Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱՍՏՈՐԵՆ՝

Փետրվար 05,2005 00:00

ՓԱՍՏՈՐԵՆ՝ ՕՐՀՆԵԼ ԵՆ ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆԸ Ռազմաշուկայական հարաբերությունները իրենց դրոշմն են թողնում «սուրբ գործերի» վրա Արաբկիր համայնքում մինչեւ հիմա եկեղեցի չկա, չնայած դրա կառուցման հողհատկացումն արվել է դեռեւս 1990 թվականին՝ Ժողովրդական դեպուտատների 26 կոմիսարների շրջանային խորհրդի կողմից: Իսկ 1995 թվականին եկեղեցու նախագիծն ու մանրակերտն արժանացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա կաթողիկոսի հավանությանն ու ստացել նրա օրհնությունը՝ անվանակոչվելով «Սուրբ Հարություն»: Սակայն պարզվում է, եկեղեցի կառուցելն արդիական է մնում այնքան ժամանակ, քանի դեռ դրանց զբաղեցնելիք տարածքները չեն գայթակղել ազդեցության որոշակի շրջանակ ունեցող մարդկանց: Հաշվի առնելով «բենզալցակայանային» բիզնես ծավալած գործարարների տարածքային հավակնությունները, Ազատության եւ Բաբայան փողոցները հատող անտառահատվածը («Հաղթանակ» զբոսայգի), չէր կարող վրիպել վերջիններիս աչքից: Արդյունքում՝ եկեղեցու փոխարեն այժմ այստեղ մի քանի տարի է, ինչ գործում է բենզալցակայան, որն իր զբաղեցրած տարածքով անհնարին է դարձնում եկեղեցու կառուցումը: Լուսանկարը մասամբ պատկերացում է տալիս այդ անհնարինության մասին: Մամուլում հրապարակված տեղեկություններով, բենզալցակայանը պատկանում է գեներալ Հայկազ Բաղմանյանին: Մեր տեղեկություններով, բենզալցակայանն ունի օրինական թույլտվություններ, սակայն պետական մարմիններն ինչ սկզբունքով են նման թույլտվություններ տալիս՝ մասնագետներին անհայտ է մնում: Եկեղեցու հողհատկացման, օրհնության մասին փաստերն անգամ վավերացված են Գառնիկ Մարգարյանի ճարտարապետական աշխատանքների գրքում (Տես Գ. Ղամբարյան, «Ճարտարապետ», 2002 թվական, էջ. 95-101): Կառուցման նախաձեռնությունը ցուցաբերել են «Արաբկիր» հայրենակցական միությունը եւ մի խումբ արաբկիրցիներ՝ պատրաստակամություն հայտնելով ֆինանսավորել կառուցման աշխատանքները: Ժամանակին եկեղեցու կառուցումը պետական մարմինները հիմնավորել են հետեւյալ կերպ. «Հարցը քննարկվել է շրջանային խորհրդում եւ ստացել է դրական արձագանք՝ որպես հայրենանվեր գործ եւ որպես անհրաժեշտություն ժողովրդի հոգեւոր պահանջների բավարարման համար»: Բայց, պարզվում է, շուկայական օրենքներն իրենց տեսանկյունն ունեն հայրենանվեր գործերի վերաբերյալ: Արդյունքում՝ եկեղեցու համար ժամանակին գործադիր կոմիտեի կողմից արաբկիրցիներին հատկացրած 1, 5 հեկտար հողատարածքում երկրորդ լուսանկարում պատկերված եկեղեցին, ակնհայտորեն, հնարավոր չէ կառուցել: Ուշագրավ է, որ տարածքի օրհնությունից բացի, տեղի է ունեցել նաեւ եկեղեցուն ժամանակավոր փոխարինող հուշաքարի հանդիսավոր բացումը: Ավելին, գործադիր կոմիտեի որոշումով, սուրբ գործի համար նույնիսկ նախատեսվել է մերձակա հարսանեկան ծիսակատարությունների սրահը եւ բացօթյա սրճարանը տեղափոխել անտառահատվածի խորքը: Ի դեպ, երբ տեղում եղանք, պարզվեց, որ տեղափոխման ենթակա օբյեկտներն առանձնապես չէին էլ խոչընդոտի եկեղեցու կառուցմանը: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել