Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԾԱՆՈՒՆ

Փետրվար 05,2005 00:00

ՄԵԾԱՆՈՒՆ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՎԱՍՏԱԿԸ Վերջերս Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում բացվեց Արամ Տեր-Ղեւոնդյանի անվան գիտական սրահը։ Ուստի պատեհ առիթ է եւս մեկ անգամ վերհիշել Արամ Տեր-Ղեւոնդյան մարդու եւ գիտնականի կյանքը, անցած ուղին, նրա թողած հարուստ եւ արժեքավոր գիտական ժառանգությունը։ Արամ Նահապետի Տեր-Ղեւոնդյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 24-ին, Կահիրեում, Մարաշից գաղթած տոհմիկ ընտանիքում։ 20 տարեկանում ընտանիքով ներգաղթելով Հայաստան՝ 1954-ին ավարտում է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի արեւելյան լեզուների բաժինը՝ աշակերտելով հռչակավոր լեզվաբան-հայագետ Հրաչյա Աճառյանին եւ այլոց։ 1958-ին նա ավարտում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ուսումնառությունն անցկացնելով Լենինգրադում՝ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ղեկավարությամբ։ «Դարձյալ բախտս ժպտաց, իմ գիտական ղեկավարը ակադեմիկոս Հովսեփ Օրբելին էր»,- հաճախ շեշտում էր նա։ Այստեղ էլ նա պաշտպանում է իր թեկնածուական թեզը, որը հետագայում հրատարակվում է որպես մենագրություն՝ «Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում»: Այն թարգմանվում է անգլերեն՝ հայտնի բյուզանդագետ Ն. Գարսոյանի կողմից։ Իսկ բոլորովին վերջերս Հալեպում լույս տեսավ արաբերեն տարբերակը՝ Ալեքսան Քեշիշյանի թարգմանությամբ՝ մեծ արձագանք գտնելով արաբական գիտական շրջանակներում: Մեծ հաջողություն է ունենում նաեւ նրա դոկտորական դիսերտացիան՝ «Հայաստանը եւ Արաբական խալիֆայությունը» թեմայով. ժամանակագրական առումով ընդգրկուն, ամբողջական մի աշխատություն՝ գրված ռուսերեն, որը լույս է տեսնում 1978-ին: 1958-1981թթ. Արամ Տեր-Ղեւոնդյանը բեղմնավոր գործունեություն է ծավալում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում՝ աղբյուրագիտական, պատմագրական եւ պատմաբանասիրական ուղղություններով, իսկ 1981-ին հիմնականում իր ջանքերի եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտում ստեղծվում է Արեւելյան աղբյուրագիտության բաժինը, որի հիմնադիր-վարիչը եղավ ինքը՝ աշխատելով այդ պաշտոնում մինչեւ կյանքի վերջը։ Վաղաժամ մահը (1988թ.) պատճառ դարձավ, որ որոշ աշխատություններ մնան անտիպ, բազմաթիվ ծրագրեր՝ անավարտ: Արամ Տեր-Ղեւոնդյանը հեղինակ է ութ գրքերի, հարյուրից ավելի արժեքավոր հոդվածների եւ գրախոսությունների: Նրա «Հայաստանը 6-8-րդ դարերում» գիրքը լույս է տեսել մահվանից հետո: Աշխատությունների մի մասը թարգմանվել է եվրոպական եւ արեւելյան մի շարք լեզուներով։ Արամ Տեր-Ղեւոնդյանի համար սկզբնաղբյուրների ուսումնասիրությունը ցանկացած պատմագիտական աշխատանքի հիմքն էր։ Նրա կողմից Ագաթանգեղոսի «Պատմության» արաբական բնագրի մինչ այդ անհայտ հատվածների հայտնաբերումն ու ուսումնասիրությունը նորովի լուսաբանեցին այդ կարեւոր երկի հետ կապված բազմաթիվ աղբյուրագիտական հարցեր: Այնուհետեւ հրատարակվեց Ագաթանգեղոսի «Պատմությունը» աշխարհաբար (1977թ.), ապա, գրաբար բնագրին զուգահեռ, աշխարհաբար թարգմանությունները (1983թ.): Ավելի ուշ նա աշխարհաբար թարգմանեց նաեւ իր հիմնական հետազոտությունների ժամանակաշրջանին առնչվող, 8-րդ դարի հայ պատմիչ Ղեւոնդի «Պատմությունը»: Հատկապես ուշադրության արժանի է 13-րդ դարի հայտնի արաբ պատմիչ Իբն ալ-Ասիրի «Լիակատար պատմության»՝ Հայաստանում արաբական նվաճումների ու տիրապետության, Բագրատունյաց եւ Կիլիկիայի հայկական թագավորությանը վերաբերող հատվածների հայերեն թարգմանությունները, դրանց ծանոթագրությունները, որոնք պարունակում են բավական հարուստ աղբյուրագիտական, բանասիրական նյութ: Փաստորեն նրա եւ անվանի արաբագետ Հ. Նալբանդյանի շնորհիվ էր, որ արաբական աղբյուրների թարգմանությունը հայ արեւելագիտության մեջ լուրջ գիտական հիմքերի վրա դրվեց։ Արամ Տեր-Ղեւոնդյանը հեղինակ է «Հայկական սովետական հանրագիտարանում» տեղ գտած շուրջ 100 բառահոդվածների, որտեղ տրվում են մի շարք տերմինների լիարժեք բացատրությունները: Նա իր աշխատություններով հերքեց տարածված այն կարծիքը, թե Հայաստանում արաբական տիրապետությունը հաստատվել է 7-րդ դարի 40-ական թվականներին: Տեր-Ղեւոնդյանն ապացուցեց, որ, չնայած 8-րդ դարի սկզբին (701թ.) հաստատված արաբական գերիշխանությանը, հայերը, ի տարբերություն մի շարք այլ քրիստոնյա ազգերի, պահպանեցին ներքին ինքնավարությունը: Մեծանուն գիտնականն իր էական ներդրումն ունի նաեւ «Հայ ժողովրդի պատմության» ութհատորյակի ստեղծման գործում: Նրա հեղինակությամբ են ստեղծվել 2-րդ եւ 3-րդ հատորների այն բաժիններն ու գլուխները, որոնք վերաբերում են 7-9-րդ դդ. քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքին, արաբական երկրների հայկական գաղթօջախներին, հայ-արաբական բազմաշերտ կապերին: Իր հիմնական աշխատանքներին զուգահեռ, նա զբաղվել է հայ եւ արաբական մատենագրական առնչություններով, արաբական մատենագրության մեջ, վիպական զրույցներում հայերին վերաբերող զրույցների, սովորույթների, առասպելների ուսումնասիրությամբ: Կան մի շարք հոդվածներ՝ նվիրված վերոհիշյալ թեմաներին: Պետք է հիշատակել նաեւ Արամ Տեր-Ղեւոնդյանի մանկավարժական գործունեությունը: Նա երկար տարիներ դասավանդել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում «Արաբական երկրների հին եւ միջին դարերի պատմություն», «Արաբական բանասիրության ներածություն» առարկաները, ղեկավարել գիտական աշխատանքներ: Այսօր նրա պատրաստած կադրերը շարունակում են ուսուցչի գործը: Արաբագիտության բնագավառում նրա ավանդը բարձր գնահատվեց ոչ միայն հայրենիքում: 1986-ին Հռոմի Տիբերինա ակադեմիան Արամ Տեր- Ղեւոնդյանին շնորհեց թղթակից-անդամի պատվավոր կոչում: Նրա բոլոր աշխատությունները գրվել են մեծ բարեխղճությամբ ու խորությամբ, փաստերի համակողմանի վերլուծությամբ, ամենուրեք զգացվում է աղբյուրների վստահ իմացությունն ու դրանց տեղին գործածումը, որով էլ հենց արժեւորվում է ցանկացած գիտական աշխատություն։ Քաջ տիրապետելով արեւելյան եւ եվրոպական մի շարք լեզուների՝ նա կարողացավ ոչ միայն մանրազնին ուսումնասիրել արաբական հարուստ աղբյուրները, այլեւ՝ արեւմտյան արեւելագիտական եւ հայագիտական գրականությունը։ Այդօրինակ եզակի եւ բարդ գիտական աշխատանք կարող էր կատարել իր ժողովրդին ու գործին նվիրված, անսահման եռանդով եւ սեւեռուն մտքով օժտված հայագետ-արաբագետը: Նրա ստեղծած գործերը այսօր էլ չեն կորցնում իրենց գիտական արժեքն ու արդիականությունը: «Գալուստ Կյուլպենկյան» հիմնադրամի աջակցությամբ վերոհիշյալ գիտական սրահի բացումը հենց այսպիսի նպատակներ էր հետապնդում. հարգել գիտնականի հիշատակը, ծանոթացնել նրա աշխատությունների հետ, զարկ տալ գիտահետազոտական աշխատանքներին՝ Երեւանի պետական համալսարանում: ԱՐԹՈՒՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել