Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԱԹՈՌԱԿՌԻՎ

Փետրվար 05,2005 00:00

Մեր դատախազը սփյուռքահայերից պակաս «շուստրի» չի

Փետրվարի 1-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին են դիմել Լիբանանի քաղաքացի Մելքոն Մաջարյանը, նրա ներկայացուցիչ, փաստաբան Արման Հովհաննիսյանը: Բողոք-դիմումի մեջ շոշափվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի օգնական Զորիկ Հովհաննիսյանի գործունեությունը, մասնավորապես՝ Լիբանանի քաղաքացիներ, ամուսիններ Մելքոն Մաջարյանին եւ Նարինե Գրիգորյանին բարոյական եւ ֆինանսական վնասներ հասցնելու հարցը: Ըստ բողոքողների, իրենք առնչվել են դատախազի օգնականի հետ՝ 2002-ի սեպտեմբերից եւ լավ հարաբերություններ ունեին նրա հետ: Զ. Հովհաննիսյանը Մաջարյանից տեղեկանալով, որ նա արտասահմանում ունի որոշակի գումար, սակայն չի կարող Հայաստանից մեկնել այդ գումարները ստանալու համար միջոցներ չունենալու պատճառով, օգոստոսի 25-ին Մ. Մաջարյանին հրավիրում է իր աշխատասենյակ, պարտքով տալիս $2500: Որպես փոխհատուցում Հովհաննիսյանը Մաջարյանից խնդրում է գումարները ստանալուց հետո իր համար գնել ատամնաբուժական աթոռ, որն արժեր $2500: Լիբանանցին պատվիրում է աթոռը՝ մուծելով կանխավճար, սակայն Երեւան տեղափոխումն ուշանում է: «2003-ի դեկտեմբերի 28-ին Զ. Հովհաննիսյանը հեռախոսով անպատվում է Լիբանանում գտնվող Ն. Գրիգորյանին, ասում, որ Մաջարյանը ոչ մի աթոռ չի պատվիրել, հայհոյանքներով վախեցնում, թե Մելքոնին կնստեցնի, երեխային մանկատուն կհանձնի, ծնողներին՝ ծերանոց, բնակարանը կառգրավի, որից հետո ամուսինները ծնկաչոք կգնան իր մոտ, $10000 կտան, որ ներում ստանան»,- «Առավոտին» այդպես է գործը ներկայացնում Մելքոն Մաջարյանի լիազոր ներկայացուցիչ Արման Հովհաննիսյանը: Հեռախոսազրույցի ժամանակ Ն. Գրիգորյանը տեղեկանում է, որ իբր իրենց՝ ամուսինների նկատմամբ հարուցված է քրեական գործ, իսկ ձերբակալումն էլ օրերի հարց է: Ն. Գրիգորյանին իրոք հրավիրում են Արաբկիրի դատախազություն եւ դատախազի օգնական Ավետիսյանը հայտնում է, որ «ամուսինները մեղադրվում են Զ. Հովհաննիսյանից խարդախությամբ գումարներ հափշտակելու մեջ»:

2004-ի հունվարի 26-ին ատամնաբուժական աթոռը առոք-փառոք տեղ է հասնում, մաքսազերծման փաստաթղթային ձեւակերպումն էլ դատախազի օգնականը կատարում է իր ընկերոջ՝ Գագիկ Ավետիսյանի անունով: Մաքսազերծումը կազմում է $1250: Այդ գործարքից հետո Արաբկիրի դատախազությունը հրավիրում է Ն. Գրիգորյանին՝ «առերես հարցաքննության»: Առերես հարցաքննողը, հարցաքննվողը եւ առերեսման կազմակերպիչը Զ. Հովհաննիսյանն էր (երեքը՝ մեկում) ու Ն. Գրիգորյանը, նրանցից բացի ոչ ոք ներկա չի եղել: Այդ ամենի կապակցությամբ Նարինե Գրիգորյանը բողոք է ներկայացնում համայնքի դատախազին, սակայն պատասխան չի ստացվում: 2004-ի փետրվարի 2-ին Հայաստան է գալիս Մելքոն Մաջարյանը, «առերեսված» Զորիկ Հովհաննիսյանը նրան տալիս է $1100, որպեսզի եւս մեկ հատ ատամնաբուժական աթոռ բերվի: Մ. Մաջարյանը ուղեւորվելով Սիրիա՝ պատվիրում է երկրորդ աթոռը «Ասաֆո» ընկերությունում, եւ դարձյալ տեխնիկական պատճառներով ուշանում է աթոռի տեղափոխումը: Լիազոր ներկայացուցիչ Ա. Հովհաննիսյանի պնդմամբ, Զ. Հովհաննիսյանը այդ նույն ժամանակաընթացքում շարունակ այցելել էր Ն. Գրիգորյանի ծնողների բնակարան, վախեցնելով ասել, որ նրանց աղջիկը գտնվում է հետախուզման մեջ, անգամ ցույց տալով ամուսինների նկարները, ասել է, որ դրանք տրամադրելու է Ինտերպոլին: Ըստ գլխավոր դատախազին ուղղված նամակի, Ն. Գրիգորյանի հիվանդ մայրը, շաքարի տոկոսի բարձրացման պատճառով, օգոստոսի 24-ին ինսուլտով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն եւ 5 օր անց ինֆարկտից մահացել:

Մաջարյանը 8 ամիս գտնվել է արտերկրում եւ 2004-ի դեկտեմբերի 29-ին վերադարձել է Երեւան՝ համոզվելով, որ իր նկատմամբ ոչ մի հետախուզում չկա: Այս տարվա հունվարի 30-ին Զ. Հովհաննիսյանը զանգել է Ն. Գրիգորյանի հոր բնակարան եւ երբ լսել է Մ. Մաջարյանի ձայնը, առաջին ռեակցիան եղել է այն, թե ինչպես է, որ օդանավակայանում չի բռնվել եւ բարեհաջող ժամանել է Երեւան: Ըստ դիմումատուների, Զ. Հովհաննիսյանը Մաջարյանին տվել է $3600, իսկ աթոռի ներմուծման համար ամուսինները ծախսել են $6000: Տոմսերի արժեքը կազմում է $250, բնակվելու ծախսերը՝ օրական $20: Մաջարյանների ընտանիքը գտնում է, որ դատախազի օգնականը չարաշահել է պաշտոնեական դիրքը, իրենց պատճառվել է բարոյական եւ նյութական մեծ վնաս:

Երեկ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար պարոն Չիթչյանը մեր այն հարցին, թե արդյո՞ք կա Լիբանանի քաղաքացիների գրավոր դիմումը՝ կապված Զ. Հովհաննիսյանի հետ, ասաց, որ այն ստացվել է, պաշտոնապես մուտքագրվել է, սակայն դեռ չի մակագրվել որեւէ մեկին: Երեկ մենք պաշտոնապես դիմել ենք նաեւ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազություն, փորձում էինք ստանալ Զորիկ Հովհաննիսյանի բացատրություններն այս առնչությամբ, սակայն մեզ պատասխանեցին, որ նա երկու ամիս է՝ ինչ դուրս է եկել դատախազությունից:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել