Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ

Փետրվար 05,2005 00:00

ԱԺ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԷԼԻ ԽԱԽՏՎԵՑ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ հետաձգեց նախորդ նստաշրջանը բոյկոտած ընդդիմադիր 24 պատգամավորների բացակայությունների հարցի քննարկումը: Հիշեցնենք, որ քվեարկությունների կեսից ավելին բացակայած այլ պատգամավորներ՝ Գագիկ Ծառուկյանը, Լեւոն Սարգսյանը եւ այլք, բժշկական կամ այլ փաստաթղթեր էին ներկայացրել, եւ նրանց բացակայությունները համարվել էին հարգելի: Իսկ ընդդիմադիրների բացակայությունների հարցի քննարկման հետաձգման հայտարարված պատճառն այն էր, որ ԱԺ կանոնակարգի փոփոխությունները, որոնցով փորձ է արվել կանոնակարգել օրենսդրական աշխատանքի բոյկոտը, պաշտոնապես հրապարակվել են հունվարի 31-ին եւ ուժի մեջ կմտնեն փետրվարի 9-ին: Պետաիրավական հանձնաժողովը նպատակահարմար համարեց քննարկումը հետաձգել նաեւ այն պատճառով, որ ընդդիմադիրները ներկա չէին նիստին, թեեւ նախօրոք պաշտոնապես ծանուցվել էին: Այս հետաձգմամբ, սակայն, խախտվեց ԱԺ կանոնակարգը, որի համաձայն՝ մինչ նստաշրջանի սկիզբը պետաիրավական հանձնաժողովը պետք է քննարկի նախորդ նստաշրջանից բացակայությունների հարցը եւ առաջին լիագումար նիստի քննարկմանը ներկայացնի համապատասխան եզրակացություն ու որոշման նախագիծ: Եվ կանոնակարգի այս դրույթը հիշեց ոչ միայն դրա հեղինակը՝ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, այլ նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Վերջինս նշեց. «Կարծում եմ, կար կանոնակարգի խախտում: Բայց որովհետեւ նաեւ բացակայողների եւ հանձնաժողովի միջեւ կա վեճ հին եւ նոր կանոնակարգերի վերաբերյալ, փորձեցինք վեճը սահմանափակել նրանով, որ հանձնաժողովի հաջորդ նիստին նորից անդրադառնանք խնդրի քննարկմանը»: Նշենք նաեւ, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը հանձնաժողովի անդամներին հայտնեց, թե ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն իրեն տեղեկացրել է, որ կոալիցիան է որոշել հետաձգել տվյալ հարցի քննարկումը: «Շառը մի՛ գցեք կոալիցիայի վրա: Մենք նման որոշում չենք կայացրել»,- պատասխանեց Գալուստ Սահակյանը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել