Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օպտիմալացում

Փետրվար 05,2005 00:00

Օպտիմալացում նախարարի թիկունքո՞ւմ ԿԳ նախարար Սերգո Երիցյանի՝ տարեվերջին արած հայտարարությունը, թե օպտիմալացման պատրվակով այլեւս ոչ մի ուսուցիչ չի կրճատվելու, տնօրենները մեկնաբանում են յուրովի: Օրինակ, Արմավիրի մարզի Թաիրով գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հրաչյա Հայրապետյանը, 2 ամիս առաջ, ըստ պատշաճի, առաջիկա հնարավոր ազատման մասին զգուշացնելուց հետո, հունվարին աշխատանքից ազատել է ֆիզիկայի ուսուցչուհի Նատալյա Սեդրակյանին: Նա այդ քայլի համար ունի իր հիմնավորումը: «Կրճատումը կապված է օպտիմալացման հետ, իսկ նախարարի ասածը բանավոր խոսք է՝ ոչ հրահանգ, եւ վերաբերում է այն դպրոցներին, որոնք արդեն իրականացրել են օպտիմալացման ծրագիրը»,- իր կարծիքը մեզ հետ զրույցում հայտնեց դպրոցի տնօրենը: Դպրոցում դասավանդող ֆիզիկայի 2 ուսուցիչներից նախապատվությունը տրվել է Ս. Սմբատյանին, ով դեռ 1990-ից հրաժարվել է դասավանդել 9-10-րդ դասարաններում, ինչը հանձն էր առել Նատալյա Սեդրակյանը: «Եթե նույնիսկ իմ եւ Սմբատյանի որակավորումը եւ աշխատանքի արդյունավետությունն ընդունենք հավասար, ապա ունեմ աշխատանքում մնալու նախապատվություն հենց թեկուզ այն պատճառով, որ խնամքիս տակ ունեմ 2 ուսանող երեխա, որոնցից մեկը՝ անչափահաս»,- ասում է աշխատանքից ազատված ուսուցչուհին: Նախապատվություն տալու հարցում կարծիքները չեն համընկնում վերադասի մոտ: Դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում ասաց, որ ընտրություն կատարելիս առաջնորդվել են Աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածով (ինչի հիման վրա էլ իրականացվում է օպտիմալացումը), եւ մյուս ուսուցչուհուն նախապատվություն է տրվել՝ ելնելով նրա սոցիալական վիճակից: Մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանը, սակայն, ասում է, որ իրենք որոշումը կայացրել են՝ հաշվի առնելով արտադրողականությունը: Ի դեպ, երբ տիկին Սայադյանին հայտնեցինք Ն. Սեդրակյանի այն մտավախությունը, թե տնօրենն անձնական դրդապատճառներով է իրեն աշխատանքից ազատել, վարչության պետն ասաց, որ որոշումն ինքն է կայացնում, եւ տնօրենի անձնական դրդապատճառներն այդտեղ ոչ մի կապ չունեն: Ն. Սեդրակյանը կարծում է, որ տնօրենը գալիք ընտրություններում իրեն լուրջ մրցակից է համարում, եւ նախապես ուզում է ազատվել իրենից: Տնօրենն այս ակնարկին պատասխանեց այսպես. «Նախ ընտրությունները դեռ 3 տարի հետո են, ապա՝ ես եկող տարի գնալու եմ կառավարություն»: Պրն Հայրապետյանը չմասնավորեցրեց, թե ինչ պաշտոն է իրեն սպասում կառավարությունում: Նատալյա Սեդրակյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դպրոցում չի գործում ֆիզիկայի լաբորատորիան, հետեւաբար ազատ է համապատասխան աշխատատեղը: Բացի այդ, ինֆորմատիկա առարկան, որ դասավանդում էր ինքը, այժմ փաստացի հանվել է դասացուցակից: Երբ տնօրենին հիշեցրինք այս մասին, նա ասաց, որ այդ ամենը դպրոցի ներքին խնդիրներն են, իրենք լաբորատոր սարքավորումներ չունեն, «իսկ 2 ժամ ինֆորմատիկայի համար ես ուսուցիչ չեմ պահի»: Ի դեպ, ինֆորմատիկայի ժամերը հաստատված են պետպլանով եւ տնօրենի քմահաճույքին ենթակա չեն: Կողմնակալ վերաբերմունքի մեկ դրսեւորում էլ է առկա տնօրենի արարքներում: Բացի նրանից, որ Ն. Սեդրակյանին դպրոցում ոչ մի ուրիշ աշխատանք չի առաջարկվել (նա կհամաձայներ նույնիսկ գործավարի թափուր տեղին), տնօրենը նաեւ չի համաձայնել նրան ուղարկել վերապատրաստման՝ կրոնի պատմության ուսուցչի որակավորում ստանալու համար՝ փոխարենն այդ դերի համար նախընտրելով կենսաբանության ուսուցչուհուն: Իսկ Ն. Սեդրակյանը եկեղեցու ծխական խորհրդի անդամ է, մասնակցել է կաթողիկոսի ընտրություններին: Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետն այսօր էլ ուսուցչուհուն առաջարկում է քարը փեշից թափել եւ համաձայնել պայմանագրով աշխատելուն, սակայն Ն. Սեդրակյանը կարծում է, որ ինքն արժանի չէ նման վերաբերմունքի: Նա հավանաբար կառաջնորդվի ՀՀ նախագահի նստավայրից ստացված խորհրդով՝ հարցը լուծել դատական կարգով: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել