Այստեղ
գործ փնտրողների խնդիրները՝ նույնպես Մինչեւ անցյալ տարվա գարունը օրավարձով
սեւ աշխատանք փնտրողները հավաքվում էին «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ: Անցորդները
վարժվել էին նրանց, գործ պատվիրողները՝ նույնպես: Շուրջ տասը ամիս առաջ կինոթատրոնի
շրջակա տարածքն ազատեցին՝ ավտոկանգառ կառուցելու նպատակով: «Ֆայլաբազարը», այլ տեղ
չգտնելով, տեղափոխվեց Ագաթանգեղոսի փողոցով ցած՝ դեպի կրկես: Այդ օրվանից էլ հալածանք
սկսվեց նրանց դեմ: Փողոցի երկու մայթերով ձգվող մարդկանց կուտակումները խանգարում
են անցորդների ազատ տեղաշարժին: Վերջիններս ակամա լսում են ինչ-որ բանից շարունակ
դժգոհ տղամարդկանց հայհոյանքը, ականատես դառնում նրանց կռիվներին: Սակայն հալածանքի
հեղինակները նրանք չեն, այլ փողոցի աջ եւ ձախ հատվածներում տեղակայված հիմնարկների
աշխատողները: «Առավոտից կանգնած են մինչեւ ուշ երեկո: Ամբողջ օրը բարձր խոսում են,
կռվում, հայհոյում: Էլ չասեմ, որ տղամարդիկ են՝ թքում են, աղբ թափում, ողջ օրը կանգնած
են՝ աղբարկղ չկա, զուգարան չկա: Ես մտնում եմ իրենց դրության մեջ՝ լավ օրից չէ, որ
պատերի տակ սպասելով են փող աշխատում: Բացի այդ, բոլորն էլ ազատ քաղաքացիներ են ու
որտեղ ուզեն, այնտեղ էլ կկանգնեն կամ կհավաքվեն: Բայց մե՞նք ինչ անենք: Արտերկրից
հաճախ հյուրեր ենք ունենում, նաեւ՝ հայ, անհարմար վիճակի մեջ ենք հայտնվում»,- դժգոհեց
«Օլիմպիա գրուպ» կազմակերպության աշխատակազմի ղեկավար Անահիտ Ալոյանը: Երբ
փորձեցինք զրուցել «ֆայլաբազարում» աշխատողների հետ, նախ հանդիպեցինք նրանց ագրեսիվ
թշնամանքին, հետո «սրտները բացեցին»: Այստեղ գործ փնտրողները 10-15 տարվա «ֆայլաբազարային»
կենսագրություն ունեն: Հիմնականում արհեստավորներ են, բայց կան նաեւ բարձրագույն
կրթությամբ մարդիկ: Մեկն էլ ոստիկան էր եւ այստեղ էր գալիս հերթապահությունից ազատ
օրերին: Տարիների ընթացքում նրանց կազմն աստիճանաբար «ջահելացել» է: Ավելին,
սեւագործության համար ամեն առավոտ «էլեկտրիչկաներով» այստեղ են գալիս գրեթե բոլոր
մոտիկ բնակավայրերից՝ Չարենցավանից, Վանաձորից եւ այլն: Իսկ վաստակը բախտի բան է,
կարող են նաեւ դատարկաձեռն վերադառնալ: Այդ է պատճառը, որ մարդիկ ստիպված են մայթից
մայթ վազել՝ «կլիենտ չփախցնելու» համար, իսկ շատ անգամ էլ նույն պատճառով կռվշտել
միմյանց հետ: Բայց միջին հաշվարկով «տուն պահել լինում է, եթե թողնեն»: Ո՞վ չի թողնում.
պարզվում է՝ ոստիկանները: «Լույսը չբացված՝ գալիս են, ամենաքիչը չորս-հինգ հոգու
բռնում-տանում են քաղմաս, 2000-ով տուգանում ու բաց թողնում: Էս մայթն իրենց սեփականությո՞ւնն
է, մեզ կանգնել չի՞ կարելի: Ի՞նչ վատ բան ենք անում, ոչ մեկից ոչինչ չենք ուզում,
մեր հացն ենք վաստակում: Բա գնանք գողությո՞ւն անենք, որ մեր ընտանիքները պահենք»,-
բողոքեցին արհեստավորները: Մեր զրույցի ընթացքում դիմացի մայթին հայտնվեցին երկու
ոստիկան, ըստ զրուցակիցներիս՝ իրենց «հոգեառները»: Սակայն մայթն անցնել ու նրանցից
պարզաբանում ստանալ չհաջողվեց՝ մասնագիտական հոտառությամբ զգալով մարդկանց խմբվելու
բուն «թեման», նրանք արագ հեռացան: Զրուցակիցներս նույնիսկ կատակով ասացին, որ «լրագրող
պիտի պահենք մեզ մոտ, որ դրանցից պրծնենք»: Անշուշտ, «ֆայլաբազարով» վաստակած
հացը հեշտ չի տրվում, երբեմն էլ՝ «քթներից է գալիս»: Բայց աշխատանք ունենալու համար
զբաղվածության կենտրոններին չեն դիմում, ոչ էլ՝ շինարարական կազմակերպություններին:
Առաջինները, որպես կանոն, ցածր վաստակով տեղեր են առաջարկում, երկրորդներն էլ՝ «բանվորի
հաշվին իրենք են հարստանում»: Մնում է նրանց համար հարմար տեղ գտնել, որտեղ ոչ մեկին
չեն խանգարի ու չեն հալածվի: Օրինակ՝ դատարկ ու այդպես էլ չգործածվող գետնանցումներում:
Այս փողոցից հեռանալը, ի դեպ, զրուցակիցներիս սրտով չէր՝ «պատվիրատուներն այս տեղին
են սովոր»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ