Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում գերեզմաններ են թալանվում

Փետրվար 05,2005 00:00

Երկաթ-ալյումինի բիզնեսով զբաղվողները
նոր «հանքավայր» են հայտնաբերել Գյումրեցիներից շատերը վկայում են, որ
գերեզմանոցի գողերը հարուստ ու աղքատ մեռելներին անգամ չեն տարբերակում. հավասարաչափ
վշտացնում են ինչպես քաղաքի «անվանի տղեքին», այնպես էլ «անանուններին»: Իրենց դժգոհությունը
անեծքով սկսեցին Ստրոյմաշ գործարանի դիմացի թիվ 1 գերեզմանատանը թաղված Վարդուշ եւ
Ստեփան Գալոյանների հարազատները, որոնք ահազանգել էին մեր խմբագրություն՝ գերեզմանատան
տնօրինությանը «մի լավ խայտառակ անելու համար»: Նրանց ասելով, օրերս հանգուցյալների
շիրիմները գտել են ամբողջապես թալանված, գողերը թռցրել են մոտ 200-300 դոլար արժողությամբ
դյուրալյումինե ցանկապատն ու դարպասը, որը պրոֆեսիոնալ վարպետի ձեռքի գործ էր: Հարազատները
պնդում են, որ գողությունը կատարվել է փուլ առ փուլ (սկզբում ցանկապատի մի մասն են
տարել): Նրանք հավաստիացնում են, որ առաջին իսկ պահից տեղյակ են պահել տնօրինությանը:
Իսկ հիմա «հարյուր տոկոսով» համոզված են, որ հերթը հասել է սեւ մարմարյա տապանաքարին,
քանի որ գողերը վրան սպիտակ ներկով նշան են արել: «Ամբողջ կյանքս չկերա- չխմեցի՝
գերեզման սարքեցի, որ քարուքանդ էնեն ու ծախծխե՞ն»,- բողոքում էր Վարդուշ Գալոյանի
դուստրը՝ 70-ամյա Անժիկ Գալոյանը, նշելով, որ այժմ «քոռ կոպեկ» անգամ չունի պապական
գերեզմանոցում քարը քարին դնելու: Ի դեպ, վերջիններս այնքան զայրացած էին, որ սկսել
էին ներողամտորեն արտահայտվել գերեզմաններից թարմ ծաղիկ թռցնողների հասցեին. սրանք
էլ իրենց հերթին ծաղկեպսակի բիզնեսով զբաղվողներն են: Պարզաբանումներ ստանալու
նպատակով բողոքավոր կողմի հետ դիմեցինք գերեզմանատան նորանշանակ վարիչ Ռեխմիկ Ոսկանյանին:
Վերջինս հատուկ շեշտեց, որ այս պաշտոնը զբաղեցնում է անցած տարվա հոկտեմբերից, չնայած
վստահեցրեց, որ գողերը 3 տարի շարունակ ակտիվ գործունեության մեջ են: Ռեխմիկ Ոսկանյանն
արդարանում է, որ իրենք պահակի հատուկ հաստիք չունեն, եթե ունենային էլ՝ չէին կարողանա
հսկա տարածքը վերահսկել, մանավանդ որ՝ քաղաքի Ստրոյմաշ, Ավտոկայան եւ հարակից այլ
թաղերը միմյանց կապող ճանապարհն անցնում է գերեզմանատան միջով: Այդ դեպքում որո՞նք
են գերեզմանատան վարիչի գործառույթները մեր հարցին պարոն Ոսկանյանը պատասխանեց. «Համենայնդեպս,
ես չեմ կարող գիշերները ստեղ լեժանկա բացել ու գող բռնել»: Նա բողոքավորին մխիթարելու
համար ցույց տվեց քաղաքի մի քանի անվանի մարդկանց հարազատների գերեզմանները, որոնք
եւս թալանված էին: «Եթե լուսավոր ճամփի վրայի գերեզմանն են թալանում, ընդ որում՝
միլիցու պապի, ուրեմն քոնը կթալանեն ու կթալանեն»,- բողոքավորին «մխիթարում» էր գերեզմանատան
վարիչը` խորհուրդ տալով դիմել իրավապահ մարմիններին: Պարզվում է, շատերն են հետեւել
այս խորհրդին: Շիրակի մարզի դատախազությունից «Առավոտին» տեղեկացրին, որ Գյումրիի
թիվ 1 գերեզմանատնից ալյումինե ճաղավանդակներ ու ճաղանախշեր գողանալու համար Գյումրիի
բնակիչ, նախկինում դատված 29-ամյա Գոռ Խաչատրյանի դեմ Շիրակի մարզային քննչական բաժնում
դեկտեմբերի 6-ին հարուցվել է քրեական գործ: Այն հետագայում ուղարկվել է Շիրակի մարզի
դատախազություն: Քննությամբ պարզվել է, որ վերջինս նշված գերեզմանատնից կատարել է
նմանատիպ բազմաթիվ գողություններ: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել