Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ոչ

Փետրվար 05,2005 00:00

«Ոչ հայանպաստ եւ հավակնոտ փաստաթուղթ» ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը մեկնաբանում է ԵԽԽՎ բանաձեւը – Պարոն Հարությունյան, ինչպիսի՞ք են Ձեր մեկնաբանությունները ԵԽԽՎ 1416 բանաձեւի առիթով: – Պարագաների բերումով, 1992 թվականից առ այսօր մասնակցել եմ միջազգային ատյաններում ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման տարբեր քննարկումների: Կարող եմ փաստել, որ դրա կարգավորման ողջ պատմության ընթացքում կոնֆլիկտի ծագումնաբանության վերաբերյալ այսպիսի ձեւակերպումներ երբեք չեն հնչել: Այս փաստաթուղթը փաստում է, որ ԼՂՀ կոնֆլիկտի հիմքում ընկած է ոչ թե ղարաբաղցիների ոտնահարված իրավունքների եւ ազատության համար 1988 թվականից սկսած շարժումը, այլ ընդամենը էթնիկական թշնամանքը: Սա նոր որակում է: Կոնֆլիկտի 11-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ միջազգային ատյանը տալիս է նոր ձեւակերպումներ՝ հիմքում էթնիկական թշնամանքն է, որի հետեւանքով ռազմական բախումներ, էթնիկական զտումներ եւ նոր էթնիկ տարածքների ձեւավորումներ. սա է փաստաթղթի առանցքը: Ցավոք, մենք մեր հայտարարություններով կարծես դրա հնարավորությունը տվել ենք: Դրա համար Հայաստանը որակվում է օկուպանտ եւ թափանցիկ ակնարկ է արվում՝ եթե ուրիշ բան չէ, ապա հետագայում կարող ենք ԵԽԽՎ-ին՝ կողմերի անդամակցությանն անդրադառնալ: Այս փաստաթղթում ոչ մի ավելորդ բառ չկա: Ամեն ինչ հաշվված է: Չնայած փաստաթուղթը նենգափոխում է կոնֆլիկտի ծագումնաբանությունը, այն ընդունվեց եւ վաղը պարտադիր կդառնա Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունների ու նրանց կառավարությունների համար: – Որո՞նք են լինելու փաստաթղթից բխող հնարավոր քայլերը: – Փաստաթղթում շատ հստակ առաջարկություն է արվում ձեւավորել ԵԽԽՎ-ի Մինսկի խումբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ, որում կլինեն վերջինիս կազմում գործող երկրների պատվիրակությունների ղեկավարները: Նրանք ամեն տարի պետք է ներկայացնեն զեկույց, թե իրենց կառավարություններն ինչ աշխատանք են կատարել կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ: Սա ավելին է, քան հավակնոտ հայցը: Հաջորդը, որ բանաձեւում արձանագրված է՝ ԵԽԽՎ-ն այնքան հաստատակամ է կոնֆլիկտի կարգավորման մեջ իր սեփական դերակատարումն ապահովելու հարցում, որ նույնիսկ իր հանձնաժողովին հանձնարարում է ուսումնասիրել Կոնֆլիկտների կարգավորման եվրոպական կոնվենցիայի հնարավորությունները՝ տվյալ կոնֆլիկտը կարգավորելու մեխանիզմները եւ անհրաժեշտության դեպքում կոնվենցիայում փոփոխություններ կատարել: Սա բավական լուրջ հարց է: Եվ վերջինը՝ ԵԽԽՎ-ն նաեւ ասում է. եթե նոր խմբի մոտ կարգավորման արդյունքները չապահովվեն, ապա, քանի որ եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը ՄԱԿ-ի լիարժեք անդամներ են, բոլոր հիմքերը կան՝ հարցը ՄԱԿ-ի միջազգային դատարան տեղափոխելու համար: Ընդ որում, բնական է՝ այս փաստաթղթի ձեւակերպումների հիման վրա: Ահա այս փաստաթղթի ողջ էությունը, ինչից այն եզրակացությանն ես հանգում, որ ԵԽԽՎ-ն որոշել է լրջագույնս զբաղվել ԼՂՀ խնդրի կարգավորմամբ: – Իսկ ինչո՞վ է պայմանավորված այդ շահագրգռությունը: Ինչո՞ւ Մինսկի խմբի 12 տարիների աշխատանքը չի բավարարում Եվրոպային: – Եվրոպան Հարավային Կովկասը՝ «Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում, հայտարարեց իր ռազմավարական հետաքրքրությունների շրջան: Սա զուտ Եվրոպայի խնդիրն է, որին չի հետաքրքրում, թե ինչ է մտածում ԱՄՆ-ն կամ ՌԴ-ն: Այս փաստաթուղթը, ըստ էության, հավաքական Եվրոպայի քաղաքական մոտեցումն է, այն էլ այս ձեւակերպումներով: Եվ որպեսզի տարածաշրջանում Եվրոպան պատասխանատու դերակատարում ունենա՝ նախեւառաջ դա պետք է դրսեւորվի կոնֆլիկտների կարգավորման գործում: Առաջին հերթին՝ ղարաբաղյան, որովհետեւ այն գենետիկորեն տարբեր է: ԵԱՀԿ-ում հարցը լուծում կստանա միայն կոնսենսուսի հիման վրա: Այն դատապարտված է միշտ հաշվի նստել կողմերի, այդ թվում նաեւ՝ քաղաքական քմահաճույքների հետ: «Կոնսենսուս-1»-ն այս պարագայում չի ստացվի (Հարավսլավիայի տարբերակը): Փաստորեն, Եվրոպան հայտնվում է հիմար իրավիճակի առջեւ՝ հարցը ԵԱՀԿ մանդատի ներքո է, որտեղ որոշում չի կարող կայացվել, որովհետեւ կողմերը երբեք հաշտության չեն կարող գալ: Ի՞նչ անել. իհարկե փոխել որոշումների կայացման մոտեցումը՝ հարցը տանել խորհրդարանական կառույց, որտեղ որոշումները կայացվում են մեծամասնության միջոցով: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել