Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ջիգյարով

Փետրվար 05,2005 00:00

«Ջիգյարով կռվել ենք, բայց մատնվել անջիգյարության» Դժգոհում են Հայրենական պատերազմի վետերանները Աշխատանքի եւ պատերազմի վետերանների խորհրդի անդամներն արդեն անհանգստանում են, որ Հայրենական մեծ պատերազմի 60-րդ տարելիցը (մայիսի 9-ը) ըստ պատշաճի չի նշվի: «Պատերազմի ամենաջահել մասնակիցն այսօր 80-նն անց է, մարդիկ ծերանում, մահանում են, մի քանի տարվա կյանք ունեն, գոնե այդ օրը նրանց գնահատեն եւ ուրախացնեն»,- երեկ մամուլի ասուլիսում ասաց Վետերանների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Ռաֆիկ Կարապետյանը: ԱՊՀ բոլոր երկրները մեծ շուքով նշելու են Մայիսի 9-ը: Հայաստանից անգամ 5 հոգանոց պատվիրակություն է մեկնելու Ռուսաստան՝ մասնակցելու տոնական շքերթին: Հայրենական պատերազմի շքանշաններով պարգեւատրված շուրջ 9.5 մլն մասնակիցներից 67 հազարը հայեր են: Պարոն Կարապետյանի խոսքերով, «նրանք ջիգյարով են կռվել ու պատվով դուրս եկել պատերազմից, բայց այսօր կառավարությունը կատարյալ անջիգյարությամբ է վերաբերվում նրանց: Ղազախստանում եւ Վրաստանում իշխանությունները մեծ ուշադրություն են հատկացնում վետերաններին, իսկ մենք այդ հարցում ԱՊՀ երկրների մեջ վերջին տեղում ենք»: Խորհրդի անդամները թեեւ դժգոհում էին, որ ծանր վիճակում են ապրում, կառավարության հատկացրած ցածր թոշակները չեն բավարարում ու ամեն տարի ստիպված են լինում ինչ-ինչ կազմակերպություններից օգնություն խնդրել, բայց չէին էլ մեղադրում որեւէ պաշտոնյայի: Ռ Կարապետյանն ասաց, որ վետերանները շատ լավ հարաբերություններ ունեն առողջապահության նախարարի հետ, «նա մեզ դեղորայքով, ամեն ինչով օգնում է, եւ լուծում ցանկացած խնդիր, անգամ ապահովում է ուղեգրերով»: Բայց Թամանյան դիվիզիայի վետերանների խորհրդի նախագահ Հովհաննիսյանի կարծիքով, վետերանները պետպատվերի շրջանակներում դեղորայքից չեն օգտվում. «Ձեւականորեն իբր անվճար է, բայց դա սուտ է: Ցանկացած բժշկական հաստատություն էլ մտնելիս գումար են պահանջում կամ չեն սպասարկում, այնպիսի իրավիճակի մեջ են գցում, որ զզվի ու էլ չգնա»: Վետերաններին անհանգստացնում է նաեւ տրանսպորտի խնդիրը: Եթե առաջ նրանք վկայական ունեին, որով կարողանում էին անվճար օգտվել ավտոբուսներից, հիմա այդ թղթից էլ են զրկել: Խորհրդի անդամները մեկ առ մեկ հաշվեցին այն բոլոր արտոնությունները, որոնցից պետք է օգտվեին, բայց չեն օգտվում. «Միայն բնակվարձի կեսն ենք մուծում ու տարեկան մեկ անգամ 50 տոկոս զեղչով ավիատոմս ստանում, ուրիշ ոչինչ: Բայց դրանք կոպեկներ են, իսկ այն արտոնությունները, որոնք մեզ համար իրոք նշանակություն ունեին, հանել են»: Վետերանների միավորման պատասխանատու քարտուղար, գնդապետ Նավասարդյանը բողոքում էր ավելի շատ ոչ թե կառավարությունից, այլ հարուստներից. «Մենք ժամանակին կռվել ենք, նրանց համար ապագա ենք ստեղծել, թույլ ենք տվել, որ իրենք հարստանան ու մեզ արհամարհե՞ն»: Վետերաններն ունեն նաեւ բնակարանային խնդիրներ, իսկ վետերան-օթեւաններում ու ծերանոցներում, պարոն Նավասարդյանի կարծիքով, այնքան էլ լավ պայմաններ չեն ստեղծվել նրանց համար: Այսօր շատ վետերաններ ստանում են 10-15 հազար դրամ կենսաթոշակ, բայց այդ գումարը չի բավարարում նույնիսկ էլեկտրաէներգիայի վարձը տալու համար. «Հիմա մեզ մնում է մահից առաջ գոնե մի քանի ամիս կուշտ փորով հաց ուտենք, էդ էլ չեն տալիս»,- ասաց գնդապետ Նավասարդյանը: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել