Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՎԱՆԴՆԵՐԻ

Փետրվար 05,2005 00:00

ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԳՆԱՑ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ Խնդիրը հերթական անգամ հետաձգվեց Երեկ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում ներկայացրեց այն ամենը, ինչով պատրաստվում է զբաղվել երկրի օրենսդիր մարմինը գարնանային նստաշրջանի ընթացքում: Ասուլիսից հետո խմբագրություն վերադարձա պատգամավորներից մեկին պատկանող «գծի» երթուղային տաքսիով եւ ուղեւորների խոսակցություններից հասկացա, որ այն, ինչով պատրաստվում է զբաղվել երկրի օրենսդիր մարմինը, ամենեւին էլ չի հետաքրքրում շարքային քաղաքացուն: Մասնավորապես, չի հետաքրքրում, որ խորհրդարանը զբաղվելու է սահմանադրական փոփոխություններով, «Ընտրական օրենսգրքով», Երեւանի մասին նոր օրենքի ընդունմամբ եւ այլն: Ուղեւորներին չէր հետաքրքրում նաեւ այն գաղափարը, որ պետությունը պետք է աջակցի 3-4 երեխա ունեցող ընտանիքներին՝ իբր եղածներին շա՞տ ենք կարողանում պահել, որ հիմա էլ պետության աջակցությամբ նորերն ունենանք: Մի փոքրիկ հարցում կատարելով ուղեւորների շրջանում՝ պարզեցի, որ մարդկանց քիչ թե շատ հետաքրքրում է ավանդների վերադարձման հարցը, սակայն բոլորն էլ թերահավատ էին եւ վստահ, որ ՀՀ նախագահի հրամանը՝ ավանդների վերադարձման հարցերն ուսումնասիրող աշխատանքային խումբ ստեղծելու մասին, հարցը իրականում մեռցնելու եւ թաղելու միտում ունի, քան՝ լուծելու: Նույնի մասին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը բոլորովին հակառակ կարծիքի է: Նույնիսկ այն, որ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական գնահատական տվեց մեծ օրակարգում ընդգրկված ավանդների վերադարձման մասին միակ օրինագծին («Արդարություն» խմբակցություն, հեղինակ՝ Վ. Դալլաքյան), ԱԺ նախագահը հասկանում է. «ՕԵԿ խմբակցությունը ներկայացնող պատգամավորները կոնստրուկտիվ մոտեցում ցուցաբերեցին եւ հետաձգեցին իրենց նախագիծը, ակնկալվում էր, որ ընդդիմությունը նույնպես կհետաձգեր իր նախագիծը՝ մինչեւ համապատասխան հանձնաժողովի գործունեության ավարտը: Իսկ եթե նրանք այդքան նախանձախնդիր են այդ հարցում, բա երկու տարի է ասում ենք՝ եկեք վերադարձնենք այս ժողովրդի գումարները: Եվ լավ կլիներ, որ այն մարդիկ, ովքեր այսօր պնդում են, այն ժամանակ նույնչափ հետեւողականություն ցուցաբերեին եւ գային ավանդները վերադարձնելու։ Ես, որպես ԱԺ նախագահ, եւ այն կուսակցությունը, որ ներկայացնում եմ ես՝ ՕԵԿ-ը, պայքարել եւ պայքարելու է ավանդների վերադարձման համար: Եվ հիմա շատ բարենպաստ իրավիճակ է այն իմաստով, որ պրոֆեսիոնալների խումբը կաշխատի, եզրակացությունը կներկայացնեն, այդ օրենքը կլինի, միեւնույն է, եթե հունիսի մեկին վերջացավ, օրենքը ընդունելու դեպքում ավանդները չէինք կարող վերադարձնել բյուջետային տարվա կեսից»: Ըստ Արթուր Բաղդասարյանի, խնդիրն այսօր սրելը ընդդիմության կողմից ունի սոսկ քաղաքական դրդապատճառներ, ինչը «մենք ճիշտ չենք համարում. դրա համար մենք դեմ չենք քվեարկելու ավանդների հարցին, մենք դեմ ենք քվեարկելու այդ պատրվակին»: Այսպիսով, արդեն այսօր հայտնի դարձավ, որ երկուշաբթի, երբ բացասական գնահատական ստացած ավանդների մասին օրինագիծը, ըստ ԱԺ կանոնակարգի, քվեարկությամբ կորոշվի՝ օրակագ մտցնե՞լ թե՞ ոչ, դեմ կքվեարկեն ոչ միայն ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն, այլեւ ՕԵԿ-ը։ Ընդդիմության առաջարկած սահմանադրական փոփոխություների մասին սկզբունքների մերժումը կոալիցիայի կողմից ԱԺ նախագահը մերժում չի համարում. «Կոալիցիան իր հայտարարության մեջ վերահաստատել է իր քաղաքական կամքը եւ պատրաստակամությունը՝ համատեղ քննարկումների միջոցով իրականացնել սահմանադրական բարեփոխումները»: Հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը չի պատրաստվում բանակցել որեւէ քաղաքական կուսակցության հետ. «Մեզ համար առաջնայինը լինելու է ՏԻՄ ընտրություններն անցկացնել բաց, թափանցիկ, հրապարակային, որ 2006-ի հունվարին նորից այստեղ չհավաքվենք ու չասենք՝ ԵԽ-ն ինչո՞ւ վատ բանաձեւ ընդունեց: Դրա համար մի անգամ մենք՝ բոլոր քաղաքական ուժերս, պետք է համաձայնության գանք արդար ընտրություններ անցկացնելու շուրջ»: «Առավոտը» մեկ հարց ուներ՝ ո՞րն է, ըստ ԱԺ նախագահի, Հայաստանի ներքաղաքական կյանքի թիվ մեկ խնդիրը: Արթուր Բաղդասարյանի պատասխանը ստացվեց ինքնաբերաբար. «Շատ դժվար հարց եք տալիս. գիտե՞ք, մի շատ լավ խոսք կա՝ մի վիճեք հիմարների հետ, մարդիկ կարող են չնկատել ձեր տարբերությունը: Կուզենայի, որ մեր քաղաքական դաշտում կոնստրուկտիվիզմը, բաց, հանդուրժող քննարկումները ավելի շատ տեղ գտնեին, որովհետեւ այսօր մեր քաղաքական դաշտի լրջագույն պրոբլեմներից մեկը անհանդուրժողականությունն է, չարությունը, նախանձը, իրար կոկորդ կրծելը: Եվ երբ 300 հազար քառակուսի կիլոմետր տարածքից Հայաստանը դարձել է 29 հազար 800 քառակուսի կիլոմետր, դրա պատճառը շատ հաճախ անհանդուրժողականությունն է, ինքնասիրահարվածությունը, չարությունը եւ այլն»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել