որ հարեւանության աչքը չկպնի, ու նորածնին էլ շուրջ վեց տարի Վարդուհի ու Վարդ էին անվանում, եւ երբ նորածինն արդեն վեց տարվա Վարդ էր, վերստին անվանակոչեցին ու վերջնական անուն դրեցին՝ Մնացական, Մնաց. այսինքն՝ մնաց, ապրեց, ու մինչեւ առաջին դասարան ընդունվելը հյուսերը չկտրեցին եւ հյուսերին կարմիր ու սիրուն ժապավեններ էին կապում, որ հարեւանությունն աչքով չտա, իսկ հարեւանությունը ոչ միայն աչքով չէր տալիս, այլեւ, Մնացին լուսամուտի գոգին մշտապես շվի ածելիս տեսնելով, ասում էր. «Խեղճերի վրա տղա չի գալի հերիք չի, էս ամենավերջին աղջիկն էլ Աստծո գեշն ա՝ սեւ քյոմուր, ու, չնայած շատ լավ ա նվագում, բայց աղջկա նվագելն ո՞ւմ ա պետք»: Չնայած մենք Բութանիայում կարճատեւ ու ժամանակավոր կենվորներ էինք, բայց Չալիկյանն իր ու իր ընտանիքի խորագույն գաղտնիքը հենց հորս վստահեց, որովհետեւ հայրս ֆուտբոլիստների ու դերասանների շրջանում արդեն բավական հայտնի մարդ էր, եւ հատկապես վաթսունականներին իր կենդանագրական արհեստանոցը մշտապես լեցուն էր հանրահայտ ֆուտբոլիստներով ու դերասաններով, որովհետեւ հայրս ոչ միայն մայրաքաղաքի առաջին կենդանագիրն էր բառի բուն իմաստով, այլեւ առաջին կենդանագիրն էր, որ սկսեց ավտոմեքենաների համարները սպիտակ բրոնզով բարակ ու նուրբ գրել, եւ Հովիվյանը, Բեգլարյանը, Ֆրունզը, Խորիկն ու էլի հանրահայտ շատերը հենց հորս էին իրենց ավտոմեքենաների համարները գրել տալիս կամ ամիսը մեկ թարմացնում արդեն գրածը: Եվ էդ հանգամանքներից բացի, հայրենադարձ Չալիկյաններն իրենց հոգիների խորքերի նվիրական գաղտնիքն ընդամենը մի քանի ամիս Բութանիա տեղափոխված մեր ընտանիքի առաջ անմնացորդ բաց արին նաեւ այն պատճառով, որովհետեւ մեզ, ըստ երեւույթին, կրթված եւ Բութանիայի բնակչության ընդհանուր մակարդակից ահագին տարբեր ու ահագին բարձր ընտանիք համարեցին, եւ չնայած կրթված, հայրենասեր ու նմանապես հայրենադարձ Ճենտերեջյաններն էլ Չալիկյաններից մի տուն այն կողմ կային, բայց Ճենտերեջյաններն իրենք իրենց հիմնովին մեկուսացրել էին Թորամանյան երրորդ նրբանցքի ընդհանուր կյանքից ու կենցաղից, չնայած իրենց բակից անընդհատ հնչող երկվորյակներ Արմեն ու Աշոտ Ճենտերեջյանների շուրջօրյա զվարթ ջութակները մշտապես ճեղքում էին իրենց հաստաբեստ պարիսպները եւ միախառնվելով Մնացի շվիին՝ գունազարդում ու իմաստավորում էին Թորամանյան երրորդ նրբանցքի կյանքն ու առօրյան: Մենք Բութանիայում միակն էինք, որ Չալիկյաններին ու Ճենտերեջյաններին «ախպար» չէինք անվանում, որովհետեւ մայրս մեզ խստիվ արգելել էր էդ բառն օգտագործել, ու մենք ոչ միայն չէինք օգտագործում էդ բառը, այլեւ օգտագործողներին էլ դիտողություն էինք անում, ու մեր էդ կեցվածքը հավասարապես դուր էր գալիս Չալիկյաններին ու Ճենտերեջյաններին, որոնց բախտն աշխարհագրական իմաստով ակնհայտորեն չէր բերել, քանի որ մեր Թորամանյան նրբանցքից ընդամենը երկու նրբանցք հետո սկսվում էր Արեշը, ուր բոլորն էին իրար «ախպար» ասում, որովհետեւ բոլորն էին հայրենադարձ: Իսկ երրորդ նրբանցքում մենք տեղացիներից միակն էինք, որ «ախպար» արտահայտությունն ընդհանրապես մեր բառապաշար չէինք ներառել, ու բնավ պատահական չէր, որ իրենց նվիրական գաղտնիքը Չալիկյանները միայն մեր առաջ խոստովանեցին, քանի որ Ճենտերեջյանների հետ տարածքային տարաձայնություններ ունեին: Մնացն իսկապես մնաց ու յոթանասունականների վերջերից սկսած՝ Երգի8211պարի պետական համույթում հավասարապես շվի, դուդուկ ու կլարնետ էր նվագում, բայց Մնացի մեջ մնացել էին ու մշտապես կային մանկական առաջին տարիների աղջկական ամոթխածությունն ու հոր անբնական չափերի հասնող համեստությունը, այսինքն՝ Չալիկյան Մնացն ի ծնե տաղանդի տեր էր, բայց արտիստական աչքաբացություն ու ցուցամոլություն չուներ ու չունեցավ, ու չեմ հիշում, որ Մնացը երբեւէ հեռուստացույցով ելույթ ունեցած լինի, այլ միայն՝ Ֆիլհարմոնիայի մեծ ու փոքր դահլիճներում, ուր Երգի-պարի համույթի հոծ բազմության մեջ ո՛չ միայն հորից ժառանգած աչքերի շլությունը չէր նշմարվում, այլեւ հաղթանդամ ինքը՝ Մնացը: Ինչ վերաբերում է Արմեն ու Աշոտ երկվորյակ Ճենտերեջյաններին, նրանք հավասարապես թե՛ արտիստական տաղանդ ունեն, թե՛ արտիստական խառնվածք եւ առայսօր ապահովում ու է՛լ ավելի են ամրապնդում Հայրենիք-Սփյուռք կապը՝ միաժամանակ եւ զուգահեռաբար մարմնավորելով ու առարկայացնելով «Մեկ ազգ-մեկ մշակույթ» անվանյալ տեսլականը: Արդեն մոռացա, թե հատկապես ինչ նպատակով հիշեցի Մնացին ու Ճենտերեջյաններին. միայն հիշում եմ, որ խոսքը խոսք բերեց ու հասա իրենց: Ու նաեւ հիշում եմ, որ թեման ֆուտբոլն էր, ավելի ճիշտ՝ ֆուտբոլն իմ կյանքում: Ֆուտբոլն իմ առաջին լուրջ սերն էր, ու ես առայսօր վաթսունական թվերի մերոնց խաղերից էնպիսի դրվագներ ու մանրամասներ եմ հիշում, որ նորմալ մարդը դժվար թե հիշեր: Ընդ որում, էդ բոլոր խաղերը նայել եմ հեռուստացույցով: Իսկ մարզադաշտ առաջին անգամ ոտք դրի վաթսունհինգին: Վաթսունհինգի ամռանը, երբ արդեն ընտանյոք մեր պարտադիր մի տարին Թորամանյան նրբանցքում ապրել-պրծել էինք, ու Կրիվոյի լավաշի փռի դիմացի «Մանկավարժ» կոչվող կոոպերատիվի շենքն էլ արդեն պատրաստ էր, մենք ընտանյոք տեղափոխվեցինք Կրիվոյ, եւ ինձ համար միանգամայն նոր ժամանակաշրջան սկսվեց՝ հատկապես ֆուտբոլային իմաստով: Մեր նոր տունը Հանրապետական մարզադաշտին համարյա կպած էր, ու մենք բոլոր կողմերից շրջապատված էինք ֆուտբոլային կրքերով ու եռուզեռով, բայց, այդուհանդերձ, ես էդ երկու-երեք տարիներին համարյա ֆուտբոլ չնայեցի ու ֆուտբոլից հաճույք չստացա, որովհետեւ էդ երկու-երեք տարիներին ֆուտբոլն ինձ համար ոչ թե արվեստ էր, այլ՝ ապրուստի ու փող աշխատելու միջոց: Ջուր ծախողների մեր խմբի հովանավորը Մայոն էր, իսկ մյուսինը՝ Սմբոն: Մենք վեցերորդ ու յոթերորդ սովորող տղերք էինք, իսկ Մայոն ու Սմբոն վաղուց արդեն դպրոցից ու ամեն ինչից ազատ հեղինակություններ էին եւ իրենք էին ապահովում միլիցիոների հետ կապը, եւ եթե միլիցիոների հետ կապված հարցեր էին ծագում, Մայոն ու Սմբոն շատ արագ բոլոր հարցերը լուծում ու ամեն ինչ կարգավորում էին: Էդ թվերին ֆուտբոլի ամենաթանկանոց տոմսն արժեր մեկ ռուբլի, ու նաեւ մեր մի շիշ ջուրը մեկ ռուբլի արժեր, ու ջուր ծախողներս արեւմտյան տրիբունայի զուգարանից մեր մատների արանքներով առնվազն վեց շիշ ջուր էինք միանգամից տեղափոխում ու տրիբունա բարձրացնում, ու մանավանդ ամառվա ամիսներին մեր գործը շատ լավ էր, ու մեր շշերը չորս կողմից խլխլում ու մեր մանեթանոցները չորս կողմից մեզ էին մեկնում, ու էդ ողջ ընթացքում Մայոն մոտերքում կանգնած հետեւում էր, ու եթե ինչ-որ մեկը փորձում էր փողը չտալ, անմիջապես լուծում էր փողը չտվողի հարցերը: Սմբոյի խումբն արեւելյան տրիբունային էր սպասարկում, իսկ մերն արեւմտյանն էր, եւ չնայած նրանց տեղը շոգուկրակ էր, բայց նրանց շահույթն անհամեմատ ավել էր: Մենք հարավային ու հյուսիսային տրիբունաների ժողովրդին սկզբունքորեն չէինք սպասարկում, որովհետեւ էդ տրիբունաներում հիմնականում չունեւոր ժողովուրդն էր նստում; Մեր խումբը չորս հոգուց էր բաղկացած, եւ, ընդհանուր առմամբ, ամեն խաղին յուրաքանչյուրս տասից տասնհինգ շիշ ջուր էր ծախում, եւ իմ աշխատած ամեն հինգ ռուբլուց մեկ ռուբլին իմն էր, եւ չորսը՝ Մայոյինը, եւ շոգ օրերին մենք մարդս մինչեւ քսան շիշ ծախում էինք, իսկ անձրեւոտ կամ զով օրերին՝ հազիվ հինգից տասը շիշ, ու էդպես տարիուկես շարունակվեց, ու էդ տարի բոլորիս բախտից «Արարատը» տեղափոխվեց բարձրագույն խումբ, բայց հենց էդ նույն տարեվերջին, երբ Գրոզնու եզրափակիչից առաջ մերոնք Երեւանում իրենց վերջին խաղերն էին տալիս, արեւմտյան տրիբունայում շշերն ու սիգարետը ձեռիս ինձ բռնացրեց իմ հորեղբորորդի Աշոտը, ու ես, Աշոտի հայացքից ցնցված, շրջվեցի ու փախա մարզադաշտից, ու իմ էդ փախուստի ողջ ընթացքում դողում ու ցնցվում էի, որովհետեւ Աշոտը ոչ միայն ջուր ծախելս էր տեսել, այլեւ՝ ծխելս: Մինչ Աշոտի տեսնելն էլ, իհարկե, իմ ջուր ծախելը մեր հարեւաններից ու բարեկամներից ոմանք տեսել էին, բայց, իմ բախտից, ծնողներիս չէին հասցրել, ու Աշոտն էլ, իհարկե, ծնողներիս ոչինչ չասաց, բայց Աշոտի անձամբ տեսնելն ու իմանալն ինձ համար նույնքան ահավոր ու սարսափելի էր, որքան ծնողներիս իմանալը: Մայոն, իհարկե, էդ նույն իրիկուն ինձ գտավ ու ինձանից ստացավ էդ օրվա ողջ հասույթը, եւ երբ իրեն ասացի, որ այլեւս ջուր չեմ ծախելու, ասաց, որ կխոսի Աշոտի հետ, բայց Մայոն չգիտեր ու չիմացավ, որ Աշոտի հետ երբեւէ ոչ միայն ինքը չի խոսելու, այլեւ՝ ես, որովհետեւ երկու տարի շարունակ ես Մետաքս ոտք չդրի՝ խուսափելով Աշոտի հետ առերեսումից, իսկ երկու տարի անց Աշոտը Գելենջիկում ցեխ դրեց, կնոջ ու երեխեքի հետ տեղափոխվեց այնտեղ եւ ութսուներկուսի ահավոր մայիսին ծովափնյա էդ քամոտ ու ավազոտ վայրում էլ ավարտեց երկրային իր կարճատեւ կյանքը: Երբ Մայոյին ասացի, որ այլեւս ջուր ծախելու մտադրություն չունեմ, շատ զարմացավ: «Պադումայեշ,- զարմացավ Մայոն.- էնքա՜ն խնդրող կա՜»: Իրականում Մայոյին էնքան իմ ջուր ծախելուց հրաժարվելը չէր զարմացրել, ինչքան՝ փողային հարցերում իմ մաքրությունը, եւ իմ բացակա ժամանակ տղերքի մոտ մի քանի անգամ ձեռից մաքուր լինելս նշել ու շեշտել էր, եւ իմ մասին իր էդ կարծիքն իր արդյունքը տվեց, ու գարնան գլուխ, վաթսունվեցին, երբ «Արարատն» արդեն բարձրագույն խմբում իր ելույթներն էր սկսում, Մայոն ինձ առաջարկեց տեղափոխվել մեծերի խումբ: Մայոյի մեծերի խումբը ոչ թե ջուր էր ծախում, այլ՝ ֆուտբոլի տոմս: Մայոն ամեն խաղից առաջ հիսուն հատ տոմս էր վերցնում՝ յուրաքանչյուր տոմսի դիմաց իրական գնից մի ռուբլի ավել թողնելով տոմսավաճառ Ռոզին: Մայոն վաճառքի ի՛ր գներն էր սահմանել, եւ էդ գները մոտավորապես էսպիսին էին. սովորական խաղերի տոմսերը՝ երեք ռուբլի, Կիեւի ու Մոսկովյան թիմերի խաղերի տոմսերը՝ հինգ ռուբլի, Բաքվի խաղինը՝ տասնհինգ ռուբլի, Թիֆլիսի խաղինը՝ քսանից քսանհինգ ռուբլի: Մեկ տոմսից գոյացած հավելյալ շահույթը մեզ էր մնում, մնացածը Մայոյինն ու միլիցիոներինն էր: Վերջինս աչալուրջ հետեւում էր, որ հանկարծ մեր խաթրին կպնող չլինի: Պատահում էր՝ որոշ կլիենտներ մեզ սպեկուլյանտ էին անվանում ու փորձում էին տոմսերը ձեռքներիցս խլել, բայց էդպիսի դեպքերում վրա էր հասնում մեր միլիցիոներն ու մեզ խլում էր վտանգավոր կլիենտների ճանկերից՝ շատ դեպքերում մեզ ձեւական նախատելով կամ ցուցադրաբար մեր ականջները քաշքշելով: Մեծերի խմբում ես լրիվ ծանրաբեռնվածությամբ ընդամենը մի տարի աշխատեցի, իսկ վաթսունութի ամռանից սկսած՝ իմ ծանրաբեռնվածությունը կրկնակի պակասեց, որովհետեւ այդ ամռանն ընդունվեցի ու սեպտեմբերից արդեն Թերլեմեզյանի ուսումնարանի կերամիկայի բաժնի ուսանող էի, այսինքն՝ իմ ազատ ժամանակն արդեն շեշտակի պակասել էր, եւ, չնայած ծախսերս ավելացել էին, որովհետեւ արդեն հիմնավոր էի ծխում, այդուհանդերձ, Մայոյին խնդրեցի, որ ծանրաբեռնվածությունս պակասեցնի, ու Մայոն համաձայնվեց: Մի խոսքով՝ ոչ թե ես էի հարմարվում խմբի ռեժիմին, այլ խումբն ու անձամբ Մայոն էին ինձ հարմարվում, եւ դա Մայոյի կողմից մեծ հանդուրժողականություն ու զիջողություն էր, եւ իմ հանդեպ էդ հանդուրժողականության հիմքն իմ մաքուր ձեռքերի առումով իր մշտնջենական զարմանքն էր ու նաեւ այն, որ խմբում արդեն ես միանգամայն ազատ ստեղծագործողի իմիջ ունեի, ու իմ էդ իմիջն առանձնապես ձեռնտու էր խմբի բոլոր տղերքին, որովհետեւ իմ կիսատ ծանրաբեռնվածության շնորհիվ իրենց տոմսերի քանակն ավելանում էր, ընդ որում՝ շոշափելիորեն, որովհետեւ իրենք մշտապես իրենց կաշիներից դուրս էին գալիս, որ իրենց փայ տոմսերը Մայոյի նախանշած գնից հնարավորինս ավել գնով ծախեին: Ինչ վերաբերում է ինձ, ես ընդհանրապես վրադիր գին չէի ավելացնում, որովհետեւ իմ նպատակն էդ տոմսերն արագ ծախել-պրծնելն էր, որպեսզի այս անգամ արդեն տոմս ծախելուս վրա ծանոթ-բարեկամներիցս մեկնումեկն ինձ, ուրեմն, չբռնացներ, չնայած ամենասարսափելին արդեն տեղի էր ունեցել, եւ Աշոտն արդեն Գելենջիկում էր, եւ Երեւանում չկար որեւէ ուրիշը, ումից ավելի պատկառեի ու քաշվեի, քան՝ իմ հորեղբորորդի Աշոտից, եւ, չնայած երկու ամիս անց Թերլեմեզյանի ուսումնարանից դուրս եկա ու վերադարձա դպրոց, բայց տոմս ծախելուց ամաչելն արդեն իմ բնավորությունն էր դարձել, եւ արվեստագետ-մտավորականի իմիջն արդեն իմ ճակատագիրն էր, ու եթե մեր խմբի մյուս տղերքի համար տոմս ծախելն ինչ-որ տեղ նույնիսկ պատվավոր բան էր, ապա ինձ համար միանգամայն ամոթալի զբաղմունք էր, եւ ամենատարօրինակն այն էր, որ այդ կարծիքին էին նաեւ տոմս ծախող մեր տղերքն ու մինչեւ անգամ Մայոն, ու ես ներքուստ նախանձում էի տոմս ծախող իմ ընկեր տղերքին, ովքեր, ի տարբերություն ինձ, սիրով ու հավեսով էին էդ գործն անում, եւ նմանապես նախանձում էի Թերլեմեզյանի իմ դասընկերներին, ովքեր, ի տարբերություն ինձ, հասկացել ու սիրում էին կերամիկա կոչվածն ու միանգամայն սիրով էին ցեխոտվում, կավոտվում ու լավոտվում, եւ իմ էդ չհասկանալն ու չսիրելն էր պատճառը, որ ընդամենը երկու ամիս դիմացա կերամիկական էդ ցեխին ու վերադարձա դպրոց, ընդ որում՝ ոչ թե Մաքսիմ Գորկու անվան դպրոց, որտեղից գնացել էի ուսումնարան, այլ՝ Նալբանդյանի անվան դպրոց, որովհետեւ Գորկու դպրոց չէի կարող վերադառնալ այն պարզ պատճառով, որ Գորկու դպրոցում ութերորդը մի կերպ էի ավարտել, եւ ֆիզիկայից ու մաթեմատիկայից ինձ բավարար էին նշանակել միայն դպրոցը թողնելուս եւ ուսումնարան տեղափոխվելուս պայմանով, ու էդ պայմանը ես սրբորեն էի կատարել, բայց ահա երկու ամիս անց շարունակությունը չէի գտնում, ո՛չ Թերլեմեզյանի կերամիկայի ցեխերի մեջ եւ ո՛չ էլ Մայոյի խմբում իմ կյանքի շարունակությունը չէի տեսնում ու չէի նշմարում, եւ եթե կերամիկայի ու Գորկու դպրոցի հետ հաշիվներս բարեհաջող փակեցի, ապա Մայոյի խումբն ինձ շարունակում էր ձգել, որովհետեւ ես արդեն ստրկացել էի իմ կանոնավոր հասույթին, ու Մայոն էլ էր դա շատ լավ հասկանում, եւ ես խմբում միակն էի, ում Մայոն հասկանալով էր վերաբերվում, ավելի ճիշտ՝ փորձում էր հասկանալ ինձ, որովհետեւ ես իր համար միանգամայն անծանոթ ու անհասկանալի տեսակ էի, ու Մայոն շարունակ իր չհասկացածի մեջ իմաստ էր փորձում գտնել, եւ երբ ես ինքնակամ հրաժարվեցի ուսումնարանից ու տեղափոխվեցի Նալբանդյան դպրոցի իններորդ դասարան, Մայոն սկսեց ավելի հարգել ինձ, որովհետեւ իր մորաքրոջ որդին՝ Սուրոն, որ իրենց ազգուտակի հեղինակությունն ու թագավորն էր, ընդամենը ուսումնարանավարտ տղա էր: շարունակությունը՝ Գլուխ երկրորդ Գլուխ երրորդԳլուխ չորրորդ Գլուխ հինգերորդԳլուխ վեցերորդԳլուխ յոթերորդԳլուխ ութերորդԳլուխ իններորդ Գլուխ տասներորդԳլուխ տասնմեկերորդԳլուխ տասներկուերորդԳլուխ տասներեքերորդԳլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել