Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ «ԳՈԶԱԼ ՅԱՐ» ՉԵՐԳԵՆ

Փետրվար 05,2005 00:00

«Առավոտը»
հյուրընկալել էր «Վիստա» ստեղծագործական կենտրոն ՀԿ-ի «Արծաթե բանալի» մանկական ծրագրի
հեղինակ եւ գեղարվեստական ղեկավար Գոհար Սարգսյանին: Նշենք, որ այս ծրագիրը
արդեն տասը տարի հեռարձակվում է Հանրային հեռուստատեսությամբ: Ավելի քան 30 տարվա
փորձ ունեցող արվեստագետը հանդես եկավ կոնկրետ՝ մանուկների գեղագիտական, մասնավորապես՝
երաժշտական դաստիարակության հարցերին վերաբերող առաջարկություններով: Մեր
զրուցակիցը նախ կարեւորեց ծնողների դերն այս հարցում. «Յուրաքանչյուր ծնող, տատիկ
կամ պապիկ, ունենալով որոշակի գեղագիտական ճաշակ, այն թելադրում է երեխային: Եվ,
ինչպես ժամանակն է ցույց տալիս, արդյունքում երեխան ընկալում է, սովորում ոչ իր տարիքին
հարիր երգեր»: Ըստ Գ. Սարգսյանի, պատճառը մեկն է՝ մեծահասակների ձեռքի տակ չկա համապատասխան
մանկական երաժշտական գրականություն: Նա հիշեց 90-ականների սկիզբը, երբ կոմպոզիտոր
Արեգ Լուսինյանը համապատասխան մանկական ժողովածուներ տպագրելու համար փորձ էր արել
փնտրել պետական հովանավորություն. «գործը առայսօր առաջ չի գնացել»: Մեր հարցին՝ ստացվում
է՝ պետք է ձեռքերը ծալել ու նստե՞լ, տիկին Սարգսյանը պատասխանեց. «Երբ այդ խոհանոցը
անգիր գիտես, պարզապես չես էլ ուզում փորձ անել այնտեղ մտնելու»: Երեւի սա է պատճառը,
որ կոմպոզիտորի հեղինակած մանկական երգերի երկու ժողովածուները ձայներիզներով՝ սուսուփուս,
ասել է թե՝ առանց շնորհանդեսների ու նման միջոցառումների, իր նախաձեռնությամբ անվճար
բաժանվել են հանրապետության գրադարաններին, մանկապարտեզներին, դպրոցներին: Զրույցից
տեղեկացանք, որ տեւական ժամանակահատված «սուսուփուսի» տարբերակով «Արտ Բրիջի» տնօրենի
հետ նա իր մանկական երգերը հասցրել է Դիլիջան, Դսեղ, Գորիս եւ այլուր, նույնիսկ Ախալցխա:
Ի դեպ, նշված վայրերում նվիրատվությունները զուգորդվել են «Արծաթե բանալի» մանկական
ստուդիայի սաների ելույթներով: Գ. Սարգսյանը գտնում է, որ երեխաների գեղագիտական
զարգացման ճիշտ կազմակերպման հարցում պետք է վերականգնվի նախկին մեթոդ-կաբինետների
գործունեությունը. «Գոնե այդ կաբինետները նախադպրոցական ու դպրոցական հիմնարկներ
էին հասցնում այս կամ այն գրականությունը, կազմակերպում ուսուցիչների հետ դասընթացներ:
Եթե դու նույնիսկ կազմակերպության անդամ ես, դժվար է առանց հովանավորի գործունեություն
ծավալել հանրապետության մասշտաբով»: Մեր դիտարկմանը՝ հանրապետությունում գործում
են տարբեր մանկական գեղագիտական կենտրոններ, ինչո՞վ է տարբերվում ձերը մյուսներից,
տիկին Սարգսյանը ասաց. «Առաջին հերթին ընթանում է ուսուցման պրոցես, որի շարունակությունը
բեմն է, անկախ այն բանից՝ քաղաքո՞ւմ, թե՞, օրինակ, Խնձորեսկ գյուղում: Երբեք չենք
սերմանում շոու կամ շոու-բիզնես հասկացությունները: Ժամանակը կգա, երբ երեխան կհասկանա,
որ ինքն արդեն ինչ-որ բանի կրող է»: Ըստ մեր զրուցակցի, որպեսզի երեխան իր՝ «ինչ-որ
բան» կրելը գիտակցի, մանկուց է անհրաժեշտ ու պարտադիր համապատասխան ծրագրով առաջնորդվել.
«Երեխայի աճը մինչեւ պատանեկություն, նրա կողմից գեղեցիկի ճիշտ ընկալումը կգա նույնիսկ
ինքնաբերաբար, համապատասխան դաստիարակության դեպքում (նկատի ունի թեմատիկ, ճանաչողական
բնույթի երգերը- Ս.Դ.), որը պետք է կազմակերպվի պետականորեն՝ նախադպրոցական եւ դպրոցական
հիմնարկներում: Մանավանդ վերջիններս պետբյուջեից են ֆինանսավորվում»: Վերջերս
բացված learnarmenian.com կայքի childrens songs բաժնում տեղադրված են Գ. Սարգսյանի
մանկական երգերի երկու ժողովածուներ, որոնք արդեն ունեն արձագանքներ Բաղդադի, Սոֆիայի,
Իսրայելի հայ համայնքներից: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել